ԹԻՀԿ-ը նոր հարցում է ուղարկել քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանից անդրադարձել են ԹԻՀԿ հարցմանը՝ կապված Երևանի 2023 թ․ սեպտեմբերի 17-ի ընտրություններով ձևավորված ավագանու անդամների մինչև օրս տեղի ունեցած նիստերին հաճախելիությանը և հարակից հարցերին։ Այդուհանդերձ, ներկայացված տեղեկության վերլուծության արդյունքում առաջացել է լրացուցիչ պարզաբանումների կարիք, ուստի ԹԻՀԿ-ը կրկին դիմում է քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն ներքոհիշյալ հարցերի վերաբերյալ։
- Հաշվի առնելով այն, որ ավագանու 18.06.2009 թվականի թիվ 1-Ն որոշման 39-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերից մեկը ավագանու նիստերից անհարգելի բացակայությունն է՝ խնդրում ենք հստակեցնել, թե քվեարկության գրանցումների արձանագրումից զատ ինչպիսի ընթացակարգով են ֆիքսվում/արձանագրվում ավագանու անդամների հաճախումները ավագանու նիստերին: Նաև խնդրում ենք նշել, թե ինչպես են արձանագրվում ավագանու անդամների ելույթները, հարցերը և մասնակցությունը հանձնաժողովների նիստերին:
- Երևանի ավագանու անդամների կողմից պարզաբանումների կամ այլ հիմքերի/հիմնավորումների/ընթացակարգերի բացակայության պայմաններում խնդրում ենք հստակեցնել, թե ինչ սկզբունքով կամ եղանակով է որոշվում ավագանու անդամների՝ նիստերից, քվեարկություններից կամ հանձնաժողովների նիստերից բացակայությունների հարգելի կամ անհարգելի լինելը:
- Ձեր տրամադրած տվյալների ուսումնասիրությունից պարզվում է, որ տեղի ունեցած բոլոր 4 նիստերից բացակայել և թվով 42 քվեարկության չեն մասնակցել ավագանու հետևյալ 5 անդամները՝ Հայկ Մարությանը, Զարուհի Փոստանջյանը, Արտակ Գալստյանը, Թաթուլ Պետրոսյանը և Տիգրան Ուրիխանյանը: Երևանի ավագանու 2024 թվականի փետրվարի 7-ի նիստին քվեարկության է դրվել մանդատից զրկելու վերաբերյալ որոշում ավագանու 5 անդամի, որոնց մեջ, սակայն, ներառված չեն եղել վերոնշյալներից վերջին երեքը (Ա. Գալստյան, Թ. Պետրոսյան և Տ. Ուրիխանյան)։ Խնդրում ենք պարզաբանել, թե ինչ հիմքով է կազմվել լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ ավագանու անդամների ցանկը: Ինչու՞ ներառված չեն եղել Ա. Գալստյանը, Թ. Պետրոսյանն ու Տ. Ուրիխանյանը, և ի՞նչ հիմքով են ներառվել Ն. Հայրապետյանը, Ս. Աղեկյանը և Գ. Ստեփանյանը:
- Խնդրում ենք հստակեցնել, թե որոնք են «այլ նորմատիվ ակտերը», որոնցով կարգավորվում են մեր բարձրացրած հարցերը, մասնավորապես՝ Երևանի ավագանու անդամների բացակայությունները հարգելի/անհարգելի գնահատելու չափանիշները, դրանց համապատասխանության գնահատման մեթոդը, բացակայությունները հաշվառող, հարգելիությունը/անհարգելիությունը գնահատող և համապատասխան ռեեստրը վարող կառույցի/ստորաբաժանման/պաշտոնյայի վերաբերյալ տեղեկությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Երևանի ավագանու որոշմամբ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և ավագանու ընդդիմադիր մի շարք անդամներ զրկվեցին ավագանու անդամի մանդատից։