Անահիտ Խաչատրյանի սկեսրայրը` սկսած 1960-ականներից, տիրապետել է Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի 52 հասցեում գտնվող ավելի քան 1500 քմ հողատարածքը: Նրա և նրա ընտանիքի անդամների ջանքերով ամայի տարածությունը վեր է ածվել մրգատու այգու, վրան էլ տուն է կառուցվել: 2003թ. սկսած Խաչատրյանների ընտանիքը դիմել է իրավասու պետական մարմիններին այդ հողատարածքը սեփականացնելու խնդրանքով, սակայն, բախվելով բյուրոկրատական-կոռուպցիոն համակարգի հարուցած արգելքներին, հարցը մնացել է չլուծված: Չորս տարի անց միայն` 2007թ. նոյեմբերի 23-ին, Խաչատրյանների ընտանիքին հաջողվել է Անահիտ Խաչատրյանի անունով (սկեսրայրն այդ ընթացքում մահացել է) սեփականաշնորհել տարածքի մի մասը` 466 քառ. մ. և տունը: Հողամասի մնացած` մեծ մասը Երևանի քաղաքապետը ուղղակի վաճառքով վաճառել է ՀՀ ՊՆ աշխատակից ոմն Խաչիկ Դավթյանի, որն էլ հետագայում վերավաճառել է «Փայտգրիգ» ՍՊԸ-ին:

Այս ընթացքում, 2007թ. հուլիսի 29-ին, այգին ապօրինի ծառահատվել է և գույքն էլ հափշտակվել ու վնասվել: Հանցանքի առիթով քրեական գործ հարուցվել է միայն 2008թ. հունվարի 23-ին` դեպքից գրեթե 6 ամիս անց: Անահիտ Խաչատրյանը գործում ընդգրկվել է որպես վկա և ոչ թե տուժող, չնայած որպես տուժող հանդես գալու համար բազմիցս դիմել է նախաքննական մարմնին: Փոխարենը տուժող է ճանաչվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը:

Տիկին Խաչատրյանին տուժող ճանաչվելու վերաբերյալ ՇՊԱԿ-ի աջակցությամբ դիմում է հղվել ՀՀ զինդատախազություն, ինչը մերժվել է, իսկ մերժումը բողոքարկվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Որպես տուժողի ներկայացուցիչ հանդես եկող` ՇՊԱԿ-ի իրավաբանի մասնակցությամբ կայացած դատավարության արդյունքում 2009թ. մայիսի 19-ին դատարանը որոշում է կայացրել Ա.Խաչատրյանին գործով որպես տուժող ներգրավելու վերաբերյալ:

Տիկին Խաչատրյանը, ճանաչվելով տուժող, հնարավորություն է ստացել անձամբ ծանոթանալու գործի նյութերին (2 հատորից, մոտ 400 էջ) և դարձել դատավարության ակտիվ մասնակից: Ակնկալվում է, որ նման զարգացումը կնպաստի քրեական գործը դուրս հանելու կասեցված կարգավիճակից և ՇՊԱԿ-ն ավելի լայն հնարավորություն կստանա աջակցելու քաղաքացու հարցի լուծմանը: