Երևանում ներկայացվեցին «Կայուն դպրոցական սնունդ» մոնիտորինգային զեկույցի արդյունքները
Հունիսի 8-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մոնիտորինգային զեկույցի արդյունքների ներկայացումը և հանրային քննարկումը։
Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Գայանե Բաղդասարյանը, ով ներկայացրեց կատարված աշխատանքի շրջանակը այնուհետև խոսքը փոխանցելով «Հարթակ» հետազոտական կենտրոն ՀԿ-ի մոնիտորինգային ծրագրի համակարգող Գոհար Հովհաննիսյանին՝ ներկայացնելու մոնիտորինգի նպատակը և ուսումնասիրության արդյունքները։
Զեկույցն ամփոփում է Տավուշի և Շիրակի մարզերի ութ դպրոցում սննդի կազմակերպման ընթացքը, դրա բացերը, գնումների ընթացակարգը և սննդի հասանելիությունը։ Զեկույցում ներկայացված են առաջարկներ սննդի կազմակերպման, ճաշացանկի, գնումների գործընթացների, ճաշարաններում պայմանների բարելավման և ԿԱՊԿՈՒ երեխաների սննդի կազմակերպման վերաբերյալ։
Ներկայացմանը հետևեց մասնակիցների ներգրավմամբ ակտիվ քննարկում, որտեղ հատկանշական էին ծնողական ներդրումների, սննդի գնումների ընթացակարգերի և ծրագրի ֆինանսական միջոցների կառավարման հարցերը և դրանց կոռուպցիոն ռիսկերը։
Քննարկմանը ներկա էին ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի, միջազգային կազմակերպությունների, ոլորտային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում:
ՍԱՆԿՈՒՍ ծրագրի նպատակն է աջակցել մասնակցության, թափանցիկության, ներգրավվածության, խթանման գործընթացներին։