Տրված է հանրային մոնիտորինգի դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնդման (ՍԱՆԿՈՒՍ)» ծրագրի շրջանակներում մեկնարկել են ևս երկու հանրային մոնիտորինգի դրամաշնորհային ծրագրեր։ «ԱԶԱՏ ԹՌԻՉՔ» սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրամը կիրականացնի մոնիտորինգ Գեղարքունիք մարզի հանրակրթական դպրոցներում՝ ուսումնասիրելով համակարգչային դասարանների հագեցվածությունը, հասանելիությունը աշակերտներին և օգտագործման արդյունավետությունը։ «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը, իր հերթին, կիրականացնի հանրակրթության դպրոցների խորհուրդների գործունեության մոնիտորինգ՝ պետական ուսումնական հաստատությունների կառավարման կոլեգիալ մարմնի ձևավորման նոր կարգի արդյունավետությունը գնահատելու նպատակով:
Ծրագրերի ընթացքում քաղաքացիական հասարակության խմբերը կկիրառեն մի շարք հանրային մոնիտորինգի գործիքներ, ներառյալ՝ փաստաթղթերի վերլուծություն, ֆոկուս-խմբային քննարկումներ, դիտարկումներ և հարցումներ ոլորտի շահառուների, լիազոր կառույցների ներկայացուցիչների և փորձագետների հետ։ Մոնիտորինգի արդյունքները կամփոփվեն զեկույցներում, որտեղ թիմերը կներկայացնեն առաջարկություններ լիազոր մարմիններին և շահագրգիռ խմբերին, ինչպես նաև կիրականացնեն ջատագովություն՝ ոլորտի բարելավմանն ուղղված իրենց առաջարկները քաղաքականության մշակողների ուշադրությանը հրավիրելու նպատակով։
Ծրագրերը կամփոփվեն 2023թ․ օգոստոս ամսին։
Սույն ծրագրերն իրականացվում են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։