ԹԻՀԿ «Հակակոռուպցիոն դպրոցը» կերտում է հակակոռուպցիոն պայքարի առաջնորդների նոր սերունդ
Նոյեմբերի 11-ին մեկնարկեց ԹԻՀԿ-ի թվով 6-րդ հակակոռուպցիոն դպրոցը։ Մասնակցության հայտ ներկայացրած 163 դիմորդներից ընտրվել են 27 լավագույնները։ Մասնակիցները 20-33 տարեկան ուսանողներ և տարբեր ոլորտների սկսնակ մասնագետներ են։
Հակակոռուպցիոն 6-րդ դպրոցի բացման արարողությանը մասնակիցներին ողջունեցին Հայաստանում Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ղեկավար Կարոլինա Յոզիչը և գրող, Հայաստանի PEN կենտրոնի և ԹԻՀԿ խորհրդի նախագահ Արմեն Օհանյանը։ Տիկին Յոզիչը առանձնակիորեն կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարի դերը ժողովրդավարության ամրապնդման գործում՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ Շվեդիան հանձնառու է աջակցել Հայաստանին՝ հետագա ժողովրդավարական զարգացման և հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման գործում: Արմեն Օհանյանն անդրադարձ կատարեց ԹԻՀԿ-ի քսանամյա պատմությանը և պայքարին։ Իր խոսքում նա մասնակիցներին դիմեց որպես հակակոռուպցիոն պայքարի ապագա առաջնորդների, ովքեր պետք է նպաստեն հայկական փխրուն ժողովդրավարության ամրապնդմանը։
Միջոցառման պաշտոնական մեկնարկից հետո ԹԻՀԿ կրթական ծրագրերի ղեկավար Մարիամ Հովեյանը ներկայացրեց ԹԻՀԿ գործունեության ուղղությունները և հիմնական ծրագրերը, հակակոռուպցիոն կրթության և հատկապես երիտասարդների հետ աշխատանքի կարևորությունը։
Ուսուցանման ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների և այլ թեմաների մասին:
Բացի ոլորտային նրբություններից, մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվում ձեռք բերել այնպիսի կարևոր հմտություններ ինչպիսիք են քննադատական և վերլուծական մտածողությունը, առաջնորդության զարգացումը։
ԹԻՀԿ-ի «Հակակոռուպցիոն դպրոց» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։