«Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնը» (ECNL) և նրա գործընկերները, այդ թվում՝՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ), մեկնարկել են «ՔՀԿ չափիչ» ծրագրի երկրորդ փուլը, որը կտևի մինչև 2023 թվականի ավարտը։ Այս ծրագրի միջոցով մենք ուսումնասիրում ենք Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) գործունեության միջավայրը և ջատագովում դրա բարելավումը։

Ի՞նչ է ՔՀԿ չափիչը

ՔՀԿ չափիչը մի յուրահատուկ գործիք է, որը չափում է առկա իրավական կարգավորումները և պրակտիկան ԱլԳ տարածաշրջանի քաղաքացիական հասարակության վրա ազդող հիմնական ոլորտներում` սկսած միավորումների և հավաքների ազատությունից ու որոշումների կայացմանը մասնակցությունից մինչև ֆինանսավորման մատչելիությունն ու մասնավոր կյանքի իրավունքը: Հիմնվելով մի շարք չափորոշիչների և ցուցանիշների վրա՝ ՔՀԿ չափիչը գնահատում է երկրների օրենսդրության և գործնական միջավայրի համապատասխանությունը յուրաքանչյուր ոլորտում: ՔՀԿ չափիչի առավելությունը նրանում է, որ այն մշակվել է լայնածավալ խորհրդակցական և համագործակցային գործընթացի միջոցով, տեղացի կազմակերպությունների ջանքի արդյունք է և ընդգրկում է այն հարցերը, որոնք գործընկերները կարևորել են իրենց երկրի համատեքստում:

Ինչպե՞ս է օգտագործվում ՔՀԿ չափիչը

ՔՀԿ չափիչը տալիս է ամբողջական պատկեր, որն օգնում է հասկանալ համատեքստը և սահմանել գերակայությունները: Ծրագրի առաջին փուլի (2017-2020թթ.) զեկույցները թույլ են տվել գործընկերներին օրենսդրության անհրաժեշտ բարեփոխումների հստակ ծրագրեր կազմել: Զեկույցներում ձևակերպվել են քաղաքացիական հասարակության միջավայրի բարելավման ավելի քան 270 առաջարկություններ՝ հիմք դառնալով շահերի պաշտպանության հետագա գործողությունների համար, որոնցից շատերը գործընկերներն արդեն սկսել են իրականացնել: Քառամյա ծրագրի ընթացքում գործընկերները մասնակցել են շահերի պաշտպանության 20 գործընթացների, իսկ ECNL-ը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել 11 նախաձեռնությունների: Արդյունքում ՔՀԿ չափիչի կողմից հայտնաբերված խնդիրների հիման վրա ընդունվեցին կամ նախաձեռնվեցին ՔՀԿ-ների հետ կապված յոթ օրենք և քաղաքականություն:

Մասնավորապես, ԹԻՀԿ-ը ջատագովության քարոզարշավներ ու թեմատիկ քննարկումներ է իրականացրել «Կամավորական գործունեության ու կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի, ՔՀԿ-ների պետական ֆինանսավորման ու հարկային դաշտի և պետական միջոցներից դրամաշնորհների հատկացման կարգի վերաբերյալ։ Բացի այդ, «ՔՀԿ չափիչի» զեկույցի հիման վրա ԹԻՀԿ-ն առաջարկել է հիմնադրամների տարեկան հաշվետվության պահանջներից հանել աշխատակիցների անունները ներկայացնելու դրույթը, ինչը ընդունվեց «Հիմնադրամների մասին» օրենքի փոփոխություններում:

Ի՞նչ է սպասվում ՔՀԿ չափիչի 2-րդ փուլում

Առաջիկա 3 տարիներին ECNL-ը և տեղական գործընկերները միասին կվերանայեն գործիքը և կներկայացնեն գնահատման մոդել, որը թույլ կտա ավելի զգայուն համեմատություն իրականացնել ոլորտների, երկրների և տարիների միջև:

Մենք նաև ընդլայնելու ենք ՔՀԿ-ի չափիչը՝ ներառելով նոր, արդիական դարձող թեմաներ, ինչպիսիք են արհեստական ​​բանականության կամ թվային տեխնոլոգիաների օգտագործումը, որպեսզի գնահատենք դրանց ազդեցությունը ԱլԳ երկրների քաղաքացիական խմբերի վրա:

Վերջապես, մենք ձգտում ենք ավելի շատ կազմակերպություններ ներգրավել և իրավազորել ՔՀԿ-ների և ակտիվիստների ավելի լայն խմբի` ռազմավարություններ քննարկելու, ՔՀԿ չափիչի միջոցով մոնիտորինգ իրականացնելու և դրա բացահայտումները իրենց երկրներում ջատագովության նպատակով օգտագործելու համար:

Ծրագրի գործընկերները

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (Հայաստան), «Էմ-Ջի Քընսալթինգ» ՍՊԸ (Ադրբեջան), «Ժողովրդավարամետ ՀԿ-ների միավորում», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (Վրաստան), «Պրոմո-Լեքս» ասոցիացիա (Մոլդովա), «Անկախ քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոն» (Ուկրաինա)