Մամուլի հաղորդագրություն. նոյեմբեր 22 2018թ.
«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացնում է 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում ՀՀ ողջ տարածքում: Նոյեմբերի 5-20 ընկած ժամանակահատվածի երկարաժամկետ դիտորդության արդյունքները ցույց են տալիս, որ նախընտրական շրջանը հիմնակականում անցնում է հանգիստ, սակայն արձանագրվել են որոշ միջադեպեր:
2018թ. նոյեմբերի 2-ին ՀՀ ԿԸՀ-ն սկսել է կազմակերպչական աշխատանքները: Նոյեմբերի 5-20 ընդհանուր առմամբ կազմակերպչական աշխատանքները ընթանում են օրենքով սահմանված ժամանակացույցի համաձայն:
Նախընտրական քարոզչության կարգի հետ կապված ընդհանուր առմամբ էական խախտումներ չեն արձանագրվել: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ներում առկա են լուրեր ընտրակաշառք բաժանելու նորամուծությունների վերաբերյալ: Ըստ լրատվամիջոցների՝ առկա են մի քանի ահազանգեր առ այն, որ դեռևս քարոզչության պաշտոնական ժամկետը չսկսված՝ արդեն իսկ կան վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, որոնք ներկայումս ճշտվում են առաքելության երկարաժամկետ դիտորդների կողմից:
Դեռևս քարոզչությունը պաշտոնապես չմեկնարկած՝ արդեն իսկ սկսել է հնչել ատելության խոսք, որը թիրախավորում է մարդկանց կամ մարդկանց խմբերի՝ իրենց կրոնական և սեռային, ինչպես նաև քաղաքական տարբերող հատկանիշների հիման վրա, ինչը կարող է կամա թե ակամա մղել բռնության։
Ընտրողների ցուցակները շարունակում են պարունակել խնդրահարույց տվյալներ, որոնք հարցականի տակ են դնում դրանց համապատսախանությունը իրականությանը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Ականատեսը» կոչ է անում
- կուսակցություններին/դաշինքներին, ինչպես նաև դրանց անհատ թեկնածուներին՝ իրենց նախընտրական քարոզչության ընթացքում հետևել քարոզչության համար սահմանված կանոններին, զերծ մնալ գումարով քաղաքացիների ձայները գնելու պրակտիկայից:
- իրավապահ մարմիներին՝ խորությամբ և համակողմանիորեն ուսումնասիրելու նման փաստերը:
- պետական կառույցների ղեկավարներին՝ հաշվի առնելով մասնավորապես վարչական ռեսուրսի վերաբերյալ թյուրընկալումները, ինչպես հանրության, այնպես էլ հանրային ծառայողների շրջանում, հանդես գալ խստագույն հանձնարարականներով՝ բացառելու վարչական ռեսուրսի չարաշահումը:
- ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին/կուսակցությունների դաշինքներին՝ զերծ մնալ ինչպես ընտրապայքարի ընթացքում միմյանց նկատմամբ վիրավորական ու վարկաբեկող արտահայտություններ օգտագործելուց, այնպես էլ խտրական ու ատելության խոսքի միջոցով ընտրազանգված գրավելու գայթակղությունից:
- ոստիկանությանը՝ շուտափույթ լուծել հասցե չունեցող ընտրողներին հասցեներ տրամադրելու հարցը, կամ հասցեների առկայության դեպքում՝ տեղադրել դրանք ընտրողների վերջնական ցուցակներում:
Ամբողջական զեկույցը կարող եք գտնել հետևյալ հղումով:
Նախաձեռնությունը հայտարարությամբ հանդես կգա նաև դեկտեմբերի 7-ին: