Մարտի 1-ից 4-ը Աղվերանում կազմակերպվել է գարնանային ճամբար Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների 32 անդամների մասնակցությամբ:

Մարտի 1-ին տեղի է ունեցել ուղղորդիչ ժողով, որի ընթացքում կազմակերպիչները` ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը երեք տասնյակից ավելի մասնակիցներին ծանոթացրել են օրակարգին:

Ճամբարի առօրյան հագեցած է դասընթացներով, որոնք ուղեկցվել են ինտելեկտուալ խաղերով: Դասընթացի առաջին օրը Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրել է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և քաղաքական իրավունքները: ԹԻՀԿ փորձագետ Տաթևիկ Բարսեղյանն անդրադարձել է կոռուպցիային և դրա դեմ պայքարին` ներկայացնելով կոռուպցիայի տեսակները, պատճառներն ու հետևանքները և չափման ձևերը` արտացոլելով Օրինավորության ազգային համակարգը: Ճամբարի շրջանակում մասնակիցները խաղացել են քաղաքական- քաղաքացիական բառախաղ Տաթևիկ Բարսեղյանի համակարգմամբ:

Դասընթացի մասնակիցները ծանոթացել են իրավական ակտերի հետ աշխատելու հմտություններին, հակակոռուպցիոն օրենսդրությանը, ազդարարմանն ու ազդարարներին, ինչի մասին նրանց տեղեկացրել է ԹԻՀԿ հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյանը: ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը մասնակիցներին ներկայացրել է շահերի բախում, էթիկա, գույքի և եկամուտների հայտարարագրեր և իրակակիրառ պրակտիկա թեմաները:

ՔԵԿ-երի մասնակիցները Լևոն Բարսեղյանի հետ քննության են առել Տեղեկատվության ազատության մասին օրենքը, ավագանու ինստիտուտը, գիտելիքներ են ձեռք բերել տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային մասնակցության և վերահսկողության վերաբերյալ:

Ճամբարականներն անդրադարձել են նաև վերահսկողություն և մոնիտորինգ. տվյալների հավաքագրման մեթոդներ, բյուջեի մոնիտորինգ և հանրային լրագրություն թեմաներին, որոնք համապատասխանաբար ներկայացվել են ԹԻՀԿ հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանի, ԹԻՀԿ փորձագետ Արտակ Քյուրումյանի և Հանրային լրագրության ակումբի համահիմնադիր Սեդա Մուրադյանի կողմից:

Ճամբարը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է ԹԻՀԿ-ը կոնսորցիումի գործընկեր կազմակերպությունների հետ: