Ազատությունը, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստին, զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանի հետ, ով ներկայացրել է «Հայաստանի պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ 2015» գլոբալ ուսումնասիրության շրջանակներում ՀՀ պաշտպանության համակարգի ռիսկերի գնահատումը: Ըստ Ազատության՝ «կոռուպցիայի դեմ պայքարող առանցքային կազմակերպություններից մեկը` ԹԻՀԿ-ը որոշակի ակտիվություն է նկատում կոռուպցիայի դեմ պայքարում»:

Սոնա Այվազյանն Ազատության հետ զրույցում նշել է՝ կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի քայլեր արվում են՝ ձերբակալություններ են կատարվում, հայտարարություններ և քննարկումներ են տեղի ունենում, բայց դա բավարար չէ․ - «Ինչ-որ ակտիվ գործընթացներ կան․ պայքար չեմ կարող ասել՝ պայքարը ավելի լուրջ բան է երևի: Չգիտեմ՝ որքանո՞վ են իրենք ուզում իրականում պայքարել, բայց ինչ-որ գործողություններ են արվում, որոնք հակակոռուպցիոն միտվածություն ունեն»:

Սոնա Այվազյանը նշում է՝ ԹԻՀԿ-ը կհամարի, որ կա կոռուպցիայի դեմ պայքար, եթե պետությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի մեկ ամիս առաջ հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրների ուղղությամբ: Օրինակ՝ եթե կոռուպցիոն բացահայտումների ընթացքում ձերբակալությունները չսահմանափակվեն ստորին օղակների պաշտոնյաներով: «Մենք գիտենք, որ այդ ցածր օղակներում ստացվող գումարները ի վերջո բարձրանում են դեպի վերև: Այսինքն՝ այդ մակարդակում չի սահմանափակվում դա», - պատճառաբանում է Այվազյանը:

ԹԻՀԿ փոխտնօրենը նաև կարևորում է քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարը, որի համար շատ կարևոր նշանակություն ունի ընտրական օրենսգիրքը․ - «Եվ մեր կարծիքով առաջին գործողությունը պետք է լինի ընտրական օրենսգրքում վերահսկողության լծակների ավելացումը հասարակական կառույցների և զանգվածային լրատվամիջոցների համար: Դա առաջնային է և դա հենց քաղաքական կոռուպցիան կանխարգելելու համար է արվում: Առաջարկություններ ենք ներկայացրել շահերի բախման վերաբերյալ, հայտարարագրման վերաբերյալ»:

Սոնա Այվազյանի փոխանցմամբ, եթե պաշտպանության ոլորտում ծախսերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը բաց լինի, ապա որոշակի չափով կկրճատվեն նաև կոռուպցիոն ռիսկերը: Վարչապետ Հովիկ Աբրահմայանն այս ուղղությամբ արդեն որոշակի հանձնարարականներ է տվել: «Վարչապետը պարզապես հանձնարարեց այդպես աշխատել համատեղ և փորձել ընդհանուր հայտարարի գալ և հասկանալ, թե որքանով կարող են այդ առաջարկությունները համատեղվել», - մանրամասնել է ԹԻՀԿ փոխտնօրենը:

Տես Ազատության նյութը: