Կայացել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը
Ս.թ. հունիսի 15-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են քաղաքական ուժերի, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնք անդրադարձել են տարբեր ոլորտներում կատարած իրենց ուսումնասիրության արդյունքներին: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) ՀԿ-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը ներկայացրել է «Հայաստանի պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ 2015» գլոբալ ուսումնասիրության շրջանակներում ՀՀ պաշտպանության համակարգի ռիսկերի գնահատումը:
«Ազատություն» ռադիոկայանը, անդրադառնալով Սոնա Այվազյանի ելույթին նշել է. «Մասնավորապես, քանի որ այս ոլորտում գնումների մեծ մասը գաղտնի է, ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնել պարզապես անհնար է, ինչն էլ չարաշահումների տեղիք է տալիս: Գաղտնի են պահվում անգամ ընկերությունների կողմից մատակարարվող գրենական պիտույքների չափը կամ պաշտպանության նախարարության մեքենաների քանակը, որոնք պետական գաղտնիքի կամ ազգային անվտանգության հետ որևէ առնչություն չունեն: Սոնա Այվազյանի փոխանցմամբ, եթե այս ոլորտում ծախսերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը բաց լինի, ապա որոշակի չափով կկրճատվեն նաև կոռուպցիոն ռիսկերը»:
Ինչպես նշված է ՀՀ կառավարության կայքէջում, ամփոփելով հարցի շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը՝ վարչապետն ընդգծել է, որ մեր երկրի անվտանգության արդյունավետ ապահովումը պայմանավորված է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ, և այդ գործընթացը պետք է շարունակական լինի: Կառավարության ղեկավարը նշել է, որ ԹԻՀԿ ուսումնասիրության արդյունքները կարող են օգտակար լինել ՀՀ պաշտպանության նախարարությանը կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրերում և նախաձեռնություններում:
Մանրամասների համար տես ՀՀ կառավարության կայքը: