Ս. թ. մայիսի 28-29-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը մասնակցել է Ավստրիայի Լաքսենբուրգ քաղաքի Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի հատուկ ուսումնական դասընթացին, որին ներկա էին հանրային և մասնավոր հատվածներն ու քաղաքացիական հասարակությունը ներկայացնող ԵԱՏՄ երկրների 27 մասնակիցներ: Հատուկ ուսումնական դասընթացները Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ծրագրեր են՝ նախատեսված հատուկ կազմակերպությունների, կորպորացիաների կամ ինստիտուտների համար՝ ելնելով կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի հատուկ մարտահրավերներից:

Դասընթացի ժամանակ քննության են առնվել հետևյալ թեմաները՝ կոռուպցիան ԵԱՏՄ-ում, ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան, կառավարումն ու կոռուպցիայի դեմ պայքարը, հանրային գնումներն ու օրինակելի օրենքները և հանրային-մասնավոր գործընկերությունները (կոլեկտիվ գործողություններ): Դասընթացի շրջանակում կատարվել են նաև դեպքերի ուսումնասիրություններ, ուսումնական այց է կատարվել ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակ՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային իրավական գործիքների վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմելու նպատակով: