Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Հայաստանի տնտեսության մեջ գոյություն ունեցող մենաշնորհը և իշխանության կողմից բիզնեսը հովանավորելը լուրջ խնդիր է։ 1in.am-ի հետ զրույցում Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը միանշանակ ընդունում է բանկի ներկայացուցչի արած հայտարարությունը և կիսում այդ մտահոգությունը։ Ըստ նրա՝ Դևիսի հայտարարությունը իրականության ադեկվատ դրսևորում է։

Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսը հայտարարել էր, թե Հայաստանում կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է, ինչը իշխող հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որակել էր որպես միջամտություն երկրի ներքին գործերին։ Ըստ Տիգրանյանի՝ նման անհանգստություն հայտնելը դեսպանի մանդատի մեջ է մտնում և բնավ միջամտություն չէ երկրի ներքին գործերին։ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Վահրամ Բաղդասարյանի կարծիքին, նշել էր. «Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ ԱՄՆ դեսպանի մտահոգությունը լեգիտիմ է»: