«Թրանսփարենսի ինթերնեշնլ»․ Հայաստանում կոռուպցիայի առանձնահատկությունը օլիգարխներն են
Ազատություն ռադիոկայանն անդրադարձել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման ս.թ. հունիսի 2-ին Բրյուսելում հրապարակած Եվրոպական հարևանության քաղաքականության 5 երկրների Օրինավորության ազգային համակարգի վերաբերյալ «Կոռուպցիայի վիճակը. Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա» վերնագրով տարածաշրջանային զեկույցին: Այդ կապակցությամբ Ազատությունը զրուցել է ՀՀ ազգային ժողովի իշխանական՝ Հանրապետական և ընդդիմադիր՝ ՀԱԿ և «Ժառանգության» խմբակցությունների անդամների հետ՝ կարծիք հարցնելով զեկույցում տեղ գտած Հայաստանի գնահատականների վերաբերյալ:
Հայաստանի վերաբերյալ զեկույցում մասնավորապես ասվում է. «Հայաստանում կոռուպցիայի առանձնահատկությունը օլիգարխներն են, որոնք վայելում են համախառն ներքին արդյունքի մոտ 35 տոկոսը կազմող ստվերային տնտեսության պտուղները: Հզոր լծակներ ունեցող Հայաստանի նախագահը և իշխող քաղաքական վերնախավը «սերտաճած են բիզնեսի հետ», երկրում գերակայում են մենաշնորհները, հովանավորչությունը: Մասնավոր և պետական հատվածի միջև հստակ տարանջատման բացակայությունը էապես խոչընդոտում է հակակոռուպցիոն ջանքերին: Զարմանալի չէ ըստ այդմ, որ Հայաստանի բնակչության 82 տոկոսը համոզված է, որ կոռուպցիան պետական համակարգում խնդիր է, կամ լուրջ խնդիր»:
«Թե՛ նախագահը, թե՛ նախկին ու գործող վարչապետերը, թե՛ խորհրդարանի մեծամասնությունը նույն կուսակցության անդամ են, այդպիսով Հանրապետականը, նախագահն ու գործադիրը նույնացվում են: Այս նույնացումը երկրի նախագահին հնարավորություն է տալիս միահեծան կերպով որոշումներ կայացնել և վերջնական խոսքի իրավունք ունենալ պետական գրեթե բոլոր կարևոր հարցերում»:
Սրա արդյունքում Հայաստանի անցումը ժողովրդավարական համակարգի բնութագրվում է որպես «ոչ ամբողջական և անհամարժեք»:
Տես Ազատություն ռադիոկայանի նյութը, նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլի մամուլի հաղորդագրությունը: