Հինգ արևելաեվրոպական երկրներում կոռուպցիայի դեմ ոչ արդյունավետ պայքարը խոչընդոտում է ժողովրդավարության առաջընթացն ու թուլացնում Եվրամիության հետ ավելի սերտ տնտեսական ու քաղաքական համագործակցության հեռանկարը, զգուշացնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ):

«Կոռուպցիայի վիճակը. Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա» նոր զեկույցը գնահատում է կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար պատասխանատու ավելի քան 60 ինստիտուտների գործունեությունը և եզրակացնում, որ հատկապես թույլ են դատական իշխանությունը, օրենսդրական մարմինն ու քաղաքացիական հասարակությունը քաղաքական միջամտության և անկախ վերահսկողության բացակայության պատճառով:

Չնայած բոլոր 5 երկրներն ընդունել են հակակոռուպցիոն օրենքներ, քաղաքական ու բիզնես վերնախավերն ազդեցություն ունեն հսկողություն իրականացնող այնպիսի կարևոր մարմինների վրա, ինչպիսիք են դատական և օրենսդիր իշխանությունները՝ թույլ տալով իրենց իշխանությունն անվերահսկելի մնա, և սահմանափակելով իրավակիրառման արդյունավետությունը: Քաղաքական դրդապատճառով հետապնդումներն ու դատական գործընթացներից խուսափելու կառավարության միջամտությունը հատկապես խնդրահարույց են Ուկրաինայում և Մոլդովայում, ուր մի քանի դատավորներ մեղավոր են ճանաչվել կաշառք ստանալու համար:

Որոշվել է, որ առաջիկա 5 տարիներին ԵՄ-ի հարևան գործընկեր երկրները ԵՄ-ից կստանան առնվազն 15 միլիարդ եվրո աջակցություն: Անընդունելիորեն մեծ է այն ռիսկը, որ այդ փողն ավելի շուտ կգնա կոռումպացված անձանց գրպանը, քան կօգնի մարդկանց ավելի լավ ապրել:

«Այս երկրներում կոռուպցիային ուղղված զսպումների ու հակակշիռների համակարգում բացակայում են վերահսկողությունը կամ հաշվետվողականությունը: Կոռումպացված անհատները, լինեն քաղաքական գործիչներ, թե գործարարներ, հաճախ անպատիժ են մնում՝ դույզն ինչ չանհանգստանալով, որ կարող են դատական կարգով հետապնդվել», - ասում է ԹԻ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Աննա Կոխը:

Այդ տարածաշրջանում նաև պետական մարմինների նկատմամբ վերահսկողություն իրականացնող ոչ պետական կազմակերպությունների՝ մեդիայի կամ քաղաքացիական հասարակության գործունեության սահմանափակման աճող միտում կա, որ ուղեկցվում է քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ կիրառված ահաբեկմամբ, հալածանքով, հետապնդմամբ և կալանավորմամբ, ինչը խիստ մտահոգիչ է Հայաստանում և մասնավորապես Ադրբեջանում:

ԵՄ համագործակցությունը 5 արևելյան հարևանների հետ անորոշ վիճակում է

ԵՄ-ի և Արևելյան հարևանների միջև ավելի քան 10 տարվա պարտավորություններից հետո, Արևելյան գործընկերությունը շրջադարձային կետում է` բարեփոխումների վերաբերյալ ներկայացնելով կոնկրետ առաջարկություններ, ինչը պետք է հայտարարվի 2015 թ. աշնանը:

Կոռուպցիայի հիմնախնդրով զբաղվելու պատասխանատվությունը ոչ միայն գործընկեր երկրների վրա է դրված. այն համատեղ պատասխանատվություն է, և ԵՄ-ն նույնպես պետք է ավելի շատ ջանքեր գործադրի՝ ապահովելու, որ գործընկեր երկրները կոռուպցիայի դեմ պայքարի իրենց պարտավորությունն ի կատար ածեն:

Առանց ԵՄ կողմից սահմանված կոնկրետ հակակոռուպցիոն պարտավորությունների ու առաջնահերթությունների և առանց քաղաքացիական հասարակության աջակցության ու նրա հետ երկխոսության՝ որպես տարածաշրջանի հիմնական գործընկեր՝ ԵՄ և գործընկեր երկրների միջև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված համագործակցությունը կարող է վտանգվել:

Ուստի՝ ԹԻ-ն կոչ է անում Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային.

  • իրականացնել դատաիրավական բարեփոխումներ և ապահովել, որ կոռուպցիոն հանցագործությունները արդյունավետ և օբյեկտիվ դատվեն,
  • ուժեղացնել կառավարության արտաքին վերահսկողությունը՝ ապահովելով, որ պատժամիջոցներ կիրառվեն, եթե արտաքին վերահսկողության մարմինների հայտնաբերած փաստերի ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն,
  • աջակցել ազատ և կենսունակ քաղաքացիական հասարակության հատվածին, այդ թվում՝ վերջ տալ ՔՀԿ-ների նկատմամբ կիրառված իրավական ու ֆինասական սահմանափակումներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստների և լրագրողների նկատմամբ գործադրված ամեն տեսակի ահաբեկումներին ու հալածանքներին

ԹԻ-ն կոչ է անում ԵՄ-ին.

  • հստակորեն մատնանշել և առաջնահերթություն սահմանել գործընկեր երկրների ստանձնած որոշակի հակակոռուպցիոն պարտականությունների նկատմամբ, այնպես որ հետագա ֆինանսական աջակցությունը պայմանավորված լինի դրանց կատարմամբ
  • հավաստիանալ, որ կոռուպցիայի դեմ պայքարում տարածաշրջանի հիմնական գործընկեր քաղաքացիական հասարակությունը՝ զերծ մնա սահմանափակումից, ահաբեկումից և քաղաքական միջամտությունից:

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Օրինավորության ազգային համակարգի գնահատումը Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանում» ծրագրի շրջանակում սույն հրապարակման բովանդակության միակ պատասխանատուն ԹԻ-ն է և չի արտացոլում ԵՄ տեսակետները: ԵՄ կողմից ծրագրի համար հատկացված դրամաշնորհը կազմում է 680,517.92 եվրո (ամբողջ բյուջեի 90%-ը):

Զեկույցը կարելի է գտնել www.transparency.org/whatwedo/publication/the_state_of_corruption_armenia_azerbaijan_georgia_moldova_and_ukraine հասցեում