Առավոտ. Բացահայտվել է նեպոտիզմ
Ըստ Aravot.am-ի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտում ՀԷՑ-ն իր ներկայացրած ծախսերում ներառել է նաեւ «Էկթրաք սերվիսի» հետ կնքած 450 միլիոն դրամի պայմանագիրը: Դեռ մայիսի 19-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ առաջինն է ներկայացրել «Էկթրաք սերվիսի» կասկածելի գործունեությունը, նշելով, որ ոչ մի պետական մարմին որեւէ ծառայություն չի պատվիրել այս ընկերությանը, և որ այն ստեղծված է հենց ՀԷՑ-ի հետ փողերը մի գրպանից մյուսին հոսեցնելու համար:
Մանուկյանը որոշ փաստեր է առաջ քաշել, որով հիմնավորում է «Էկթրաք սերվիս»-ի տնօրենի և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)-ի նախագահի կապը:
«Ինչ վերաբերում է հնարավոր կապերի բացահայտմանը, մենք գիտենք, որ Հայաստանը փոքր երկիր է, բոլորն իրար ճանաչում են, բայց փաստաթղթորեն դժվար է ապացուցել: Այստեղ ռիսկայնությունը մեծանում է այն իմաստով, որ այդ ֆիրման գրանցվել է 2006-ին, երբ «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ն եկավ Հայաստան: 2-րդ՝ «Էկթրաք սերվիսը» գրանցված է օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում. կասկածելի է, թե ինչո՞ւ օֆշորն եկավ գրանցվեց ՀԷՑ-ի հետ միաժամանակ՝ ռուսական կապիտալի գալու նույն տարում: Հետո՝ այդ ֆիրման իրեն ներկայացնում է մասնագիտացված պրոֆիլով, որպես շինանյութերի ներմուծմամբ զբաղվող, բայց ըստ էության մասնակցում է ավտոփոխադրման ծառայություններով: Եվ որ ամենակարեւորն ՝ այս ոլորտը բավականաչափ մրցակցային է, եւ ՏՄՊՊՀ-ն կոչված է իր մանդատով ոչ թե քաղաքական շոուների մասնակցի՝ ինչպես Երեւանի քաղաքապետարանի պետգնումների դեպքում էր, որ շոու արեց, բայց ոչ ոք չպատժվեց, այլ պարտավոր է արդար մրցակցություն ապահովել»:
Տես հոդվածը Aravot.am-ի կայքէջում:

