Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորման, «Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության ներկայացուցիչների և մի քանի ՀԿ-ների հետ ազատ ֆորմատով անց է կացրել շահագրգիռ կողմերի քննարկում՝ նվիրված Երևանի պատմամշակութային հուշարձանների պահպանությանն առնչվող հիմնախնդիրներին: Պետական կարիքների զոհեր, ԹԻՀԿ, «Ծիրանի» ՀԿ ներկայացուցիչները հանդես են եկել իրենց դիտարկումներով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման հետ կապված, իսկ պետական կառույցները կարծիք են ներկայացրել իրենց կառույցների տեսանկյունից: Ծավալվել է թեժ քննարկում այդ վիճակից դուրս գալու ուղիներ որոնելիս:

ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ միջոցառումը ինչ-որ չափով ուշացած է վերջին շրջանում Աֆրիկյանների տան հետ կապված հարցի առնչությամբ, սակայն խնդիրը միայն Աֆրիկյանների տան հետ չի կապված: Երևանում առկա են խնդիրներ, որ ծագել և սաստկացել են 2000-ից երբ Երևան քաղաքը «դադարել է ունենալ» պատմության և մշակութային պահպանության ենթակա հուշարձաններ և իշխանությունները 4 տարի շարունակ` մինչև ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» թիվ 1616-Ն որոշման ընդունումը, հնարավորություն են ունեցել անարգել վնասել ու ոչնչացնել առնվազն 26 հուշարձան-շենքեր:

Թեպետ ընդհանուր հայտարարի չեն եկել քննարկման արդյունքում, սակայն մասնագետների և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից հնչել են կարծիքներ այնպիսի քայլերի վերաբերյալ, որ կբերի առաջընթացի այս գործում: