Ըստ Ազատություն ռադիոկայանի, մի քանի ամիս առաջ ֆինանսների նախարարությունը 102 մլն դրամ է վճարել Ucom ընկերությանը՝ այս տարվա ֆիքսված հեռախոսակապի ծառայության համար, ինչն արձանագրված է Կառավարության՝ մեկ անձից կատարվող գնումների կայքում: 2015թ. բյուջեով Ֆինանսների նախարարությանը կապի ծառայության համար հատկացված է մոտ 120 միլիոն դրամ, որից 102 միլիոնը նախարար Գագիկ Խաչատրյանը փոխանցել է Ucom-ին, որի բաժնեմասերի 41%-ը պատկանում է իր հորեղբոր տղային՝ Արամ Խաչատրյանին: Ավելի վաղ, «Հետք» պարբերականի հրապարակումը հիմք ընդունելով, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պարզելու՝ չկա՞ արդյոք շահերի բախում Գագիկ Խաչատրյան - Ucom գործարքային հարաբերություններում: Թեպետ հարցը վարույթ էր ընդունվել, այդուհանդերձ հանձնաժողովը որոշել էր՝ թղթաբանությամբ օրենքի խախտում չկա: