Նախագծում առկա են որոշ դրույթներ, որոնք ուղղված են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից մատնանշված խնդիրների կարգավորմանը, մասնավորապես նշվածի համատեքստում դրական կարելի է համարել կենտրոնացված գնումների գաղափարի ներմուծումը։ Միաժամանակ ԹԻՀԿ-ի կողմից նախկինում ներկայացված մի շարք առաջարկներ, որոնք ներառված են կազմակերպության կողմից պատրաստված և այս տարի հրապարակված «ՀՀ պետական գնումների համակարգի մոնիտորինգ. 2011-2013թթ.» երկհատորյա ուսումնասիրության մեջ (տե՛ս Մաս1 և Մաս 2) նախագծի այս տարբերակում տեղ չեն գտել։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ապագայում ցանկալի կլիներ իրականացնել ԹԻՀԿ նշված հրապարակման մեջ ներկայացված առաջարկությունների քննարկումը։

1. Գործող 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող Կարգի (այսուհետ՝ Կարգ) 2-րդ կետից վերացել է հետևյալ նախադասությունը՝ «Ընդ որում, գնման գործընթաց կազմակերպելիս պատվիրատուներն առաջնորդվում են լիազոր մարմնի սահմանած հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերով:», որի արդյունքում պայմանագրի օրինակելի ձևի հետ կապված հարցը բաց է մնում:

2․ Կարգի նախագծի մի շարք կետերով (օրինակ 9-րդ կետի ա և բ ենթակետեր, 32-րդ, 33-րդ, 34-րդ և 35-րդ, 39-րդ կետեր) առաջարկվում է ժամկետների կրճատում/կանոնակարգում, ինչը ընդհանուր առմամբ ողջունելի մոտեցում է: Այնուհանդերձ ցանկալի կլիներ, որ ֆինանսների նախարարությունը իր մասով ևս նվազեցներ փաստաթղթաշրջանառության հետ կապված ժամկետները՝ (Օրինակ 23-րդ կետի 1 մասով ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշման տրամադրման համար նախատեսված է առավելագույնը հինգ աշխատանքային օր։ Կարծում ենք, այդ ժամկետը կարելի է նվազեցնել, օրինակ նշելով առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում)։

3. Կարգի նախագծի 19-րդ կետում նշվում է, որ «եթե պատվիրատուի աշխատակազմի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա հանձնաժողովի կազմում ներառելու և (կամ) հանձնաժողովի աշխատանքների կատարմանն աջակցելու նպատակով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ):»

Կարծում ենք, որ հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով առաջարկվող թեկնածուի անհրաժեշտ մասնագիտական կարողություններ ունենալու հանգամանքը պետք է հիմնավորվի գնահատող հանձնաժողովի կողմից։

4․ Առաջարկում ենք նախագծի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․«Բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը պատվիրատուի ղեկավարը հաստատում է գնումների պլանը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է ՀՀ ֆինանսների նախարարություն, որը ապահովում է գնման պլանի հրապարակումը www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում»։

5․ Նախագծի 29-րդ կետի ա ենթակետում նշվում է «ապրանքների գնման դեպքում պարտադիր է որակի սերտիֆիկատի առկայությունը և/կամ գործարանային փաթեթավորումը, եթե դա կիրառելի է տվյալ ապրանքի համար»։ Ամբողջովին հասկանալի չէ, թե ինչ է պահանջվում որակի սերտիֆիկատ, թե գործարանային փաթեթավորում։ Եթե պահանջվում է երկուսն էլ, ապա ցանկալի է ֆիքսել, որ նշվածը վերաբերում է գնման առարկայի բնութագրերին։

6․ Նախագծի 40-րդ կետի 5-րդ մասում ներկայացված տարբերակը որոշ հարցեր է ծնում․
ա) Պայմանագրի ո՞րքան մասն է հնարավոր իրականացնել գործակալի կամ ենթակապալի միջոցով, և, բ) արդյո՞ք չափերից կախված պետք են լրացուցիչ կանոնակարգման մեխանիզմներ:

7․ Ցանկալի կլիներ, որ հստակեցվեին հանձնաժողովի քարտուղարի կողմից ընտրված մասնակցին պայմանագիր կնքելու առաջարկի և կնքվելիք պայմանագրի նախագծի առաքման ժամկետները /40-րդ կետի 10-րդ մաս/։

8․ Առաջարկում ենք նախագծի 42-րդ կետի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«գնումների հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման մասին հայտարարության տեքստերը, իսկ շինարարական ծրագրերի գնման դեպքում նաև ծավալաթերթ-նախահաշիվը, ներառյալ ըստ աշխատանքների կատարման արժեքները, փոխանցում է ՀՀ ֆինանսների նախարարություն, որն էլ ապահովում է դրա հրապարակումը www.gոսmոer.am հասցեով ինտերնետային կայքում»։

9․ Հասկանալի չէ, թե ինչու է 70-րդ կետով սահմանված ձևաչափում բացակայում ծավալի հետ կապված տեղեկատվությունը, որը գործող ձևաչափում առկա է:

10․ Նախագծի 116-րդ կետից չի հասկացվում, թե ինչ է ասել հակիրճ խորհրդատվություն: Որոնք են հակիրճի տարանջատման/սահմանազատման կետերը?

11․ Նախագծի 96-րդ կետով մեկ գործընթացի համար կարևոր է նաև ժամանակային համապատասխանությունը (օրինակ, որքան ժամկետների դեպքում շեղումն է դիտարկվում որպես խմբավորման համար ընդունելի), բացի այդ, անվանացանկերը պետք է բացի կենտրոնացված գնում իրականացնող մարմնին ներկայացվելուց, ներկայացվեն նաև գնումների պաշտոնական կայքում, որպեսզի հնարավորություն ընձեռվի վերահսկելու դրույթների կատարման պատշաճությունը:

12. Անհասկանալի է, թե ինչու են նախագծից վերացել հետևյալ դրույթները.

ա) «Բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացրած անձի կողմից բողոքի քննության ընթացքում բողոքը հետ վերցվելու դեպքում «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շարունակում է ուսումնասիրել և ներկայացնել եզրակացություն` բողոքի քննման համար նախատեսված ժամկետներում:»

բ) «Գնումների բողոքարկման խորհրդի կողմից գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ որոշում ընդունվելու դեպքում` գնումների աջակցման կենտրոնը դրա մասին տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն: Նման դեպքերում բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումները դատական կարգով բողոքարկվելու դեպքում «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է հրաժարվել բողոքարկման խորհրդի անունից դատարանում հանդես գալուց»։

Տեխնիկական բնույթի դիտողություններ/նկատառումներ

1․ Կարգի 1-ին կետում «Սույն կարգով կարգավորվում են» փոխարեն կարծում ենք շարահյուսության տեսանկյունից ավելի ճիշտ կլինի կիրառել «Սույն կարգով պարզաբանվում են»։

2․ Կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետում «չգերազանցող գին»հասկացության փոխարեն օգտագործել «չգերազանցող պայմանագրային գին» հասկացությունը։

3․ Կարգի 34-րդ կետի 9-րդ և 10-րդ մասերը կարելի է խմբավորել, բացի այդ ժամանակագրության առումով կարծում ենք 10-րդ մասին պետք է հաջորդի 9-րդ մասը:

4․ Ավելորդ է թվում 41-րդ կետում հետևյալ նախադասությունը «Ընդ որում արգելվում է միևնույն բյուջետային տարվա ընթացքում նույն ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման նպատակով նախատեսել ֆինանսական միջոցներ»: