Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը որպես ԹԻ հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական ներկայացուցիչ ս.թ. հոկտեմբերի 17-19-ին Բեռլինում մասնակցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման 2014 տարեկան ընդհանուր ժողովին և դրան նախորդած հարակից միջոցառումներին՝ ներառյալ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ժողովը: Միջոցառմանը ներկա են եղել ավելի քան 100 երկրների ԹԻ պատվիրակներ, ում, ի թիվս օրակարգի այլ հարցերի, ներկայացվել են տնօրենների խորհրդի՝ առաջընթացի վերաբերյալ և կազմակերպության 2013 թ. տարեկան հաշվետվությունները:

Ժողովն ընդունել է երեք բանաձև մի շարք երկրներում քաղաքացիական հասարակության նկատմամբ հալածանքների դատապարտման, ՖԻՖԱ-ի նկատմամբ վստահության վերականգնման և բազմազգ ընկերությունների կողմից կոռուպցիոն գործարքներն ուսումնասիրող ԹԻ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ:

Ժողովը ԹԻ շարժման նախագահ է ընտրել Պերուի ԹԻ ներկայացուցչության նախկին նախագահ և կոռուպցիայի դեմ պայքարող առաջատար իրավաբան Խոսե Ուգասին: Տնօրենների խորհրդի փոխնախագահ է ընտրվել ԹԻ Ռուսաստանի ներկայացուցչության նախագահ Ելենա Պանֆիլովան:

Ընտրվել են նաև խորհրդի վեց նոր անդամներ՝ Սիոն Ասսիդոնը (Մարոկկո), Էմիլ Քարրը (Սիերա Լեոնե), Ջերեմի Քարվերը (Մեծ Բրիտանիա), Մերսեդես դե Ֆրեյտասը (Վենեսուելա), Մարկ Մուլլենը (Վրաստան) և Էլիզաբեթ Ունգար Բլեյերը (Կոլումբիա):