Ս.թ. հուլիսի 22-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)/ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի (ՀԿՑ) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի կողմից Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգի երրորդ փուլի շրջանակում ՏՀԶԿ ՀԿՑ-ն Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի միջոցով կազմակերպել է հատուկ նիստ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի և ՀԿՑ երկրներից գնահատող փորձագետների մի խումբ զեկույց պատրաստելու նպատակով հուլիսի 21-24-ին այցելել են Երևան` հանդիպելու ՀՀ կառավարության, ՀԿ-ների, բիզնես հատվածի և միջազգային համայնքի հետ:

Զեկույցը պետք է գնահատի 2011 թ. անցկացված մոնիտորինգի երկրորդ փուլում Հայաստանի համապատասխանությունը նախորդ հանձնարարականների հետ և պետք է ընդունի մի շարք նոր հանձնարարականներ:

Քաղաքացիական հասարակության հետ սույն հատուկ նիստի նպատակն էր տեղեկանալ, թե 2011 թ. ի վեր ինչ առաջընթաց է արձանագրվել հետևյալ ուղղություններով.

1. հակակոռուպցիոն քաղաքականություն և ինստիտուտներ
2. կոռուպցիայի դեմ պայքար և իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ քրեական օրենսդրություն
3. կոռուպցիայի կանխարգելման միջոցներ, ինչպես օրինակ, քաղաքացիական ծառայության օրինավորություն, հանրային կառավարման թափանցիկություն, ֆինանսական վերահսկողություն, պետական գնումներ, դատական իշխանության օրինավորություն, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկություն և մասնավոր հատվածի օրինավորություն: