Ս.թ. մայիսի 28-ին անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել «Սկսել ա» և «Հիմա» երտասարդական շարժումների ակտիվ մասնակից Արսեն Խառատյանը: Երիտասարդ հասարակական գործչի նկատմամբ իրականացված բռնությունը և դրան նախորդած` մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման բազմաթիվ դեպքերը չեն վկայում իշխանության ու հասարակության միջև առաջացած ճեղքվածքի հաղթահարմանն ուղղված` իշխանությունների հռչակած քաղաքականության մասին: Ընդհակառակը, դրանք ապացուցում են, որ իրականում բացակայում է նման ցանկությունը, ինչն ավելի է խորացնում վերջինիս նկատմամբ հասարակության անվստահությունը: Մենք դատապարտում ենք իշխանությունների որդեգրած գործելակերպը և հայտարարում, որ հասարակության ձայնը լռեցնելու և վախի մթնոլորտ սերմանելու ամեն մի գործողություն ավելի է ուժեղացնում հանրության վրդովմունքն ու դժգոհությունը ներկա վարչակազմի նկատմամբ: Պահանջում ենք ապահովել պատահարի անկողմնակալ քննություն և պատժի ենթարկել հանցագործներին ու նրանց պատվիրատուներին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Հույս» ՀԿ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ, «Զարթոնք-89» ՀԿ, «Զինվորի պաշտպանության կոմիտե» նախաձեռնող խումբ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ, «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ, «Միջնաբերդ» ՀԿ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ