2003 թ. դեկտեմբերի 9-11-ը Մեքսիկայի Մերիդա քաղաքում մի շարք պետությունների կողմից ստորագրվեց Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան: Այդ կապակցությամբ 2004 թ.-ից դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հռչակվեց է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: Այսօր Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման ներկայացուցիչները կոչ են անում բոլոր այն պետություններին, ովքեր դեռևս չեն միացել Կոնվենցիային, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը, ստորագրել և վավերացնել այդ փաստաթուղթը: Վերջին տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիր: Հայաստանը միացել է GRECO-ին (Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբին) և OECD-ի (Եվրոպայի տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության) հակակոռուպցիոն նախաձեռնություններին: Ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողով` հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, ու Կոռուպցիայի դեմ պայքարի բաժին` ՀՀ գլխավոր դատախազության կազմում: Մշակվել և ընդունվել են հակակոռուպցիոն տարրեր պարունակող մի շարք օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, և ակտիվացել է կոռուպցիային առնչվող հարցերի քննարկումը և լուսաբանումը: Այնուամենայնիվ, Հայաստանում դեռևս բացակայում են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու առաջնահերթ նախապայմանները, այն է` իշխանությունների կողմից իրական քաղաքական կամքի դրսևորումը և հասարակության ակտիվ մասնակցությունը: Իրական քաղաքական կամքը ենթադրում է ոչ միայն օրենսդրական բարեփոխումների իրականացում և միջազգային կառույցներին անդամակցում, այլ— օրենքի անվերապահ կիրառում և անպատժելիության մթնոլորտի վերացում` բացահայտելով կոռուպցիոն հանցագործությունները և դատապարտելով նրանցում ներգրավված անձանց` անկախ նրանց պաշտոնից և եկամտից: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ձեռք բերել հասարակության վստահությունը և ապահովել նրա մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Օրենքի նկատմամբ հարգանքը, բարոյական նորմերի պահպանումը և կոռուպցիոն երևույթների նկատմամբ խիստ անդուրժողականությունը պետք է պարտադիր լինի և` իշխանությունների և` հասարակության համար: Հանրապետության քաղաքական և տնտեսական բոլոր ոլորտները թափանցած կոռուպցիան հանգեցնում է ազգի բարոյականության անկմանը, քայքայում պետականության հիմքերը և երկիրը խոցելի դարձնում արդի աշխարհաքաղաքական մարտահրավերների դեմ հանդիման: Մեզանից է կախված, թե արդյոք կկարողանանք կասեցնել մեր ժողովրդի և պետականության գոյատևման համար վտանգավոր զարգացումները:

ԹԻ քարտուղարություն