ՈՒՂԵՐՁ

2021 թվականին կոռուպցիայի թեմայով հատուկ նիստ անցկացնելու վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումը (UNGASS 2021) պատմական հնարավորություն է ընձեռում՝ քննարկելու կոռուպցիային առնչվող համաշխարհային ճգնաժամը։

Ներքոստորագրյալ կազմակերպություններս համոզված ենք, որ 2021 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը օրհասական է՝ վերջ դնելու անանուն ընկերությունների և այլ իրավական մեխանիզմների չարաշահմանը, որոնք նպաստում են անդրսահմանային կոռուպցիայի և այլ հանցագործությունների տարածմանը։ Կոչ ենք անում Ձեզ՝ պարտավորվել սահմանելու գլոբալ ստանդարտ՝ իրական սեփականատերերի կենտրոնացված ռեգիստր ներդնելու վերաբերյալ:

Միայն թղթի վրա գոյություն ունեցող ընկերությունները, չարաշահելով իրավական համակարգերը և թաքցնելով իրենց վերջնական սեփականատերերին, հանդիսանում են գործիք՝ կայուն զարգացման և հավաքական անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ կարևորագույն միջոցները այլևայլ նպատակներով շեղելու համար:

Տասնամյակներ շարունակ մեկը մյուսին հաջորդող սկանդալները ցույց են տվել, որ անանուն, ստվերային ընկերություններն օգտագործվել են կոռուպցիոն և փողերի լվացման անդրսահմանային սխեմաների շրջանակներում պետական ​​միջոցները յուրացնելու, կաշառքներ փոխանցելու և ապօրինի ճանապահով ստացված ձեռքբերված գույքը քողարկելու համար:

Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը, այսինքն՝ իրավաբանական միավորին ի վերջո տիրապետող, այն վերահսկող կամ դրա շահառու հանդիսացող ֆիզիկական անձանց մասին տեղեկատվությունը, նպաստում է իրավակիրարկմանը՝ անդրսահմանային մակարդակով և ապօրինի ճանապարհով ստացված ակտիվների բացահայտմանը՝ դրանց առգրավման և վերադարձի նպատակով։ Այս տեղեկատվությունը հանրային ​​պայմանագրերի կնքման գործընթացներում օգնում է շահերի բախման և կոռուպցիայի բացահայտմանը: Այն նաև դյուրացնում է բիզնեսների գործունեության պատշաճության նախնական ստուգումները, օգնում է նրանց իմանալ, թե ովքեր են իրենց գործընկերներն ու հաճախորդները, և կատարել հաշվետվողականության պարտավորությունները:

Ընկերությունների և դրանց վերջնական իրական սեփականատերերի կենտրոնացված և հանրային ռեգիստրը, ինչպես նաև գրանցված սեփականատերերի և տնօրենների մասին տեղեկատվությունը, ամենաարդյունավետ և գործնական միջոցն է նման տեղեկատվությունը արձանագրելու և բոլոր շահագրգիռ կողմերին դրա պատեհ հասանելիությունը ապահովելու գործում։

Մենք միավորվել ենք՝ համատեղ և մեկ հստակ ուղերձով դիմելու կառավարությունների ղեկավարներին, որոնք ներկայում նախապատրաստում են UNGASS 2021 հատուկ նիստը. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի կողմից ընդունվելիք «համառոտ, գործողությունների միտված քաղաքական հռչակագիրը» պետք է որպես նոր գլոբալ ստանդարտ պարտավորեցնի բոլոր երկրներին ստեղծելու իրական սեփականատերերի գրանցման կենտրոնացված, հանրային ռեգիստրներ: Ի լրումն, պետք է ջանքեր ներդրվեն՝ ստուգման ենթարկելու հավաքագրված տվյալները՝ ապահովելու իրական սեփականատերերի մասին տեղեկատվության ճշգրտությունը և հուսալիությունը:

Ընկերությունների սեփականատիրության թափանցիկության ապահովումն ավելին է, քան խնդրի զուտ տեխնիկական լուծումը: Այն սոցիալական արդարության հարց է:

Ամբողջ աշխարհում կոռուպցիան ոչնչացնում է միլիարդավոր մարդկանց կյանքեր, մինչդեռ դրա մահացու հետևանքները առավել ակնհայտ են դարձել COVID-19 համավարակի և կլիմայի ճգնաժամի ընթացքում: Ընդամենը տաս տարի է մնացել Օրակարգ 2030 –ի նպատակներին հասնելու համար, ուստի մեզ անհրաժեշտ են վճռական բարեփոխումներ՝ ապահովելու, որ կարևորագույն հանրային ծառայությունների, օրինակ՝ դպրոցների և հիվանդանոցների համար անհրաժեշտ ռեսուրսները պարզապես չյուրացվեն և չթաքցվեն արտերկրի «հարկային դրախտներում» կամ գույքի շուկաներում:

Հենց այդպիսի՛ փոփոխություն է իրական սեփականատերերի կենտրոնացված, հանրային ռեգիստրների սահմանումը՝ որպես գլոբալ ստանդարտ:

Եկե՛լ է գործելու ժամանակը:

***

Ուղերձը ստորագրելու համար, խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ https://bit.ly/3nMQoHW ՝ լրացնելով պահանջվող դաշտերը։ Ուղերձը պետք է ստորագրել մինչ ս.թ. հունվարի 20-ը։

Ուղերձը հասանելի է նաև ռուսերեն և անգլերեն տարբերակներով։