2020թ․ հոկտեմբերի 14-ին մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դիմել էին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ՆԱՏՕ-ի Բրյուսելում Կովկասի պատասխանատու Դեսպինա Աֆենտուլինին, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսին եւ Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանություններին՝ կանխելու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական սրացմանն ուղղված գործողությունները:

Չնայած հանցագործությունների և խախտումների ներկայացմանը՝ մինչ օրս հասարակական կազմակերպությունների դիմումի վերաբերյալ ՆԱՏՕ-ից և ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության կողմից որևէ արձագանք չենք ստացել, չի ներկայացվել դաշինքի դիրքորոշումը իր անդամ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ:

Մենք գտնում ենք, որ ՆԱՏՕ-ն, հանդիսանալով միջազգային ահաբեկչության դեմ պայքարող ռազմաքաղաքական կառույց, պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել կանխելու հետագա ահաբեկչական գործողությունները, ահաբեկչական միավորումների տեղակայումը Հարավային Կովկասում և ընդհանրապես ողջ տարածաշրջանում:

Հյուսիսատլանտյան դաշնագրի համաձայն՝ Միավորված ազգերի կանոնադրությամբ նախատեսված՝ կողմերը պարտավորվում են ցանկացած միջազգային հակամարտություն լուծել խաղաղ ճանապարհով՝ չվտանգելով միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ինչպես նաև արդարությունը: Կողմերը պարտավորվում են նաև իրենց միջազգային հարաբերություններում զերծ մնալ սպառնալիքների կամ ուժի այնպիսի կիրառումից, որը հակասում է Միավորված ազգերի նպատակին: Հայաստանը՝ որպես Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր, համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանության ոլորտում՝ Աֆղանստանում և Կոսովոյում, և քաղաքականության ու անվտանգության ոլորտներում՝ ժողովրդավարության չափանիշներ, իրավունքի գերակայություն և կոռուպցիայի դեմ պայքար: Այս լույսի ներքո` ՆԱՏՕ-ի դաշնակցի կողմից ՆԱՏՕ-ի գործընկեր պետության նկատմամբ, ինչպես նաև մեկ գործընկեր պետության (Ադրբեջանի) կողմից մեկ այլ գործընկեր պետության (Հայաստանի) նկատմամբ ռազմական գործողությունը խարխլում են ՆԱՏՕ-ի հանուն խաղաղության համագործակցության ոգին և ՆԱՏՕ-ի դիրքորոշումը՝ խրախուսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

Քաղաքացիական հասարակությունը մտահոգություն է հայտնում, որ ՆԱՏՕ-ի և նրա անդամ պետությունները Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի անդամ, իրենց գործընկեր պետության Թուրքիայի կողմից ձեռնարկվող ահաբեկիչների ներգրավման, և ահաբեկչության ծավալմանն ուղղված գործողությունների կանխման, կասեցման ուղղությամբ որևէ միջոցներ չեն ձեռնարկել, որը կարող է դիտարկվել անգործություն և անտարբերություն Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնարար սկզբունքների պահպանման նկատմամբ:

Ակնկալում ենք, որ անհրաժեշտ միջոցառումներ այնուամենայնիվ կձեռնարկվեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար պրն․ Ստոլտենբերգի կողմից Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հրադադարի ռեժիմի շարունակվող խախտումների և դրանց հետևանքով մարդկային կորուստների վերաբերյալ հայտնած մտահոգություններից կոնկրետ և իրական գործողություններ, քայլեր կատարելու ուղղությամբ:

Ուստի, սույն նամակով վերստին դիմում ենք Ձեզ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, որոնք իրապես շահագրգիռ են լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման սկզբունքներին համապատասխան, առաջարկելով ՆԱՏՕ կանոնադրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի օրակարգում հրատապ կարգով քննարկման դնել հետևյալ հարցերը՝

  • ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ուղղակի և անուղղակի կերպով ներգրավման կանխում,
  • Թուրքիայի կողմից ահաբեկիչներ վարձելու և Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող ռազմական գործողություններին ներգրավելու բացառում,
  • Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական գործողություններում պատերազմական հանցագործությունների օբյեկտիվ քննության անցկացում և կանխարգելման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկում։

Ստորագրյալներ՝

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Բաց հասարակության հիմնադրամ Հայաստան

Իրավունքի Զարգացման և Պաշտպանության Հիմնադրամ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Համայնքների ֆինանսիստների միավորում

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ

Քաղաքականության հետազոտական կենտրոն

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիա

Ազգային ջրային համագործակցություն ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ

Քվիր քուր պլատֆօռմ ՀԿ

Հասարակություն Առանց Բռնության ՀԿ

«Արծվաբույն Զեյթուն»՛ հայրենակցական միություն

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ

AEGEE-Երևան/Եվրոպական Ուսանողների Ֆորում

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Իրական Աշխարհ Իրական Մարդիկ ՀԿ

Սոցիոսկոպ ՀԿ

«Կանանց Ֆորում» ՀԿ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Ուրբան կայուն զարգացման հիմնադրամ

Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

«Կովկաս» հասարակագիտականհետազոտությունների կենտրոն ՀԿ

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն

Սոցիալական և երիտասարդական աշխատողներ

Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ

ԲԻԹՈՒԷՍ հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա ՀԿ

Երիտասարդական ակումբների դաշնություն

«Իրավունքի ուժ» ՀԿ

Մարդու իրավունքների տուն Երևան

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն