ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որի վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտնում է իր դրական կարծիքը։ Մասնավորապես՝ գտնում ենք, որ ներկայացված նախագծով առաջարկվող իրավակարգավորումներն արդեն իսկ գործող նորմերի հետ միասին հնարավորություն կտան ապահովել ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերում վերջիններիս նկատմամբ ենթադրյալ խախտումների դեպքերի բացահայտումը և հանրային իրազեկումը, ինչպես նաև նրանց հետ շփման արդյունքում հակաիրավական և խտրական վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ տեղեկատվության ստացումը։ Մասնավորապես․

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն ՀՀ նախագահը, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԺ պատգամավորները, Մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա և այլ սուբյեկտներ, որոնք թվարկված են նշված հոդվածում։ Ներկայացված նախագծով առաջարկվում է հստակեցնել օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց կողմից ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք և ելք ունենալու իրավունքի սահմանները այն դեպքում, երբ առկա է ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում: Մասնավորապես՝ նախատեսվում է երկու ռեժիմ.

  • Եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են բացառապես հաղորդակցվել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ: Ընդ որում՝ հաղորդակցությունը չի կարող իրականացվել մեկուսի:
  • Եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց քրեական վարույթն իրականացնող մարմնին դիմելու և թույլտվություն ստանալու դեպքում: Տեսակցության թույլտվություն տրամադրելը մերժվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանված որոշմամբ։

Գտնում ենք, որ խնդրի լուծման համար առաջարկվող վերոնշյալ երկու ռեժիմները համապատասխանում են իրավակիրառ պրակտիկայում առաջացող իրավիճակներին, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությամբ առկա են նաև այլ հիմքեր, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել ձերբակալված և կալանավորված անձանց նկատմամբ իրականացվող իրավախախտումները, մասնավորապես՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 6-րդ կետով և 21-րդ հոդվածի 3-րդ մասով փաստաբանին ընձեռված իրավունքը՝ իր վստահորդին առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) և անարգել, առանց քանակի սահմանափակման տեսակցելու և վերջինիս հետ մեկուսի հաղորդակցվելու իրավունքը։

Բացի այդ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են երաշխավորել ազատության սահմանափակման կամ ազատությունից զրկման վայրում գտնվող անձի հետ պաշտպանի կամ նրա ներկայացուցչի անարգել և խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունը: