Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը միացել է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությանը, որով խորը մտահոգությունն է հայտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ։ Չմեկնաբանելով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի և այդ դատարանի անդամների հայտարարություններում արտացոլված հայտնի հակասությունները` արձանագրում ենք հետևյալը:

Տարիներ ի վեր Հայաստանի Հանրապետության դատական համակարգը, այդ թվում` Սահմանադրական դատարանը, չեն վայելել հանրության վստահությունը, չեն բավարարել քաղաքական և կուսակցական ազդեցությունից զերծ` անկախ, անաչառև հեղինակավոր դատական իշխանության չափանիշները, գործադիր իշխանության և իշխող քաղաքական ուժի ձեռքում ծառայել են որպես պետության զավթման կարևոր գործիք։ ՍԴ-ի այդ դերակատարությունը դրսևորվել է հատկապես համապետական ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների հետ կապված վեճերով, երբ բարձր դատարանն անկարող է եղել պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքները և ազատությունները:

2015թ. դեկտեմբերի հանրաքվեով Սահմանադրության փոփոխությունները, լեգիտիմության հետ կապված բոլոր ավանդական խնդիրներով հանդերձ, հասարակության կողմից արդարացիորեն ընկալվեցին որպես իշխող վերնախավի կողմից ձևավորված արատավոր համակարգի հավերժացման փորձ։ Այսօրվա ճգնաժամային իրավիճակի հիմնական պատճառներից մեկը դարձավ այն, որ Հանրապետական մեծամասնությունը, խախտելով Սահմանադրական դատարանի՝ 2015թ. Սահմանադրությամբ նախատեսված ինքնավարության և քաղաքական ազդեցություններից զերծ լինելու սկզբունքն ու կարգավորումները, 2018թ. մարտի 2-ին ՍԴ անդամ, իսկ մարտի 23-ին` ՍԴ նախագահ դարձրեց իրենց կուսակից Հրայր Թովմասյանին՝ դրանով իսկ այլափոխելով Սահմանադրության յոթերորդ գլխի՝ Սահմանադրական դատարանի կազմավորմանը վերաբերող դրույթների բովանդակությունը։

2018 թվականի քաղաքական զարգացումների արդյունքում Հայաստանը մտավ կարևոր շրջան, որի նպատակն ավտորիտար համակարգից դեպի ժողովրդավարական համակարգանցումն էր։ Այս անցումային շրջանի առաջին երկու փուլերում ժողովրդի ճնշմամբ ու քվեով ձևավորվեցին իշխանության նախ` գործադիր, ապա` օրենսդիր ճյուղերը։ Բնականաբար, հաջորդ փուլում ենթադրվում է դատական համակարգի լեգիտիմացում, երրորդ իշխանության մաքրում կոռուպցիայից և նախկին ռեժիմի քաղաքական և տնտեսական շահերը սպասարկողի կարգավիճակի վերացում։

Այս ճգնաժամը չի կարող հանգուցալուծվել որևէ այլ ընթացակարգով, քան Սահմանադրության ապահովման համար պատասխանատվություն կրող համապատասխան մարմինների կոնսենսուալ համաձայնության միջոցով:

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը սույնով կոչ է անում.

  • ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարությանը և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին,ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին և անդամներին՝ սահմանադրական ճգնաժամի օր առաջ հանգուցալուծման նպատակով անհապաղ ձեռնամուխ լինել խորհրդակցական գործընթացի և ձեռնարկել վճռական ու առարկայական քայլեր։
  • Սահմանադրական դատարանի անդամներին՝ խնդրին մոտենալ ոչ թե նեղ անձնային կամ խմբային շահերից ելնելով, այլ Սահմանադրական դատարանի լեգիտիմությանև հեղինակության վերականգնման և օրինակարգության պահպանման անհրաժեշտության գիտակցմամբ`կարևորելով հանրության շրջանում առկա տրամադրությունները, դրանով իսկ հնարավորություն ապահովելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համար։
  • Կոչ ենք անում նրանց նաև մինչև նշված խորհրդակցական գործընթացի ավարտը Սահմանադրական դատարանի անունից որոշումների ընդունումը բացառել՝ դրանց օրինականությունը վիճարկելի չդարձնելու և ճգնաժամը չխորացնելու նպատակով։
  • Միջազգային բոլոր կառույցներին՝ հաշվի առնել տվյալ խնդրի` Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության տեսանկյունից բացառիկությունը և կառուցողական ճանապարհով լուծման հրամայականը:
  • ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, փորձագիտական հանրությանը՝ ճգնաժամը հաղթահարելուց անմիջապես հետո լայն քննարկումներ նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների գործընթացին սկիզբ դնելու ուղղությամբ, ինչն անհրաժեշտ է հետագայում նման ճգնաժամային իրավիճակները բացառելու, պետական հանրակարգերի ժողովրդավարացման ու ամրապնդման համար։