Գլխավոր էջ Հայտարարություններ Հայտարարություն. Ի պատասխան iravaban.net էլեկտրոնային լրատվամիջոցի 2019թ. մայիսի 7-ի հրապարակմանը
Հայտարարություններ
2019 Մայ
10

Հայտարարություն. Ի պատասխան iravaban.net էլեկտրոնային լրատվամիջոցի 2019թ. մայիսի 7-ի հրապարակմանը

2003 թվականից ի վեր կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի տարբեր վարչակարգերի կողմից հռչակվել է որպես առաջնահերթություն և ձեռնարկվել են որոշ՝ հիմնականում հակակոռուպցիոն օրենսդրության բարելավմանն ուղղված քայլեր, որոնք, սակայն, չեն  հանգեցրել կոռուպցիայի նվազեցմանը՝ հիմնականում քաղաքական կամքի փաստացի բացակայության պատճառով: 2018 թվականի գարնանը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մեկնարկեց հակակոռուպցիոն պայքարի նոր փուլ, և երկրի ղեկավարության կողմից դրսևորվեց կոռուպցիան արմատախիլ անելու իրական  քաղաքական կամք: Նոր պայմաններում վերականգնվեց Հայաստանի հանրության հավատն արդարության նկատմամբ, և կտրուկ աճեցին ակնկալիքները՝ տեսնելու արմատական քայլեր ու շուտափույթ արդյունքներ կոռուպցիան հաղթահարելու առումով:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) դիրքորոշմամբ՝ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը հաջողությամբ կարող է պսակվել, եթե  երկրի ղեկավարությունն առաջնորդվի ոչ միայն այսօրեական նպատակներով ու հանրության կարճաժամկետ ակնկալիքները բավարարելու ձգտումով, այլև հակակոռուպցիոն քաղաքականությունը դնի կայուն կառուցակարգերի ու հենքի վրա՝ ապահովելով դրա շարունակականությունը, հետևողականությունն ու երկարաժամկետ արդյունավետությունը:

Վերջին ամիսների ընթացքում Հայաստանում ակտիվորեն քննարկվում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի ընտրության հարցը: ԹԻՀԿ-ն բազմիցս ներկայացրել է իր տեսակետն առ այն, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի վերաբերյալ ընդունվելիք որոշումն այնքան պարզունակ չէ, որքան ունիվերսալ vs. տարանջատված մոդելներից մեկնումեկն ընտրելը, ինչպես հաճախ ներկայացվում է հանրությանը: Միջազգային փորձը հուշում է, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի վերաբերյալ ճիշտ որոշում ընդունելու համար անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ երկրի սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական իրավիճակը, ձևավորված ավանդույթներն ու իրողությունները, [1] ինչպես նաև քաղաքական, տնտեսական, կառավարման, իրավական, կազմակերպական, կատարողական և հանրային վստահության գործոնները: [2] Պետք է գնահատել, թե ինչպիսի ինստիտուցիոնալ ճարտարապետության պայմաններում լավագույնս կարող են իրականացվել հանրային ծառայության օրինավորության (բարեվարքության) ապահովման, շահերի բախման կանխարգելման, գույքի, եկամուտների ու շահերի հայտարարագրման ու դրանց վերլուծության, կոռուպցիոն գործերի բացահայտման, հակակոռուպցիոն կրթության ու հանրային աջակցության, ազդարարման մեխանիզմների ու ազդարարների պաշտպանության, կոռուպցիոն ռիսկերի գնահատման, հակակոռուպցիոն միջոցառումների մոնիտորինգի և համակարգման գործառույթները: [3]

Հարկ է նշել, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի վերաբերյալ քննարկումներում միջազգային փորձագետների տեսակետները մեծամասամբ եղել են համահունչ վերոնշյալին: Նմանատիպ դիրքորոշում են արտահայտել ինչպես ԹԻՀԿ կողմից ս.թ. մարտի 12-ին կազմակերպված աշխատանքային քննարկման մասնակիցներ Ռուսլան Ռյաբոշապկան (Ուկրաինա, ՏՀԶԿ, ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի փորձագետ) և Վալց Կալնինշը (Լատվիա, ՏՀԶԿ, GIZ և Եվրոպայի խորհրդի փորձագետ), այնպես էլ Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի (ՀԻԱ) կողմից ս.թ. ապրիլի 17-18-ին կազմակերպված փորձագիտական միջազգային համաժողովի մասնակիցներ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գլոբալ հակակոռուպցիոն ծրագրի ներկայացուցիչներ Աիդա Արությունովան և Անգա Ռ. Թիմիլսինան:[4] Ընդ որում, փորձագետներից և ոչ մեկը հստակ չի ասել, որ Հայաստանը պետք է ընտրի այս կամ այն ինստիտուցիոնալ մոդելը: Նրանք մատնանշել են դրական ու բացասական կողմերը, տարբեր կառուցվածքի պարագայում հնարավոր խնդիրներն ու նկատառումները, և թողել են տվյալ որոշման պատասխանատվությունը երկրի ղեկավարությանը: Պետք է նկատել, որ Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչները, որոնք տիրապետում են տվյալ թեմային և ունեն տարիների փորձառություն հակակոռուպցիոն քաղաքականության մշակման ու իրականացման տարբեր գործընթացներում, հիմնականում վերապահումներ ունեն ունիվերսալ հակակոռուպցիոն մոդելի նկատմամբ՝ հաշվի առնելով դրան առնչվող ռիսկերը:

Այս համատեքստում, արձագանքելով ս.թ. մայիսի 7-ին ՀԱԻ iravaban.net էլեկտրոնային լրատվամիջոցում նույն կազմակերպության ներկայացուցիչ Մարիամ Զադոյանի հարցազրույցին, հարկ ենք համարում ընդգծել հետևյալը.

1.Վ.Կալնինշը Լատվիայի համալսարանի դասախոս է, անկախ փորձագետ, որը համագործակցում է ՏՀԶԿ, GIZ և Եվրոպայի խորհրդի հետ և, տվյալ դեպքում, չի ներկայացնում որևէ կազմակերպություն: Էթիկայի և կոռեկտության սահմաններից դուրս է միջազգային փորձառու մասնագետի վարկաբեկումը և նրա անկողմնակալությունը հարցականի տակ դնելը՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նրա փորձագիտական կարծիքը մշակվել է ԹԻՀԿ կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով աջակցել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի վերաբերյալ քննարկումներին:

2.Վ.Կալնինշի ս.թ. մարտի 12-ի միջոցառմանն ունեցած ելույթի սլայդերի և նրա կողմից մշակված փաստաթղթի կետերի համեմատությունն անհիմն է, քանի որ նրա գրավոր կարծիքը գրվել է ավելի ուշ և ընդգրկել ու ամփոփել է հարցերի առավել լայն շրջանակ, այդ թվում՝ հաշվի առնելով մարտի 12-ի միջոցառման ընթացքում շահագրգիռ կողմերի հնչեցրած կարծիքները:

3.Ս.թ. մարտի 12-ի միջոցառմանը Վ.Կալնինշն արդեն իսկ պատասխանել է ՀԻԱ ներկայացուցչի հարցին և տեղեկացրել, որ 2004 թվականի ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի զեկույցում Հայաստանին հստակ չի առաջարկվել ընտրել որևէ մոդել, այլ խորհուրդ է տրվել ուսումնասիրել տվյալ պահին առավել հանրահայտ ունիվերսալ մոդելների արդյունավետ փորձը: Բացի այդ, նա տեղեկացրել է, որ 2004 թվականից անցել է 15 տարի, որի ընթացքում աշխարհում հակակոռուպցիոն ինստիտուտների մասին գիտելիքն ու փորձն էականորեն զարգացել է, ուստի ներկայում տարբեր մոդելների առանձնահատկությունների, դրական ու բացասական կողմերի վերլուծությունների հիմքում առկա է առավել հարուստ փորձառություն:

ԹԻՀԿ-ը համոզված է, որ գաղափարների ու կարծիքների մրցակցությունը կարող է դրական ու արդյունավետ լինել խոր և համապարփակ մասնագիտական քննարկումների ու փորձահեն վերլուծությունների պարագայում: Մինչդեռ, սևեռուն գաղափարները և մակերեսային գիտելիքները ցանկացած գնով ու մեթոդով առաջ մղելու դեպքում այդ նույն մրցակցությունը կարող է ձևավորել արատավոր և վնասակար պրակտիկա: Քննարկումների արդյունավետությունն ապահովելու նպատակով առավել քան կարևորում ենք մասնագիտական կոռեկտությունը և սեփական գիտելիքները չգերագնահատելու անհրաժեշտությունը, ինչպես նաև փորձառու և բանիմաց մասնագետների կարծիքները լսելու ու վերլուծելու կարողությունը:

[1]https://www.oecd.org/corruption/acn/specialisedanti-corruptioninstitutions-reviewofmodels.htm

[2]https://www.oecd.org/corruption/acn/39971975.pdf

[3]https://transparency.am/files/publications/1536231168-0-179733.pdf

[4] https://www.facebook.com/1808200789497599/videos/399180070666081/UzpfSTExMjkwMjY1NTQ1MTgyMDoyNjI5MzU3MTU3MTM5Njc4/