2017թ․ հունվարի 23-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացել ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 4-ին «hetq.am» էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը):

Լրատվամիջոցի հրապարակման համաձայն, Մ.Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated) և «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.): Ընդ որում, առաջին երկու ընկերությունների բաժնեմասը նա ստանձնել է 2011թ. մարտ ամսին, այսինքն` այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը:

Քրեական գործի վարույթը կարճելու նախաքննական մարմնի հիմնավորումն այն է, որ իրավական օգնություն հայցելու մասին ՀՔԾ-ի միջնորդությունները Պանամայի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ իրավասու մարմինների կողմից չեն բավարարվել կամ շուրջ ութ ամիս տևած նախաքննության ընթացքում որևէ պատասխան չի ստացվել: Արդյունքում, վարույթ իրականացնող մարմինը, հիմք ընդունելով օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների պատասխանի բացակայությունը, եկել է այն եզրահանգման, որ Միհրան Պողոսյանի արարքներում հանցակազմն առկա չէ: Իսկ ինքը՝ Միհրան Պողոսյանն ընդհանրապես թյուրիմացություն է համարում օֆշորային սկանդալի հետ կապված ողջ պատմությունը:

Հարկ է հիշեցնել, որ նույն օֆշորային սկանդալի հրապարակմամբ պայմանավորված՝ Միհրան Պողոսյանը 2016թ․ ապրիլի 18-ին հրաժարական ներկայացրեց ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնից, ընդ որում՝ Ի․Ալիևի հետ նույն սկանդալային ցանկում հայտնվել չցանկանալու պատճառաբանությամբ։ Սակայն նա քրեական գործի կարճումից հետո պատրաստվում է ՀՀԿ-ի տարածքային ընտրական ցուցակով իր թեկնածությունն առաջադրել 2017թ․ Աժ ընտրություններում:

Կարծում ենք, որ նախկինում նմանատիպ կոռուպցիոն բացահայտումների նկատմամբ գործող իշխանությունների հովանավորչությունը, անհետևողականությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը նույնպես նախադեպ է հանդիսացել Մ․Պողոսյանի քրեական գործը կարճելու համար, ինչպիսին, օրինակ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության բաժնետեր հանդիսանալու սկանդալն էր։

Որպես ՀՀ ժողովրդավարացման և լավ կառավարման ջատագով հասարակական կազմակերպություն՝ անթույլատրելի ենք համարում այս գործի կոծկումը և հետամուտ չլինելը, ինչպես նաև՝ ցանկացած կուսակցության ցուցակում Միհրան Պողոսյանի ընդգրկումը, ով պաշտոնավարման ընթացքում զբաղվել է ձեռնարկատիրությամբ, ներգրավված է կոռուպցիոն և այլ սկանդալներում՝ հաճախ հայտնվելով ԶԼՄ-ների հրապարակումներում:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն