Բեռլին, 16 նոյեմբերի, 2016թ. – Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի այսօր հրապարակված զեկույցի՝ Եվրոպայի և Միջին Ասիայի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին գտնում է, որ կոռուպցիան հանդիսանում է իր երկրի ամենալուրջ հիմնախնդիրներից մեկը: Իսկ Մոլդովայում, Իսպանիայում և Կոսովոյում այդպես են կարծում յուրաքանչյուր երեք քաղաքացիներից երկուսը՝ ցույց տալով, որ անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ քայլեր ընդդեմ լիազորությունների չարաշահման և գաղտնի գործարքների:

Տարածաշրջանի հարցված քաղաքացիների մոտավորապես մեկ երրորդը վստահ է, որ իրենց երկրների պետական պաշտոնյաները և պատգամավորները մեծապես կոռումպացված են, իսկ այդ նույն հարցվածների մեծամասնության կարծիքով իրենց իշխանությունները չեն ձեռնարկում բավարար ջանքեր կոռուպցիան կանգնեցնելու համար:

Հարցվածների ավելի քան կեսը (Եվրամիության (ԵՄ) երկրներում՝ 53 տոկոս, ԵՄ անդամակցման թեկնածու երկրներում՝ 53 տոկոս և ԱՊՀ երկրներում՝ 56 տոկոս) նշել է, որ իրենց երկրների իշխանության փորձերը կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ տապալվել են: Առավել վատ գնահատականներ իրենց քաղաքացիների կողմից ստացել են Ուկրաինայի (86 տոկոս), Մոլդովայի (84 տոկոս), Բոսնիա և Հերցեգովինայի (82 տոկոս) և Իսպանիայի (80 տոկոս) իշխանությունները:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի ներկա հարցման մեջ ընդգրկվել են Եվրոպայի և Միջին Ասիայի 42 երկրների մոտավորապես 60,000 քաղաքացիներ, որոնց՝ կոռուպցիայի հետ իրենց առօրյա կյանքում առնչվելու փորձը ներկայացված է Մարդիկ և Կոռուպցիան. Եվրոպա և Միջին Ասիա (տես https://www.transparency.org/whatwedo/publication/7493 ) զեկույցում: Զեկույցը հանդիսանում է Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի շարքի հրապարակումներից մեկը:

Հանրային ծառայություններից օգտվելիս, միջին հաշվով, յուրաքանչյուր վեցերորդ հարցված վճարել է կաշառք: ԵՄ անդամ երկրների մեծ մասում այդպիսիք քիչ են եղել, իսկ ԵՄ-ից դեպի արևելք այդ թվերը աճում են: Կաշառք տվածների տեսակարար կշիռն առավել բարձր է Տաջիկստանում (50 տոկոս), Մոլդովայում (42 տոկոս), Ադրբեջանում և Ղրղզստանում (38-ական տոկոս), Ռուսաստանում (34 տոկոս): ԵՄ անդամներից նման կարգի երկրներ են Ռումինիան (29 տոկոս) և Լիտվան (24 տոկոս):

Առավել բարեկեցիկ երկրներում հարցվածների համարյա երկու երրորդը (65 տոկոս) գտնում է, որ հարուստներն ունեն չափազանց մեծ ազդեցություն իրենց երկրների քաղաքականության վրա: ԵՄ անդամակցության երկրներում այդ թիվը կազմում է 44 տոկոս, իսկ ԱՊՀ երկրներում՝ 46 տոկոս: Այս առումով ԵՄ երկրների շարքում առավել բարձր են տոկոսները Իսպանիայում (88 տոկոս), Պորտուգալիայում (85 տոկոս), Ֆրանսիայում (79 տոկոս), Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում (77-ական տոկոս):

Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ, պարոն Խոսե Ուգազը նշում է. «Կոռուպցիան լուրջ նհիմնախնդիր է ողջ Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանում: ԵՄ երկրներում շատ քաղաքացիներ տեսնում են, թե ինչպես են հարուստները և նրանք, ովքեր գտնվում են իշխանության մեջ, իրենց շահերի օգտին աղավաղում համակարգը: Իշխանություններն ուղղակի բավարար քայլեր չեն ձեռնարկում՝ սանձելու կոռուպցիան, քանի որ վերևում գտնվող անձինք դրանից ունեն մեծ օգուտներ: Հարստության, իշխանության և կոռուպցիայի միջև այս խորապես անհանգստացնող հարաբերություններին վերջ տալու համար իշխանությունները պետք է ապահովեն թափանցիկության ավելի բարձր աստիճան, ներառյալ՝ նրանց առումով, ովքեր տնօրինում կամ վերահսկում են ընկերություններ ըստ իրական սեփականատերերի հանրային ռեգիստրների:»

«Իշխանության բուրգի գագաթին գտնվող կոռումպացված վերնախավերին և օլիգարխներին դժվար է տապալել: Բայց մենք տեսել ենք, որ դա կարելի է անել, եթե մարդիկ միասնական են՝ իրենց առաջնորդներից ավելի բարձր չափանիշներ պահանջելու հարցում, և դատական համակարգն անկախ է և կարող է այդ կոռումպացված առաջնորդներին պատասխանատվության ենթարկել»- եզրափակում է պարոն Ուգազը:

Կոռուպցիայի դեմ պայքարն արգելակող առանցքային խնդիր է մնում այդ չարիքի դեմ բարձրաձայնող քաղաքացիների պաշտպանության անբավարար մակարդակը: Եվրոպայի և Միջին Ասիայի հարցվածների 30 տոկոսը նշել է, որ կոռուպցիոն հանցագործությունների մասին չհայտնողների աճող թվերը պայմանավորված են այն հանգամանքով, որ իրենք վախենում են հաշվեհարդարից: Դրա մասին հայտնող հինգ անձանցից (ազդարարներից) երկուսը նշել են, որ իրենք դրա հետևանքով տուժել են:

Հասարակության ներսում առկա է նաև բացասական վերաբերմունք այդպիսի անձանց նկատմամբ: Մասնավորապես, ԱՊՀ երկրներում հարցվածների միայն մեկ քառորդն (27 տոկոս) է գտնում, որ կոռուպցիոն հանցագործության մասին հայտնելը սոցիալապես ընդունելի վարքագիծ է:

Քիչ է նաև այն քաղաքացիների թիվը, ովքեր զգում են, որ իրենք կարող են օգտակար լինել՝ կանգնեցնելու կոռուպցիան իրենց երկրներում: ԵՄ երկրներում հարցվածների կեսից պակասն է (47 տոկոս) գտնում, որ իրենք զգում են, որ կարող են դերակատարում ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում: Այդ թիվն էլ ավելի է նվազում, երբ դիտարկում ենք ԱՊՀ երկրները (31 տոկոս):

Թրանսփարենսի Ինթերնեշնլը առաջ է քաշում չորս առանցքային առաջարկություն՝ նպաստելու քաղաքական կոռուպցիայի նվազմանը և զերծ պահելու կոռուպցիայի դեմ բարձրաձայնողներին իրենց նկատմամբ հաշվեհարդարից: Եվրոպայի և Միջին Ասիայի երկրների իշխանությունները պետք է.

Սահմանեն լոբինգի ավելի թափանցիկ կանոններ և ունենան լոբինգի ռեգիստրներ, որպեսզի ավելի հասկանալի լինեն քաղաքական որոշումների ընդունման շարժառիթները:
Ապահովեն դատական իշխանության անկախությունը, մասնավորապես, ԵՄ անդամակցության թեկնածու երկրներում և ԱՊՀ երկրներում: Այդ նպատակով պետք է նվազեցնել գործադիր իշխանության ազդեցությունը նրա վրա և ներդնել դատավորների նշանակման, տեղափոխման, առաջխաղացման և ազատման թափանցիկ և անաչառ մեխանիզմներ:
Ընդունեն և կիրարկեն ազդարարների պաշտպանության համապարփակ օրենսդրություն:
Աջակցեն ազդարարներին և կոռուպցիոն հանցագործությունների մասին բարձրաձայնողներին և ապահովեն նրանց կողմից բարձրաձայնված հանցագործությունների պատշաճ արձագանքումը և հետաքննությունը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոռուպցիայի դեմ պայքարի առաջատար քաղաքացիական հասարակության միջազգային կազմակերպություն է:

Ամբողջ զեկույցին ծանոթանալու համար այցելեք https://www.transparency.org/whatwedo/publication/7493: Աֆրիկայի և Մերձավոր Արևելք – Հյուսիսային Աֆրիկա տարածաշրջանների 2016թ. զեկույցներին ծանոթանալու համար այցելեք համապատասխանաբար http://www.transparency.org/whatwedo/publication/people_and_corruption_africa_survey_2015 և http://www.transparency.org/whatwedo/publication/people_and_corruption_mena_survey_2016 : Հյուսիսային և Հարավային Ամերիկաների և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների վերաբեյալ զեկույցները պատրաստ կլինեն 2017թ.

Բոլոր տվյալները հանդիսանում են Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի 2016թ. համաշխարհային բարոմետրի տվյալները, եթե այլ բան նշված չէ: Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանի համար Կոռուպցիայի 2016թ. համաշխարհային բարոմետրի հարցումներն իրականացրել են երկու հետազոտական ընկերություններ: «Թի-Էն-Էս Օփինյընը» (TNS Opinion) հավաքագրել է տվյալները դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով, իսկ «Էֆիշենս3-ը» (Efficience3)՝ համակարգչային օժանդակությամբ հեռախոսային հարցազրույցների (CATI) միջոցով: 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ. հուլիսը հարցման է ենթարկվել 58,238 մեծահասակ: Ստացված թվերը ներկայացված են իրենց վիճակագրական կշիռներով և ներկայացուցչական են բոլոր մեծահասակ (18 և ավելի տարեկան) անձանց համար:

###

Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2016 թ. հարցումը Հայաստանում

Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) պատվերով 2015թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2016թ. մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում TNS հետազոտական կազմակերպության կողմից անցկացվել է Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2016թ. հարցումը (ԿՀԲ-ի մասին ավելի մանրամասն տես “Հաճախակի տրվող հարցեր” նյութում): Հարցման ընտրանքը կազմել է 1,527 անձ (18 տարեկանից բարձր տարիքի բնակիչ) և որպես հարցման մեթոդ ընտրվել էր դեմ առ դեմ հարցազրույցը: Հայաստանն ընդգրկվում է ԿՀԲ հարցման մեջ չորրորդ անգամ անընդմեջ (նախորդ հարցումները, որոնցում Հայաստանն ընդգրկվել էր, անցկացվել էին 2009, 2010 և 2013 թվականներին):

Հայաստանին, նախկին ԽՍՀՄ հանրապետություններին և Թորքիային վերաբերող տվյալներն ամփոփ ներկայացված են ԿՀԲ նյութերի փաթեթում ներառված աղյուսակներում: Ավելի մանրամասն ԿՀԲ 2016թ. զեկույցի և այլ առնչվող նյութերի հետ մասին տես ԹԻ պաշտոնական կայքում (www.transparency.org):

ԿՀԲ 2016-ի Հայաստանի հիմնական արդյունքները

  • Կոռուպցիայի մակարդակը կրճատելու ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը շատ արդյունավետ կամ արդյունավետ է համարում հարցվածների միայն 14 տոկոսը (2013թ. այն հավասար էր 21 տոկոսի), այն դեպքում երբ այդ քայլերն անարդյունավետ կամ շատ անարդյունավետ է համարում հարցվածների 65 տոկոսը (2013թ. 53 տոկոսի փոխարեն):
  • Հարցման մեջ ընդգրկված հաստատություների (կառույցների)/ոլորտների[1] ներկայացուցիչներից կոռուպցիայի մեջ առավել ներքաշված են ընկալվում պետական պաշտոնյաները (հարցվածների 45 տոկոսը), Հանրապետության Նախագահը և իր աշխատակազմը (44 տոկոս) և հարկային մարմինների պաշտոնյաները (43 տոկոս):
  • Հարցվածների 66 տոկոսի կարծիքով հարուստներև Հայաստանում ունեն չափազանց մեծ ազդեցություն, և միայն 26 տոկոսն է կարծում, որ հարուստները ոչ մի ազդեցություն չունեն կամ ունեն սահմանափակ ազդեցություն երկրի կառավարման հարցերում:
  • Սակայն ինչպես և 2013թ. դեպքում էր, այս տարի էլ Հայաստանի դեպքում պատկերն առավել մտահոգիչ է դառնում, երբ դիտարկվում են հարցման այն արդյունքները, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարի մեջ մարդկանց ներգրավված լինելու ցանկությանը և այդ պայքարում իրենց դերի ընկալմանը: Մասնավորապես, հարցվածների 63 տոկոսը կարծում է (2013թ. այդ տոկոսը նույնն էր), որ շարքային քաղաքացու ներգրավվումը կոռուպցիայի դեմ պայքարում ոչինչ չի փոխի: Սա ԱՊՀ տարածքում ամենացածր ցուցանիշն է, իսկ ողջ տարածաշրջանում ավելի ցածր ցուցանիշ է գրանցվել միայն Չեխիայում (64 տոկոս), և նույնքան՝ Հունգարիայում: Կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել չի ցանկացել հարցվողների 52 տոկոսը: Այս ցուցանիշը հարցման մեջ ընդգրկված տարածաշրջանի 42 երկրների մեջ ամենացածրն է, և նույն պատկերն էր նաև 2013թ. հարցման ժամանակ, չնայած այն ժամանակ այդ տոկոսն էլ ավելի բարձր էր: Սա վկայում է կամ հասարակության անտարբերության մասին, կամ նրանում տիրող վախի մթնոլորտի, կամ էլ նրա կողմից Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի խաղաղ ձևերի անարդյունավետության մասին: Վերջապես, հայաստանցի հարցվողների 67 տոկոսը (2013թ. այն նույնպես 67 տոկոս էր) չի բարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին, եթե դրանց առնչվի կամ վկա լինի: Այս ցուցանիշով Հայաստանը նույնպես տարածաշրջանի 42 երկրների մեջ գտնվում է վերջին տեղում: Ընդ որում, ամենից հաճախ որպես պատճառ բերվում էր վախը հնարավոր հետևանքներից (41 տոկոս): Հետաքրքիր է նշել, որ 2013թ. Հայաստանում ամենից հաճախ (68 տոկոս կամ ամենաբարձր ցուցանիշն այն երկրների շարքում, որտեղ հարցվածների մեծամասնությունը չի բարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին) չէր հայտնի կոռուպցիոն դեպքերի մասին, քանի որ գտնում էր, որ դրանից ոչինչ չի փոխվի:
  • Հայաստանի վերաբերյալ այլ տվյալներից կարելի է հիշատակել, որ որևէ հաստատության/ոլորտի հետ առնչված հարցվողների միայն 24, որ ինքը այդ հաստատության/ոլորտի աշխատակցին կաշառք է տվել[2]: Վերջապես, Հայաստանի հարցվողների 77 տոկոսը նշել է, որ հասարակությունում հասարակությունում սոցիալապես ընդունելի չէ հայտնել կոռուպցիոն դեպքերի մասին: Սա նույնպես տարածաշրջանի կտրվածքով ամենաբարձր տոկոսն է:

[1] Այդ հաստատությունների/ոլորտների ներկայացուցիչներն են հանրապետության Նախագահը և նրա աշխատակազմը, պատգամավորները, գործարարները, պետական պաշտոնյաներըը, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները (առաջին անգամ են ընդգրկվում ԿՀԲ հարցումներում), ոստիկանները, դատավորները, հարկային մարմինների պաշտոնյաները և կրոնական առաջնորդները:

[2] ԿՀԲ նախորդ 2013 թ. հարցման ժամանակ կաշառք տվել էր հարցվողների 18 տոկոսը: