ՀՀ կառավարության 2000 թ. նոյեմբերի 25-ի՝ «Երևան քաղաքի հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի մասին» թիվ 774 և դրան հաջորդող` սեփականության օտարման և կառուցապատման համար հատկացման մասին որոշումներով[1] Հայաստանում սկիզբ դրվեց քաղաքաշինական մեծածավալ ծրագրերի, որոնք միաժամանակ նշանավորվեցին քաղաքացիների զանգվածային ունեզրկմամբ և բռնի տեղահանմամբ` կոպտորեն ոտնահարելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու իրավունքները: «Պետության կարիքների» քողի ներքո տեղ գտնող անօրինական գործընթացները նաև ուղեկցվեցին կոռուպցիոն դրսևորումներով, որոնց արձագանքները հասնում և շարունակվում են մինչ օրս:

Երևանի Հյուսիսային պողոտայի և, հետագայում, նաև Երևանի կենտրոնի այլ հատվածների կառուցապատման ծրագրերն, ըստ էության, ընդունվել են փակ դռների ետևում, մի քանի պաշտոնյաների կողմից` բացառապես շահույթ ստանալու նպատակներով: Դրա մասին են վկայում, մասնավորապես, երկրի առաջին պաշտոնատար անձի` Հայաստանի Հանրապետության այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի անթաքույց արտահայտվող անձնական շահագրգռվածությունը շինարարական ծրագրերով,[2] և հազարավոր քաղաքացիների ճակատագրերի խեղման ու քաղաքի պատմամշակութային ժառանգության ոչնչացման գնով ընդամենը մի խումբ անձանց ձեռնարկատիրական գործունեության խթանումը: Այս գործընթացներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի կողմից` ՀՀ կառավարության անօրինական որոշումների հիման վրա և ուղեկցվել այլ առնչվող պետական կառույցների, այդ թվում` վերահսկողական, իրավապահ և դատական մարմինների, հանցավոր անգործությամբ և/կամ անօրինական գործողությունները սատարող գործողություններով:

Որոշումների ընդունման անօրինական գործընթացներ

Երևանի Կենտրոնի կառուցապատման գործընթացներն իրականացվել են` խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որի 28-րդ հոդվածով սահմանված էր, որ «սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ»: ՀՀ Սահմանադրական դատարանի 1998 թ. փետրվարի 27-ի ՍԴՈ-92 որոշման համաձայն՝ անձի սեփականությունը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերով կարող էր օտարվել, իսկ նրա համաձայնության բացակայության դեպքում՝ պետության կողմից սեփականության իրավունքը դադարեցվել միայն կոնկրետ անշարժ գույքի վերաբերյալ օրենք ընդունելու միջոցով, որում կհիմնավորվեր օտարման բացառիկ կարևորությունն ու նշանակությունը և կնշվեր, թե օտարվող անշարժ գույքը հասարակության և պետության որ կարիքների բավարարմանն է ուղղվելու։ Այնուամենայնիվ, այդպիսի օրենքի բացակայությունը չի խոչընդոտել երկրի իշխանություններին ապօրինաբար առաջ մղելու իրենց հավակնոտ քաղաքաշինական ծրագիրը:

ՀՀ սահմանադրական դատարանի, վերը նշված ՍԴՈ-92 որոշման համաձայն, անշարժ գույքի օտարման իրավունք սահմանելու լիազորությունը պատկանում էր բացառապես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին, իսկ ՀՀ կառավարությանն ուղղակիորեն արգելված էր հասարակության և պետության կարիքների համար սահմանել անշարժ գույքի օտարման այնպիսի ընթացակարգ, որը նրան կօժտեր անշարժ գույքի օտարման իրավունքով:

ՀՀ կողմից 2002 թ. վավերացված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և դրան կից 1-ին արձանագրության 1-ին` սեփականության պաշտպանության վերաբերյալ հոդվածում ամրագրված է, որ «յուրաքանչյուր ‎ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով»: Երևանի կենտրոնի կառուցապատման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումներում երբևէ որևէ կերպ անդրադարձ չի կատարվել կոնվենցիայով նախատեսված «հանրության շահին» կամ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված «հասարակության կարիքին», իսկ շահարկվող «պետության կարիքի» բացառիկ լինելը մարդկանց սեփականությունը խլելու և նրանց փաստացի փողոց վռնդելու համատեքստում երբևէ չի հիմնավորվել:

Հարկ է նշել, որ եվրոպական նախադեպային իրավունքի համաձայն մասնավոր սեփականության մեկ այլ մասնավորի հանձնման միջոցով ունեզրկումը չի կարող համարվել «հանուն հանրային շահի» սեփականության օտարում:[3] Ելնելով դրանից՝ կարելի է պնդել, որ Երևան քաղաքի կենտրոնում քաղաքացիների սեփականությունն օտարվել է ոչ հանուն հանրային շահի, քանի որ այն ուղղակի կերպով փոխանցվել է մասնավոր ընկերությունների, որոնց նպատակն էր կառուցել շենքեր և դրանց տարածքների վաճառքից կամ վարձակալությունից ստանալ շահույթ: Օտարվող գույքի սեփականատերերին ստիպել են իրենց գույքի վաճառքի պայմանագրեր կնքել մասնավոր ընկերությունների հետ: Դրանցում պետությունը չի հանդիսանում կողմ և, փաստորեն, պատասխանատվություն չի կրում ոչ օտարման գործընթացների օրինականության, ոչ էլ պայմանագրերի պատշաճ կատարման համար:

Երևանի կենտրոնի քաղաքաշինական ծրագրի համար չեն իրականացվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննությունները, ինչով ռիսկի տակ է դրվել շրջակա միջավայրի ու կառուցապատման անվտանգությունը: Խախտվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, ըստ որի առանց դրական փորձաքննական եզրակացության գործունեությունն արգելվում է: ՀՀ կառավարության 1999 թ. մարտի 30-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» թիվ 193 որոշման համաձայն 1000 քառ. մետրից ավել տարածքում ծավալվող քաղաքաշինական գործունեությունը պետք է ենթակա լիներ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և համապատասխան հասարակական լսումների, մինչդեռ կենտրոնի կառուցապատման ծրագիրը, մեկնարկելով Հյուսիսային պողոտայի 72,000 քառ. մետրից և ընդարձակվելով մինչև 345,000 քառ. մետրի, չի անցել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» թիվ 96 որոշման համաձայն Կենտրոնի կառուցապատման քաղաքաշինական ծրագիրը պետք է ենթարկվեր համալիր փորձաքննության, որն, ի թիվս այլ նկատառումների, պետք է հաշվի առներ նաև բնապահպանական փորձաքննության արդյունքները: Վերջինիս բացակայության պարագայում, ակնհայտ է, որ Երևանի Կենտրոնի կառուցապատման ծրագրերի համար քաղաքաշինական փորձաքննություն ևս չի իրականացվել:

Խախտվել է նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջը կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկելու վերաբերյալ, որը պետք է իրականացվեր ՀՀ կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» թիվ 660 որոշման համաձայն: Քաղաքացիներն ընդամենը ծանուցվել են իրենց գույքի օտարման մասին, սակայն մասնակից չեն դարձվել տվյալ տարածքի վերաբերյալ որոշումների ընդունմանը:

Մինչև Երևանի կենտրոնի կառուցապատումը կատարվել է անօրինական նախապատրաստական աշխատանք` վերացնելու քաղաքի պատմամշակութային հուշարձանների պահպանմանն առնչվող հնարավոր արգելքը: Երևանի քաղաքապետը խախտել է ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման պահանջները և սահմանված ժամկետում ՀՀ արդարադատության նախարարության գրանցմանը չի ներկայացրել Երևան քաղաքի գործադիր կոմիտեի 1991 թ. ապրիլի 12-ի թիվ 6/18 որոշմամբ հաստատված՝ «Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների կոմպլեքսային պահպանման և օգտագործման նախագիծը», ինչի արդյունքում վերջինս կորցրել է ուժը: Չբավարարվելով դրանով՝ Երևանի քաղաքապետը նաև ինքն է ընդունել 2000 թ. օգոստոսի 30-ի թիվ 1137 որոշումը` Երևան քաղաքի գործադիր կոմիտեի վերը նշված որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: Արդյունքում, Երևան քաղաքը «դադարել է ունենալ» պատմության և մշակութային պահպանության ենթակա հուշարձաններ և իշխանությունները 4 տարի շարունակ` մինչև ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» թիվ 1616-Ն որոշման ընդունումը, հնարավորություն են ունեցել անարգել վնասել ու ոչնչացնել առնվազն 26 հուշարձան-շենքեր:[4]

Հատկանշական է, որ թեև ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2005 թ. հայտնաբերել է հուշարձանների ոչնչացման փաստը, մինչ օրս որևէ մեկը չի ենթարկել քրեական պատասխանատվության:

Գույքի հայեցողական գնահատում և փոխհատուցում

Սեփականության օտարման գործընթացները սկսելուց անմիջապես առաջ իշխանությունները քաղաքացիներին զրկել են իրենց օրինական տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հնարավորությունից` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն որոշումը, որը հետագայում` ՀՀ սահմանադրական դատարանի 2006 թ. ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող` ի թիվս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ հողային օրենսգրքի մի շարք հոդվածների: Արդյունքում, հողամասերի և շինությունների նկատմամբ սեփականության և օգտագործման իրավունք ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, իրենց գույքի նկատմամբ արգելանքի փաստի ուժով, չեն կարողացել կադաստրի մարմիններում իրականացնել իրենց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում և զրկվել են այդ գույքից:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի կողմից գույքի նկատմամբ պետական գրանցում չստացած իրավունքները, բնականաբար, չեն արտացոլվել գնահատող կազմակերպության կողմից կատարվող գնահատումներում և փոխհատուցման համար առաջարկվող գումարներում: Դրանք չեն հատուցվել նա հետագայում՝ դատարանների կողմից կայացված վճիռներով:

Քաղաքացիների գույքի գնահատումը կատարվել է կառուցապատող ընկերությունների կողմից վարձված մի քանի լիցենզավորված կազմակերպությունների, իսկ հիմնականում` «Արթին Էնթերփրայս» ՍՊԸ կողմից, որոնք իրենց վերապահված աշխատանքը կատարել են կամայականորեն` գույքը գնահատելով հնարավորինս ցածր և ցույց տալով տարբեր մոտեցում տարբեր քաղաքացիների նկատմամբ՝[5] այն պայմաններում, երբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեն գաղտնի էր պահում անշարժ գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալներն այդ տարածքներում կատարված անշարժ գույքի գործարքների վերաբերյալ:[6]

Երևանի կենտրոնի բնակիչների սեփականության դիմաց առաջարկվող փոխհատուցումը զգալի կերպով ցածր է եղել շուկայական գներից: Դրա ապացույցն են անկախ գնահատողների կողմից կատարված գնահատումների՝ մի քանի անգամ մեծ արժեքները: Այսպես, Երևանի Աբովյան 3/2 հասցեում գտնվող 303 քառ. մետր հողամասն ու 143.18 քառ. մետր բնակելի տարածքը կառուցապատողի կողմից վարձված «Արթին Էնթերփրայս» ՍՊԸ-ն գնահատել էր 104,222 եվրո, իսկ անկախ գնահատող «Էլեֆանտ Ռիալթի» ՍՊԸ կողմից նույն գույքը գնահատվել է 335,236 եվրո:[7] Չնայած գնահատումների միջև առկա զգալի տարբերությանը՝ անկախ գնահատման արդյունքները հաշվի չեն առնվել հայաստանյան դատարանների կողմից:

Կասկածելի կապեր կառուցապատողների հետ

Երևանի կառուցապատման ծրագրերի իրականացման հետևանքով քաղաքի կենտրոնի առավել արժեքավոր անշարժ գույքի նկատմամբ տասնյակ հազարավոր քաղաքացիների սեփականությունը իշխանությունների կողմից անօրինական կերպով և ոչ թափանցիկ գործընթացներով փոխանցվել է մեկ այլ խմբի` կասկածի տակ դնելով իշխանությունների հետ տվյալ արտոնյալ խմբի հարաբերությունների օրինավորությունը:

ՀՀ կառավարությունը չարաշահել է ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածով իրեն տրված հայեցողական լիազորությունը և Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման մեծածավալ և խոշոր ներդրումներ պահանջող ծրագրի իրականացման և սեփականության նկատմամբ իրավունքը առանց որևէ պաշտոնական հիմնավորման և առանց մրցույթի հանձնել մի քանի անհայտ, իսկ որոշ դեպքերում, կասկածելի ծագումով ընկերությունների:

ՀՀ կառավարության որոշումներով Երևանի քաղաքապետին թույլատրվել է հողամասերը տրամադրել կառուցապատողներին առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով` նրա ձեռքը տալով կոռուպցիոն լծակ` պայմանավորվելու նաև հնարավոր անօրինական մուծումների և գործընթացների վերաբերյալ: Այսպես, Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունից օգտվելով և «բանակցելով», հողատարածք է տրամադրել «Վիզկոն» ՍՊԸ-ին, որի տնօրեն Պավել Անդերսոնը 550,000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցել է քաղաքապետարան այս մարմնի հետ ուղղակի առնչություն ունեցող մեկ այլ կառուցապատողի` Սիմոն Աղազարյանի միջոցով, որը ներկայումս մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը խարդախությամբ տարբեր քաղաքացիներից հափշտակելու մեջ: Ընդ որում, Երևանի քաղաքապետն այս որոշումն ընդունել է՝ գերազանցելով իր լիազորությունը և փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության որոշման մեջ` ձեռքբերող ընկերություններից մեկի անունը` «Ավանտ-տուր» ՍՊԸ-ն փոխարինելով մյուսով` «Վիզկոն» ՍՊԸ-ով:[8] Հետաքրքրական է նաև այն, որ մի շարք կառուցապատողներ իրենց կողմից կառուցվող շենքերի նախագծերը պատվիրել են 1999-2004 թթ. Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի և քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, Երևանի կենտրոնի քաղաքաշինական ծրագրերի հեղինակ Նարեկ Սարգսյանին՝ վերջինիս վճարելով որպես մասնավոր անձի, կամ նրա վերահսկողության տակ գտնվող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերությանը:[9]

Այսպիսի գործընթացների պարագայում զարմանալի չէ, որ քաղաքային իշխանությունները, չխորշելով անօրինական միջոցներից, ջանացել են քաղաքացիների գույքը նրանցից բռնագրավել հնարավորինս ցածր գներով` սպասարկելով կառուցապատող ընկերությունների շահերը և նվազեցնելով նրանց կողմից քաղաքացիներին տրվող փոխհատուցումների չափը:

ՀՀ կառավարության որոշումներով Երևանի կենտրոնի տարածքի կառուցապատողների մի զգալի մասն ունի կասկածելի «կենսագրություն»:

Որոշ ընկերություններ հիմնադրված են և/կամ տնօրինվում են միևնույն անձանց կողմից, ընդ որում, անհասկանալի են տարբեր ընկերությունների անվան տակ քողարկվելու պատճառները: Այսպես, Պավել Անդերսոնը հանդիսանում է «Գրադշինինվեստ» ՍՊԸ-ի ու «Վիզկոն» ՍՊԸ-ի տնօրեն և «Գապբնակշին» ՍՊԸ-ի հիմնադիր: Գագիկ Պապոյանը «Գապբնակշին» ՍՊԸ-ի ու «Նարեկգրադ» ՍՊԸ-ի տնօրեն և «Նարեկ-Շելթեր» ՍՊԸ-ի հիմնադիրն է: Սիմոն Աղազարյանը հանդիսանում է «Գապբնակշին» ՍՊԸ-ի տնօրեն և «Նարեկ-Շելթեր» ՍՊԸ-ի տնօրեն և հիմնադիր: Էդուարդ Մելիքյանը «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի, «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի, «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի տնօրեն և «Ի Էմ Ս» ՓԲԸ-ի հիմնադիրն է: Սամվել Մայրապետյանը «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի, «Մերկատոր» ՍՊԸ-ի և «Պռոգրես-Արմենիա» ՍՊԸ-ի տնօրենն է: Գալինա Եդիգարյանը «Մակարեդ» ՓԲԸ-ի և «Նորդ Այլենդ» ՓԲԸ-ի տնօրենն է:

Մի քանի ընկերություններ, ինչպես օրինակ` «Թայմ Զիրոու» ՍՊԸ-ն և «Մակարեդ» ՓԲԸ-ն, գրանցված են օֆշորային գոտիներում, համապատասխանաբար, Վիրջինյան և Բահամյան կղզիներում, ինչը հարցականի տակ է դնում դրանց եկամտի աղբյուրների օրինականությունը: Որոշների հիմնադիրների կազմում կան կազմակերպություններ, որոնց մասին պատշաճ տեղեկատվություն առկա չէ նույնիսկ ինտերնետային կայքում (oրինակ` «Գրիար» ՓԲԸ-ի հիմնադիր` ռուսաստանյան «Չես-Տոր» ՓԲԸ-ի կամ «Էն Դաքսի» ՍՊԸ-ի հիմնադիր` ամերիկյան «Ռայթ ընդ Քուփր» ՍՊԸ-ի մասին և այլն): «Գրիար» ՓԲ ընկերության հիմնադիրներից մեկը պետական պաշտոնատար անձ է` ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը:

Հանուն «պետական կարիքների» կառուցապատողները գործունեություն են ծավալել բացարձակ թողտվության պայմաններում: Այսպես, «Վիզկոն» ՍՊԸ-ն ստացել է կառուցապատման իրավունք և իրականացրել շինարարություն առանց համապատասխան լիցենզիայի, ընդ որում, հողամասը ձեռք բերելուց հետո այն խոստովանել է, որ դեռ պարզ չի, թե ինչ է նախատեսում կառուցել: «Գապբնակշին» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Պապոյանը և «Նարեկ-Շելթեր» ՍՊԸ-ի տնօրեն Սիմոն Աղազարյանը հարյուրավոր քաղաքացիներից խարդախությամբ հափշտակել են առանձնակի խոշոր չափի գումարներ և չեն կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները, և չնայած, որ տարիներ շարունակ բնակիչների կողմից բողոքներ են հղվել իրավապահ մարմիններին, միայն ներկայումս է նրանց նկատմամբ առաջադրվել մեղադրանք:[10]

Ընդհանուր առմամբ, հայտնի չէ փակ բաժնետիրական ընկերություններ հանդիսացող ձեռքբերողների բաժնետերերի կազմը, ինչը կասկածներ է առաջացնում դրանց և պետական մարմինների սերտաճվածության մասին: Տվյալ խնդիրը հատկապես ուշագրավ է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի պարագայում, որին ակնհայտորեն տրված է առաջատար դեր ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ տարածքների կառուցապատման ծրագրերում: ՀՀ կառավարության որոշումներով առանց մրցույթի կառուցապատման նպատակով այս ընկերությանն են շնորհվել բազմաթիվ հողամասեր Հայաստանի տարածքում, ինչպես նաև փաստացի մենաշնորհ աղետի գոտու վերակառուցման նպատակով պետական բյուջեից կատարվող պետական գնումներում. «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն միակն է, որ իրականացնում է 1988 թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության՝ 39 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ պետական ծրագիրը: Հարկ է նշել, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հետ ՀՀ կառավարության համագործակցությունը շարունակվում է` հաշվի չառնելով դրա կողմից իրականացվող շինարարության ցածր որակի և պայմանագրերով աշխատող շինարարների վճարումների չկատարումների վերաբերյալ ստացված բազմաթիվ ահազանգերը:

Կասկածելի են ՀՀ կառավարության կողմից ձեռքբերողների պաշտպանությանն ուղղված գործողությունները կամ անգործությունը: Հանրությանը երբեք հասանելի չեն եղել կենտրոնի կառուցապատմանն առնչվող քաղաքաշինական փաստաթղթերը` ճարտարապետահատակագծային առաջադրանքները, քանդման/շինարարության թույլտվությունները, փորձաքննական եզրակացությունները, ինչի պատճառ կարող էր լինել կամ դրանց բացակայությունը կամ հանրությունից թաքցնելու ցանկությունը:[11]

Չնայած, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն պահանջվում են ձեռքբերողների ֆինանսական միջոցների աղբյուրների կամ երաշխիքների մասին տեղեկություններ, ՀՀ կառավարությունը չի տրամադրում դրանք հասարակությանը:[12]

Պատմամշակութային հուշարձանների տարածքում կառուցապատում իրականացնող ընկերությունների կողմից այդ հուշարձանների նկատմամբ անփույթ վերաբերմունքը որևէ կերպ չի հետապնդվում պետական կառավարման իրավասու մարմինների կողմից: Մի շարք հուշարձանների քարեր համապատասխան պարտավորագրերի համաձայն ենթակա են պահպանման կառուցապատողների կողմից, մինչդեռ առկա են փաստեր, որոնք կասկածի տակ են դնում դրանց պահպանությունը և գոյությունը: Օրինակ` ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությանը հայտնի չեն «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ի կոնտակտային տվյալները, որի պատասխանատվությանն են հանձնված Արամի 86 և Արամի 88-ի հուշարձանների պահպանությունը: Հայտնի չէ որևէ տեղեկություն «Էս Ջի Այ- Ինվեստ» ՍՊԸ-ի և «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ի կողմից կառուցապատվող Ամիրյան 2/8 և Նալբանդյան 20ա հասցեների հուշարձան շենքերի քարերի վերաբերյալ: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցապատվող տարածքի Պուշկինի 28 հասցեում գտնվող և այս ընկերությանը պահպանության պարտավորագրով հանձնված` ապամոնտաժված և տեղափոխման ենթակա հուշարձանի քարերը անհետացել են:

Կողմնակալ և անօրինական դատավարություններ

Իշխանությունները քաղաքացիներին մտցրել են փակուղի: Նրանց առաջարկել են ստորագրել պայմանագրեր և հրաժարվել սեփականությունից` ստանալով անհամարժեք փոխհատուցում, իսկ պայմանագիրը չստորագրելու դեպքում` զրկվել սեփականությունից դատական կարգով: Բազմաթիվ քաղաքացիներ, չհամաձայնվելով իրենց գույքի գնահատման և առաջարկվող փոխհատուցման չափերի հետ, հրաժարվել են ստորագրել պայմանագրերը և նրանց դեմ «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակը դիմումներ է ներկայացրել դատարան:

Հայաստանի դատարանները հայտնի բոլոր դեպքերում կայացրել են կողմնակալ որոշումներ և, անտեսելով ՀՀ սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող նորմերն ու ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-98 որոշումը, օրինականացրել են Հայաստանի քաղաքացիների ապօրինի ունեզրկման գործընթացները, և քաղաքացիներին, փաստորեն, վտարել փողոց:

Ինչպես պարզվել է Երևանի կենտրոնում կառուցապատում իրականացնող ընկերություններից մեկի` «Վիզկոն» ՍՊԸ-ի տնօրեն Պավել Անդերսոնի բացահայտումներից, դատավորները, բացի քաղաքացիների սեփականությունը տարբեր մեթոդներով խլելու վերաբերյալ կենտրոնացված պատվեր կատարելուց, ունեցել են նաև անձնական շահագրգռվածություն: Նա խոստովանել է, որ ինքը անձամբ կաշառել է իր գործով զբաղվող առաջին ատյանի դատավորին` վճարելով 5,000, իսկ վճռաբեկ դատարանի կողմից կառուցապատող ընկերության օգտին որոշում կայացնելու համար վճարել է 100.000 ԱՄՆ դոլար՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի ցուցումով:[13]

ՄԻԵԴ որոշումներին առնչվող խնդիրներ

Երկու տասնյակից ավելի ընտանիքներ ստիպված են եղել արդարադատություն հայցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և մի շարք գործերով վերջինս կայացրել է որոշումներ` ճանաչելով ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքի ոտնահարման փաստը: Սակայն ՄԻԵԴ-ի որոշումների փոխհատուցմանն առնչվող դրույթները առաջացնում են նոր հարցեր, որոնք մտահոգիչ են հատկապես այն առումով, որ այսուհետ պետք է ուղղորդեն հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման հետագա գործընթացները:

Անհանգստացնող է այն, որ ՄԻԵԴ-ի որոշումները, հայաստանյան պրակտիկայի օրինակով, փոխհատուցման վերաբերյալ առաջարկներում հաշվի չեն առել քաղաքացիների հարյուրավոր քառակուսի մետրերի հասնող հողամասերը մայրաքաղաքի կենտրոնում: Այսպես, Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի կողմից ընդհանրապես անտեսվել է մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող 240 քառակուսի մետր հողակտորը, որը վարձակալված էր քաղաքացու կողմից հատուկ իրավունքներով և այդ գույքի ընդամենը կադաստրային արժեքի վճարմամբ քաղաքացին կարող էր դառնալ դրա սեփականատերը, սակայն նա դա չէր կարողանում անել, քանի որ այդ հողակտորի նկատմամբ ՀՀ կառավարության թիվ 1151-Ն որոշմամբ արգելանք էր դրված:

Նմանապես, ՄԻԵԴ-ի կողմից անտեսվել է այն գույքը, որի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարելու հնարավորությունից քաղաքացիները զրկվել էին ՀՀ կառավարության նույն որոշմամբ դրված արգելանքի պատճառով: Այսպես, Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի և Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի գործերով դիմողներն ունեցել են, համապատասխանաբար, 30 և 120 քառ. մետր չգրանցված տարածքներ իրենց տներին կից, որոնց որևէ անդրադարձ չի կատարվել ՄԻԵԴ կողմից՝ հակառակ այս խնդրի վերաբերյալ ՄԻԵԴ-ի ընդունած՝ նախադեպային իրավունքի առկայությանը:

Մյուս կողմից, անհասկանալի է, թե ինչ մեթոդներով կամ ինչ քաղաքական բանակցությունների միջոցով են նշանակվել դատարանի կողմից առաջարկվող փոխհատուցումները շենքերի ու շինությունների համար, եթե դրանք որևէ կերպ չեն արտացոլում համապատասխան գույքի շուկայական գները Հայաստանում և հակասական են: Այսպես, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հավաստմամբ Երևանի կենտրոնում միավոր մակերեսի գինը տատանվում է 1,500-2,000 ԱՄՆ դոլարի միջակայքում,[14] որը կազմում է մոտավորապես 1,135-1,514 եվրո:[15] Դանիելյանն ընդդեմ Հայաստանի գործով դիմողի՝ նույն վայրում գտնվող տան 130 քառ. մետր տարածքի համար` 2012 թ. հոկտեմբերի 9-ի վճռով ՄԻԵԴ-ն առաջարկել է 85,000 եվրո փոխհատուցում, որը դիմողի` ՀՀ կառավարության կողմից ստացված 82,600 ԱՄՆ դոլարի (~62,560 Եվրո) հետ միասին կազմում է մոտավորապես 147,560 եվրո, այսինքն` մեկ քառակուսի մետրի համար 1,135 եվրո: Իսկ Թունյանն ընդդեմ Հայաստանի գործով դիմողի՝ նույն տեղում գտնվող տան 89.25 քառ. մետր տարածքի համար ՄԻԵԴ-ի կողմից առաջարկվող փոխհատուցումը 30,000 եվրո է, այսինքն` մեկ քառակուսի մետրի համար 336 եվրո:

Առաջարկելով նման անհասկանալի մոտեցումներով ձևավորված և անհամարժեք փոխհատուցում ` ՄԻԵԴ-ը, փաստորեն, լեգիտիմացնում է Հայաստանում քաղաքացիների սեփականության նմանապես անհասկանալի և անհամարժեք փոխհատուցմամբ բռնագրավման պրակտիկան: Արդյունքում, այն առհասարակ հարցականի տակ է դնում քաղաքացիների համար արդարադատության հնարավորությունը և, համապատասխանաբար, կանխարգելում դրան հասնելուն միտված գործողությունների ձեռնարկումը:

Մտահոգիչ են նաև ՄԻԵԴ-ի որոշումներով խթանվող կոռուպցիոն ռիսկերը: Դրանցով դիմողներին առաջարկվում են փոխհատուցման ենթակա գումարներ, որոնք փոխանակ վճարվելու պետական բյուջեից, վճարման համար ներգրավում են կառուցապատող ընկերություններին: Բաղդասարյան և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի, Ղարիբյանն ընդդեմ Հայաստանի և Ղասաբյանն ընդդեմ Հայաստանի որոշումներով հաստատվող ՀՀ կառավարության առաջարկությունները շփոթեցնող են, քանզի դրանցով նախատեսվող բնակելի տարածքով փոխհատուցումը ևս ակնկալվում է իրականացնել կառուցապատողների հաշվին: ՄԻԵԴ-ն անտեսում է Երևանի կենտրոնի կառուցապատման անօրինական գործընթացներում ՀՀ կառավարության և կառուցապատողների ակնհայտ և հանցավոր համագործակցությունը և, փաստորեն, տալիս իր համաձայնությունը, որպեսզի քաղաքացիների հետ վեճերը իշխանությունները լուծեն կառուցապատող մասնավոր ընկերությունների հաշվին` ոչ թափանցիկ բանակցություններով ու կասկածելի պայմաններով:

Հաշվի առնելով, որ Երևանի կենտրոնի կառուցապատման ողջ գործընթացը իր կոռուպցիոն բոլոր դրսևորումներով վկայում է իշխանությունների և տվյալ կառուցապատողների սերտաճման մասին, անընդունելի է այդպիսի կապերի ու պրակտիկայի հետագա խթանումը եվրոպական ժողովրդավարության ճանաչված ինստիտուտների կողմից:

Ինչպես նշվել է վերևում, ս.թ. ամռանը Երևանի կենտրոնում կառուցապատում իրականացնող ընկերություններից մեկի` «Վիզկոն» ՍՊԸ-ի տնօրեն Պավել Անդերսոնը կատարեց բացահայտումներ, որոնց միջոցով հստակեցրեց կոռուպցիոն այն մեխանիզմները, որոնց միջոցով իրականացվել են սեփականազրկման գործընթացները: Նա մատնանշեց նաև Երևանի քաղաքապետարանը, ՀՀ նախագահի աշխատակազմը և Հայաստանի դատարանները ներկայացնող պաշտոնատար անձանց կոնկրետ շրջանակ, որոնց անմիջական մասնակցությամբ և անձնական շահագրգռվածությամբ տեղի են ունեցել անօրինականությունները, և որոնք ներկայումս զբաղեցնում են բարձր պաշտոններ: Մինչ օրս Պ.Անդերսոնի հայտարարությունը մնացել է անարձագանք Հայաստանի իրավապահ մարմինների կողմից, քանի որ նրանք հրաժարվել են դիտել գործարարի խայտառակ բացահայտումները որպես հիմք քրեական հետապնդման համար: Հետաքրքրական է, որ քրեական գործ չի հարուցվում նաև Պ.Անդերսոնի դեմ սուտ մատնության հոդվածով, իսկ նրա կողմից կոռուպցիայի մեջ մեղադրվող անձինք չեն դիմում դատարան՝ իրենց զրպարտելու համար հերքում պահանջելու նպատակով: Այսպիսի գործընթացը կասկածի տակ է դնում անօրինականությունները բացահայտելու և դատապարտելու` իշխանությունների քաղաքական կամքի գոյությունը և, դրանով, փաստորեն, երաշխավորում է անօրինականության շարունակականությունը և հետագա անպատժելիությունը:

Հայաստանում կոռուպցիոն գործարքների փաստացի հովանավորչության պայմաններում, զուգակցվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի թերություններով, որը չի սահմանում հատկանիշներ հիմնավորելու «բացառիկ` գերակա հանրային շահի» բացառիկությունը և չի ապահովում պետության պատասխանատվությունը սեփականության օտարման գործընթացներում, ՄԻԵԴ-ի որոշումները կարող են հանգեցնել խիստ բացասական հետևանքների:

Այս որոշումները կարող են խթանել անհամարժեք փոխհատուցմամբ սեփականության բռնագրավման պրակտիկան Հայաստանում, ինչպես նաև ակտիվացնել «բացառիկ` գերակա հանրային շահի» անվան տակ մասնավոր շահը սպասարկող և օրըստօրե երկրի տարածքով մեկ ծավալվող հակասոցիալական և հակաէկոլոգիական ծրագրերը (մասնավորապես` հանքարդյունաբերությունն ու քաղաքաշինությունը): Անհամարժեք փոխհատուցումներն ու շրջակա միջավայրի վատթարացումը կարող են հանգեցնել երկրի բնակչության ծայրահեղ աղքատացմանն և արտագաղթի ծավալների աճին: Իսկ նման գործընթացների բողոքարկումն ու արդարադատության վերականգնման փորձերը քաղաքացիների կողմից այսուհետ կհամարվեն աննպատակահարմար:

[1] ՀՀ կառավարության 2000 թ. նոյեմբերի 25-ի թիվ 774, 2001 թ. հուլիսի 16-ի թիվ 645, 2001 թ. հոկտեմբերի 5-ի թիվ 950, 2002 թ. օգոսոտսի 1-ի թիվ 1150-Ն, 2002 թ. օգոստոսի 14-ի թիվ 1151-Ն, 2002 թ. օգոստոսի 1-ի 1169-Ն, 2003 թ. սեպտեմբերի 11-ի թիվ 1232-Ն, 2004 թ. մարտի 4-ի թիվ 399-Ն և 2004 թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշումները: Հետագայում, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարությունը 2007 թ. հունվարի 25-ի թիվ 108-Ն որոշմամբ ամփոփեց մինչ այդ պահը Երևան քաղաքի վարչական սահմաններում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և ձեռքբերողների ցանկը:
[2] Տես` http://www.youtube.com/watch?v=UFtgy3tMjgM
[3] Ջեյմս և մյուսներն ընդդեն Միացյալ Թագավորության
[4] Տես` http://genproc.am/am/46/item/581/ ; http://genproc.am/am/47/item/593/ և http://genproc.am/am/47/item/705/
[5] Օրինակ` Լալայանց փողոցի 21 բնակիչ Ռ.Ավոյանին պատկանող գույքը գնահատվել է 1 քառ. մետրը 849,62 ԱՄՆ դոլար (~644 եվրո), գրեթե չորս անգամ ավելի, քան նույն նույն տարածքում ապրող այլոց գույքը: Իսկ 20.16 քառ. մետր տարածքի սեփականատեր հանդիսացող տվյալ քաղաքացուն, որպես փոխհատուցման գնի` մոտ 13 տոկոսի չափով մասնակի փոխհատուցում, ուղղակի վաճառքի միջոցով տրամադրվել է 600քառ. մետր հողամաս` բնակելի տուն կառուցելու նպատակով:
[6] Օրինակ` «Վիզկոն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Հ.Աբրահամյանի 2008 թ. հուլիսի 31-ի պատասխան նամակը քաղաքացի Մ.Բաբայանին
[7] ՄԻԵԴ Գրիգորյան և մյուսներն ընդդեմ Հայաստանի գործ
[8] Տես` http://hetq.am/arm/articles/16450/amerikahay-pavel-andersony--asum-e-or--kasharel-e--qaxaqapetarani--u-dataranneri-nerkayacucichnerin-video.html
[9] Տես` http://www.youtube.com/watch?v=EN078DF1q_Y&feature=youtu.be, Հյուսիսային պողոտայի շենքերի նախագծեր[10] http://hetq.am/arm/articles/15577/artonyal-mexadryaly-ov-e-darnalu-qavutyan-nokhazy.html, http://hetq.am/arm/articles/15960/khardakhutyan-irakan-zohery-kam-inchpes-en-pashtonyanery-hamalrum-irenc-unecvatsqy.html
[11] Ի պատասխան «Պետական կարիքների զոհեր» ՀԿ 2010 թ. մարտի 12-ի հարցման` ճարտարապետական առաջադրանքների, շինարարության թույլտվությունների և նախագծերի վերաբերյալ, Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ դրանք համարվում են հեղինակային իրավունքի օբյեկտներ, և առաջարկել է դիմել կառուցապատող կազմակերպություններին:
[12] Ի պատասխան ԹԻՀԿ 2007 թ. ապրիլի 27-ի հարցման՝ ՀՀ կառավարությունն ու Երևանի քաղաքապետը չեն տրամադրել տեղեկություն Երևանի կենտրոնի կառուցապատողների՝ նախկինում ծավալած քաղաքաշինական գործունեության և նրանց ֆինանսական միջոցների աղբյուրների մասին:
[13] Տես` http://hetq.am/arm/articles/16450/amerikahay-pavel-andersony--asum-e-or--kasharel-e--qaxaqapetarani--u-dataranneri-nerkayacucichnerin-video.html
[14] Տես` http://www.azatutyun.am/content/article/24749498.html
[15] Մեկ ԱՄՆ դոլարի արժեքը 0.757 Եվրո է` ըստ 2012թ. դեկտեմբերի 24-ի տվյալների