Երևան, 10 դեկտեմբերի, 2012թ. Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Ողջ աշխարհում այդ երևույթի դեմ պայքարող անձանց և կազմակերպությունների համար այդ օրը ոչ միայն առիթ է` բարձրաձայնելու իրենց երկրներում գրանցված ձեռքբերումների և կորուստների, այլև` մտորելու ապագա անելիքների և մարտահրավերների մասին:

Այդ առումով, բավականին ուսանելի էր 2012 թվականը: Հաջորդելով 2011թ. բուռն իրադարձություններին, ինչպիսիք էին արաբական գարունը, «Գրավիր» շարժումները, եվրագոտու ճգնաժամը և այլն, այն ծնեց լավատեսական տրամադրություններ, որ այդ շարժումների թիրախ դարձած իշխանությունները, իսկ որոշ դեպքերում` նախորդ իշխանությունների տապալման արդյունքում իշխանության եկած նոր քաղաքական ուժերը համապատասխան դասեր կքաղեն և վճռական պայքար կմղեն այլևս անտանելի դարձած մի շարք բացասական երևույթների, այդ թվում` կոռուպցիայի դեմ: Սակայն, երբ իրավիճակը հանդարտվեց, պարզ դարձավ, որ և' բողոքի ալիքը մի կերպ դիմագրաված` հին, և' այդ ալիքի արդյունքում եկած նոր իշխողները պատրաստ չեն իրականացնել արմատական բարեփոխումներ:

Հեղինակավոր տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում և Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն շարժման, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կոռուպցիայի և իշխանության չարաշահման մակարդակները աշխարհի երկրների մեծ մասում շարունակում են մնալ բարձր: Մասնավորապես, ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2012 թ. դասակարգման աղյուսակում ընդգրկված 176 երկրների ավելի քան երկու երրորդի ցուցանիշը 0-ից 100 սանդղակով 50-ից ցածր է:1 Դա նշանակում է, որ կոռուպցիան այդ երկրների հանրային ոլորտում հանդիսանում է լուրջ հիմնախնդիր: Ուստի զարմանալի չէ, որ արաբական գարնան «ծիծեռնակներ» Եգիպտոսում և Թունիսում զանգվածները, խորապես հիասթափված լինելով նոր իշխանություններից, կրկին դուրս են եկել փողոց և պահանջում են իշխանափոխություն, իսկ բողոքի և գործադուլների համատարած ալիքը շարունակում է ցնցել Իսպանիան, Իտալիան, Հունաստանը և եվրագոտու այլ երկրները:

Այս ֆոնի վրա Հայաստանի ԹԻ ԿԸՀ արժեքի համարյա անփոփոխ մնալը2, իսկ երկրների շարքում իր գրաված տեղով նույնիսկ առաջընթաց գրանցելն,3 առաջին հայացքից, թվում է ոչ վատ ցուցանիշ: Եթե նաև հաշվի առնենք կոռուպցիայի դեմ պայքարում խոսքից գործի անցնելու վերաբերյալ իշխանությունների կողմից վերջին ամիսներին արված հավաստիացումները (մասնավորապես` ձուկը գլխից բռնելու, կոռուպցիայի նկատմամբ վիրահատական մոտեցում ցուցաբերելու վճռականություն և այլն) և առավել ակտիվացած հանդիպումները շահագրգիռ կողմերի հետ, կարելի է ենթադրել, որ իրավիճակը մեր երկրում կարող է նույնիսկ լավանալ: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) վերապահումով է մոտենում ներկայիս զարգացումներին և ՀՀ իշխանությունների հրապարակային ելույթներին: Նախ, ԿԸՀ Հայաստանի 2012 թ. ցուցանիշն ընդամենը 34 է, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Հայաստանին առնչվող գործարարները և փորձագետները շարունակում են ընկալել երկրի հանրային ոլորտը որպես վերին աստիճանի կոռումպացված ոլորտ: Այսինքն, հարկ է ոչ թե ոգևորվել, որ Հայաստանում կոռուպցիայի իրավիճակը մի փոքր ավելի լավ է քան հարևան Ադրբեջանում (27) կամ Իրանում (28), այլ` մտահոգվել, որ այն շատ ավելի վատ քան մյուս հարևաններ Թուրքիայում (49) կամ Վրաստանում (52):

Բացի այդ, 2012թ. շարունակել են նույն ուժգնությամբ դրսևորվել ԹԻՀԿ կողմից բազմիցս մատնանշված` կոռուպցիայի խորքային պատճառները:

Տնտեսությունն ու քաղաքականությունը մնում են մոնոպոլիզացված: Մասնավորապես, քաղաքական ոլորտի մոնոպոլիզացիայի հետևանք էին այս տարվա խորհրդարանական և տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ տեղ գտած քաղաքական կոռուպցիայի այնպիսի երևույթներ, ինչպիսիք էին` ընտրակաշառքի համատարած բաժանումն ու վարչական ռեսուրսի չարաշահումը իրենց տարբեր դրսևորումներով:

2012 թ. բեկում չմտցրեց նաև կոռուպցիայի մեկ այլ խորքային պատճառի` քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճման հարցում: Հայաստանում շարունակում են պատկառելի թիվ կազմել գործարարությամբ զբաղվող պատգամավորները, ինչպես նաև` գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները:

Այս տարի հանրությունն ականատես եղավ մի շարք նոր անարդար և քաղաքականորեն մոտիվացված դատավճիռների: Դրա հիմնական պատճառը դատական իշխանության ոչ անկախ լինելու հանգամանքն է, ինչն անխուսափելի է դարձնում տվյալ համակարգի կոռումպացված լինելը, ուստի և զարմանալի չէ, որ այդ իրողությունը շարունակում է արտացոլվել հանրության ընկալումներում:

Չնայած կոռուպցիայի դեմ պայքար ազդարարող մի քանի դեպքերի, ընդհանուր առմամբ շարունակվում է իրավապահ մարմինների անգործությունը մեղավորներին բացահայտելու և պատժելու գործում: Կոռուպցիոն գործարքներում բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներգրավումը բացահայտող տեղեկությունները ակնհայտորեն անտեսվում են` նշանավորելով նրանց անպատժելիությունը:

Անցնող տարվա առավել հիասթափեցնող բացահայտումը հասարակության շրջանում կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականության խորացումն էր և դրա արատավոր շղթայում ներգրավվելու պատրաստակամությունը, ինչն առավել ցայտուն դրսևորվեց անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Առանց կոռուպցիայի դեմ իրական և վճռական պայքարի և այդ պայքարում Հայաստանի հասարակության ակտիվ ներգրավվածության հնարավոր չէ հաղթահարել երկրում լայն տարածում գտած աղքատությունը և անպատժելիության մթնոլորտը, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների ոտնահարումների, խորացնում համատարած ապատիան և խթանում արտագաղթը: Կոռուպցիայի դեմ պայքարի հուսադրող սկիզբ կարող է հանդիսանալ 2013 թվականի նախագահական ընտրությունների պատշաճ անցկացումը` ապահովելով վարչական ռեսուրսի չարաշահումներից և անօրինականություններից զերծ` ազնիվ ընտրություններ: Իսկ վիրահատական լավագույն միջոցառումը կլինի գալիք նախագահական ընտրություններում ընտրացուցակների մաքրումը երկրից բացակայող ընտրողներից և ստորագրված ցուցակների հրապարակայնացումը ընտրություններից հետո:


1 - ԿԸՀ սանդղակում 0-ն նշանակում է բացարձակ կոռումպացված, իսկ 100-ը` բացարձակապես մաքուր ընկալվող հանրային ոլորտ:
2 - ԹԻ նոր մեթոդաբանությամբ և նոր սանդղակով Հայաստանի ԿԸՀ-ն անցյալ տարվա 33-ից այս տարի դարձել է 34:
3 - ԹԻ նոր մեթոդաբանությամբ անցյալ տարվա 110-րդ տեղից Հայաստանն այս տարի բարձրացել է 105-րդ տեղը, որը հետևանք է միայն այն բանի, որ ԿԸՀ դասակարգման աղյուսակում անցյալ տարի Հայաստանից մի փոքր ավելի լավ դիրքերում գտնվող որոշ երկրներում կոռուպցիոն իրավիճակնայս տարի էապես վատացել է: