Երևան քաղաքի ներկա քաղաքաշինական իրավիճակն այսօր ավելի քան երբևէ քննարկվում է հանրության շրջանում: Մենք, մի շարք կազմակերպություններ ու միավորումներ մեր աջակցությունն ենք հայտնում ու միանում 2012 թվականի մարտի 7-ին սկզբնավորված Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորմանը` կյանքի կոչելու համար Երևանի հանրությանը այսօր հուզող մի շարք համընդհանուր գաղափարներ:

Այս հայտարարությամբ մենք համախմբվում ենք ներքոնշյալ կետերի իրականացման համար տարվող միջոցառումներին` հանուն Երևանի պահպանության.

1. Երևանի կենտրոնն ամբողջությամբ հայտարարել հատուկ պահպանման ենթակա գոտի և ժամանակավորապես կասեցնել նոր շինարարական աշխատանքների թույլատրումը,

2. բացառել հանրային, հատկապես կանաչ տարածքների հաշվին իրականացվող ցանկացած կառուցապատում և ձեռնարկել քայլեր տարիների ընթացքում հասարակությունից վերցված ունեցվածքը հետ վերադարձնելու ուղղությամբ,

3. Երևան քաղաքի՝ տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում առկա և դեռևս չապամոնտաժված շինությունները ներառել պահպանության ենթակա հուշարձանների ցուցակում և վերանայել դրանց տարածքների կառուցապատմանն առնչվող բոլոր որոշումները,

4. անհապաղ սկսել վերջին երկու տասնամյակների ընթացքում ապամոնտաժված հուշարձանների վերականգնումը (Աբովյան, Բուզանդ, Կողբացի և Արամի փողոցներով պարփակված հատվածում),

5. համաձայն ՀՀ օրենսդրության՝ ապահովել հանրության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներին` քաղաքաշինական յուրաքանչյուր ծրագրի ու նախագծի համար իրականացնելով արդյունավետ իրազեկում և հանրային քննարկում՝ հաշվի առնելով հանրության կարծիքը:

ԱԺԶ մշակութային ՀԿ
Արամի խաչմերուկ շարժում
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Հին ու նոր քաղաք հիմնադրամ
Պետական կարիքների զոհեր ՀԿ
ՈւրբանԼաբԵրևան - Քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտ
Քաղաքացիական ֆորում ՀԿ
Ուտոպիանա.ամ - մշակութային-ստեղծագործական ՀԿ