2011թ. նոյեմբերի 25-ին ՀՀ վարչապետի կողմից ընդունվել է N 1122-Ա որոշումը «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին»: Որոշումն ընդունվել է Օրհուսի կոնվենցիայից բխող' Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր մշակելու, այդ պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտ գործողությունները համակարգելու նպատակով:

2012 թվականի փետրվարի 14-ին բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ Օրհուսի կոնվենցիայից բխող, Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:

2012 թվականի փետրվարի 14-ին բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե իբր' «Ի կատարումն այդ որոշման՝ Ազգային ժողովը փետրվարին ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն անցել է հասարակական, նաև խորհրդարանական լսումներ»:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում հանդես գալ հայտարարությամբ, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Իրականում, վերը նշված օրենքի նախագիծը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածին համապատասխան հասարակական լսումներ չի անցել, Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվել և ԱԺ-ի կողմից ընդունվել է անօրինական ընթացակարգով:

Այդ օրենքի ընդունման դեմ թե 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, և թե այս օրերին շահագրգիռ հասարակությունը հիմնավորված կերպով դեմ է արտահայտվել: Նույն օրը' փետրվարի 14-ին, մեծ թվով ՀԿ-ներ և անհատներ դիմում են ներկայացրել ՀՀ նախագահին' պահանջելով օրենքը վերադարձնել ԱԺ' նոր քննություն իրականացնելու համար:

Բացի այն, որ նշված օրենքը ընդունվել է անօրինական ընթացակարգով, օրենքում տեղ գտած դրույթները չեն համապատասխանում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի ներկայացրեծ պահանջներին, ինչի մասին մանրամասն նշված է նախագահին ուղղված պահանջում:

Հանձնաժողովի նիստի ընթացքում, ներկայացնելով Օրհուսի կոմիտեի պահանջների կատարմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը նշեց, որ այդ պահանջի կատարման համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով' հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Հարկ է նշել, սակայն, որ հանձնաժողովի ստեղծումն ինքնին չի կարող դիտվել որպես Օրհուսի կոմիտեի պահանջների կատարմանն ուղղված միջոցառում: Կոմիտեի որոշման համաձայն, Հայաստանի կառավարությունը պետք է մինչև 2012թ. ապրիլի 1-ը իրական քայլեր ձեռնարկի ներկայացված պահանջները կատարելու ուղղությամբ, սակայն հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է միայն նույն ամսվա փետրվարի 14-ին:

Սա վկայում է այն մասին, որ պատկան մարմինները իրականում նպատակ չեն հետապնդում ապահովել Կոմիտեի պահանջների կենսագործումը, այլ ընդամենը տարվող աշխատանքի իմիտացիա են ստեղծում' հերթական անգամ ժամանակ շահելու համար:
Վերոգրյալի մասին է վկայում նաև Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանի և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի այն ապակառուցողական մոտեցումները, թե իբր Հայաստանը չի խախտել Օրհուսի կոնվենցիան:

Հակառակ այդ պնդմանը, հարկ ենք համարում մեջբերել Կոմիտեի որոշման եզրափակիչ մասը' «Ի գիտություն ընդունելով III/6b որոշման իրագործման ուղղությամբ Մասնակից պետության կողմից շարունակաբար գործադրվող ջանքերը, Կոմիտեն գտնում է, որ Հայաստանի օրենսդրության և պրակտիկայի մեջ դեռևս առկա են թերություններ, և դրանց պատճառով Մասնակից պետությունը սույն գործով ձախողել է կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը (56-րդ պարբերություն), ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները (համապատասխանաբար 70-րդ, 77-րդ և 79-րդ պարբերություններ)»:

Հուսով ենք, որ բնապահպանության նախարարը և աշխատակիցները հետայսու կդրսևորեն կառուցողական մոտեցում, և հանձնաժողովի գործունեությունը միտված կլինի սեղմ ժամկետներում Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված իրական և արդյունավետ քայլեր ձեռնարկելուն:

Հակառակ դեպքում հանձնաժողովի գործունեությունը դառնում է անիմաստ, իսկ մեր մասնակցությունը ընդամենը լեգիտիմացնելու է բնապահպանության նախարարություն անհամարժեք գործողությունները: Ելնելով հանձնաժողովի աշխատանքային տրամադրվածությունից և մոտիվացիաներից' մենք որոշում կկայացնենք այդ հանձնաժողովում մեր մասնակցության հարցի վերաբերյալ:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ նախագահ Սոնա Այվազյան
«Էկոդար» ՀԿ իրավաբան Արթուր Գրիգորյան