Մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք` երիտասարդ բնապահպան Մարիամ Սուխուդյանի նկատմամբ կիրառվող իրավական կամայականությունը. գնահատում ենք` Մարիամի դեմ սանձազերծվածը որպես քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անձանց լռեցնելու փորձ, որը վերջերս դրսևորվում է քրեական հետապնդումների ձևով: Այդ շարքում են ընտրակեղծիքների դեմ բողոքող դիտորդի և հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդի ձերբակալությունը, քաղաքական այլախոհություն պաշտպանել հանդգնող փաստաբաններին ներկայացվող մեղադրանքները և ընդդիմադիր լրագրողների նկատմամբ կիրառվող հետապնդումները. համոզված ենք, որ երկրում տիրող ապօրինությունների վերաբերյալ ահազանգ հնչեցնող, իրենց և այլոց քաղաքական ու քաղաքացիական իրավունքներն իրականացնելուն և պաշտպանելուն պատրաստ անձանց նկատմամբ շինծու քրեական մեղադրանք հարուցելը բնորոշ է միմիայն բռնատիրական ռեժիմներին: Հայաստանի իշխանությունների գործելակերպը նպաստում է ոչ թե ժողովրդավար երկրի գիտակից և արժանապատիվ քաղաքացիների, այլ ստրուկի հոգեբանությամբ անդեմ արարածների ձևավորմանը: պահանջում ենք` * անհապաղ դադարեցնել Մարիամ Սուխուդյանի նկատմամբ ծավալված հետապնդումները. * ապահովել քննության անկողմնակալություն և պատասխանատվության ենթարկել իրական հանցագործներին. * վերջ դնել մեր երկրում այլախոհների նկատմամբ իրականացվող ռեպրեսիաներին:
«Զարթոնք-89» ՀԿ, «Էկոդար» ՀԿ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ. «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, «Հայ կամավորականների համախմբում» շարժում, «Համաշխարհային անկախ երիտասարդների միավորում» կազմակերպություն, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ, «Հույս» ՀԿ, «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ, «Միջնաբերդ» մշակութային ՀԿ, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ, «Փաստաբաններ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ

