Դեկտեմբերի 9-ի առթիվ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.«Տեղական և միջազգային փորձագետները վկայում են, որ կոռուպցիան Հայաստանում համատարած է ու կրում է համակարգային բնույթ. այսինքն և ոչ մի ոլորտ կամ ինստիտուտ զերծ չի մնացել այդ արատավոր երևույթից: Կոռուպցիան շարունակում է քայքայել մեր պետականությունը, տնտեսությունը և բարոյականությունը: Չանդրադառնալ քաղաքական և վարչական կոռուպցիայի դեմ լուրջ և իրական պայքարին` նշանակում է վտանգել երկրի ներկան և ապագան:

2008թ. Հայաստանում սկսվել է նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը, ընդունվել և/կամ ուժի մեջ են մտել մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր, որոնք ունեն հակակոռուպցիոն ուղղվածություն, ինչպես նաև իրականացվել են այլ հակակոռուպցիոն նախաձեռնություններ: Դրանցից են ՀՀ Վերահսկիչ պալատի բացահայտումները տարբեր ոլորտներում տեղ գտած լուրջ խախտումների և չարաշահումների վերաբերյալ, պետական մարմինների աշխատակիցների քրեական հետապնդումները և դատապարտումները, դատախազության կայքում կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող տվյալների տեղադրումը, նոր արդարադատության համակարգի ներդրումը, վարչական դատարանների առկայությամբ, Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին ՀՀ օրենքի փոփոխությունները, հարկային դաշտին վերաբերող օրենքների փոփոխություններն ու ստուգումների անցկացումը, ոստիկանության ծառայության ոլորտում անցկացված բարեփոխումները, մասնավորապես` անձնագրային բաժիններում և ճանապարհային ոստիկանությունում, դատավորների աշխատավարձի բարձրացումը և այլն»:

Հայտարարության ամբողջական տեքստը