2008 թ. նոյեմբերի 17-ի երեկոյան Երևանում հարձակման և ծեծի է ենթարկվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ և «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Լրագրողը ստացել է ուղեղի ցնցում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նրա գլխին մի քանի կար են դրել: Էդիկ Բաղդասարյանին նախկինում էլ սպառնացել են, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այս հարձակումն անմիջական կապ ունի նրա մասնագիտական գործունեության հետ: Արդեն որերորդ դեպքն է, որ լրագրողները ենթարկվում են ստոր հաշվեհարդարի, իշխանությունները հավաստիացնում են, թե ամեն ինչ անելու են չարագործներին հայտնաբերելու համար, սակայն հանցագործությունները մնում են չբացահայտված, կատարողներն ու կազմակերպիչները` անպատիժ: Եվ այդ անպատժելիությունը արձակում է նրանց ձեռքերը, ովքեր կցանկանային լռեցնել ազատ խոսքը: Մենք դատապարտում ենք այս բռնարարքը և կոչ ենք անում իշխանություններին` հերթական անգամ սին խոստումներ տալու փոխարեն բացահայտել հանցագործությունն ու պատժել մեղավորներին:

Երևանի մամուլի ակումբ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ, Հայաստանի ժուռնալիստների միություն, «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոն, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան» ՀԿ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հետաքննական լրագրության Scoop դանիական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա