Մենք` ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս ՀՄՀ-Հայաստան ծրագրի նախապատրաստական և իրականացման անցած փուլերում մեծ շահագրգռությամբ մասնակցել ենք ծրագրի հնարավոր թիրախների մշակմանը, Շահառուների խորհրդի (ՇԽ) կազմավորման կարգի մշակմանը, ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, մոնիտորինգ և հանրային իրազեկում ենք իրականացրել` հնարավորինս ապահովելու ծրագրային գործընթացների թափանցիկությունը: Այդ ամենի հետ մեկտեղ, անցած 2 տարում ուշադրությամբ հետևելով Հազարամյակի մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրում քաղաքացիական հասարակության դերակատարությանը, որոշել ենք սեպտեմբերի վերջին կայանալիք ՇԽ-ի երրորդ գումարման ընտրությունների համար թեկնածուներ չհայտավորել և թեկնածություն չպաշտպանել` հետևյալ պատճառներով. ՀՄՀ-Հայաստան Ծրագրի հանրային հսկողության մարմինը` Շահառուների Խորհուրդը, որ կոչված է պաշտպանելու ծրագրի 750.000 ուղղակի շահառուների շահերը, իր կանոնակարգում համակարգային թերություն ունի, ինչը էականորեն նվազեցնում է ՇԽ-ի առաքելության իրականացման արդյունավետության աստիճանը. քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ 15 անդամներից բաղկացած Շահառուների խորհուրդը ծրագրի գլխավոր մարմին` Կառավարման խորհուրդ (ԿԽ) է պատվիրակում 5 հոգու իր կազմից, որոնք շարունակում են միաժամանակ մնալ ՇԽ-ում` այդպիսով հանգեցնելով շահերի ակնհայտ բախման: Անցած 2 տարվա ընթացքում ծրագրի ՇԽ-ի կազմից ԿԽ պատվիրակված մի քանի անդամներ մասնակցել են ծրագրային (կապալային) մրցույթների, ծրագրային միջոցներից պատվեր ակնկալելով, և բոլոր այդ մրցույթների անցկացման ժամանակամիջոցում մնացել են ՇԽ-ի ու ԿԽ-ի անդամներ: Բացի այդ, նրանք, մասնակցելով մրցույթներին, այդ մասին անհրաժեշտ չեն համարել տեղեկացրել Շահառուների խորհրդին: Շահերի այսօրինակ բախման քննադատություններին ի պատասխան, հայտատուները նշել են, թե իրենք ՇԽ-ից և ԿԽ-ից հրաժարական կտան միայն այն դեպքում, եթե մրցույթում շահեն: 2008 թվի հուլիսի 23-ի նիստում1 ծրագրի Կառավարման խորհուրդը միաձայն որոշել է դոլարի արժեզրկման և շինաշխատանքների թանկացման պատճառաբանություններով կրճատել ծրագրի ջրաշինարարական արդյունքները: պրաշինարարական արդյունքների կրճատումները, զանազան մեթոդաբանական հաշվարկներով, կազմում են 50-70 տոկոս: Այս որոշմանը ԿԽ-ի պետական պաշտոնյաների հետ միաձայն կողմ են քվեարկել նաև ՇԽ-ից ԿԽ պատվիրակված բոլոր 4 անդամները2: Այս կրճատման որոշումից առաջ ՇԽ-ի կարծիքն ու դիրքորոշումը չեն կամեցել իմանալ ոչ միայն ԿԽ-ի անդամները, այլև ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ը: Նման կրճատումն ուղղակիորեն և խստորեն վնասում է հարյուրհազարավոր գյուղացիների և ֆերմերների շահերին: Այնինչ, մի կողմից ծրագիրը պլանավորող և նախապատրաստող աշխատանքային խումբը պարտավոր էր ժամանակին պատշաճ կերպով կանխատեսել բոլոր հնարավոր ռիսկերը, իսկ, մյուս կողմից, կառավարությունը պարտավոր էր պահուստային կամ այլ միջոցներ ներդնել ծրագիրը չկրճատելու և գյուղացիներին հուսախաբ չանելու համար, մանավանդ, երբ ծրագրի համաֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների առկայության մասին ՀՀ իշխանությունները բազմիցս են վստահաբար արտահայտվել: ՇԽ-ի անցած 2 ընտրությունների ժամանակ քաղաքացիական հասարակության անունից են ներկայացել, ընտրել և ընտրվել մի ամբողջ խումբ կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, որոնք միաժամանակ աշխատում են պետական հիմնարկներում, արդյունքում` ՀՄՀ-Հայաստան ծրագրի խնդիրների լուծման գործում իրենց դիրքորոշումները հիմնականում համընկել են իշխանական պաշտոնյաների դիրքորոշումներին3: Դրանով շահագրգիռ հանրության մասնակցության գաղափարը նենգափոխվել է և իրական շահառուների (ոչ թե մասնավոր շահ հետապնդողների) պաշտպանությունը խորհրդում դարձել է գրեթե անհնարին: ՇԽ-ից համառորեն և հետևողականությամբ գաղտնի են պահվում ծրագրի ընթացքին և, հավանաբար, կասեցման կամ դադարեցման ռիսկերին վերաբերվող ու ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված գաղտնիք չպարունակող այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են ՀՀ նախկին նախագահ Ռ.Քոչարյանի և գործող նախագահ Ս.Սարգսյանի նամակները` ուղղված ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն պ.Դանիլովիչին: Վերոհիշյալ և այլ խնդիրների լուծման ուղղությամբ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության պաշտպանած ՇԽ երեք անդամների (Լևոն Բարսեղյան, Արթուր Սաքունց և Սեյրան Մարտիրոսյան) ներդրած ջանքերը հիմնականում ապարդյուն են եղել: Խնդիրների հնարավոր լուծումների նախաձեռնությունները ՇԽ-ի մեծամասնության ջանքերով տապալվել են: Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան և կորպորացիայի հայաստանյան ներկայացուցիչները ամբողջությամբ տեղյակ են վերոհիշյալ խնդիրներին, բայց էական ջանքեր չեն ներդրել դրանց լուծման համար և շոշափելի ազդեցություն չեն ունեցել ՇԽ-ի աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա: Այսպիսով, մենք գտնում ենք, որ ՇԽ-ն իր կանոնակարգային ձևաչափով ըստ էության, եղել ու մնում է որպես միջպետական համաձայնագրով պահանջվող` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձևական մարմին և ոչ թե շահառուների շահերի պաշտպան ու ի զորու է կարգավորել մանր ընթացակարգային հարցեր միայն: Առաջիկայում առավել խիստ հսկողության տակ ենք պահելու ՀՄՀ-Հայաստան ծրագրի ընթացքը, ՇԽ-ի և ԿԽ-ի աշխատանքները, և պարբերաբար հանրությանն ենք ներկայացնելու մեր դիտարկումները ծրագրի ընթացքի մասին: 15 սեպտեմբերի, 2008

  1. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  2. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
  3. Երևանի մամուլի ակումբ
  4. Հայաստանի Հելսինկյան կոմիտե
  5. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  6. Համայնքների ֆինանսիստների միություն
  7. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
  8. Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանյան մասնաճյուղ
  9. «Մենք պլյուս» ՀԿ
  10. «Կրթության ասպարեզ» ՀԿ
  11. Ազատանի «Ազատան» համայնքային կենտրոն
  12. Լրագրողների «Սելեն» ակումբ, ՀԿ
  13. «Հոգևոր Հայաստան», ՀԿ
  14. «Համագործակցություն հանուն ժողովրդավարության», ՀԿ
  15. Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն
  16. «Խնամք» ՀԿ
  17. Լոռե էկո ակումբ
  18. «Ֆեմիդա» ՀԿ
  19. «Վստահություն» սոցիալական աշխատանքի և հետազոտությունների կենտրոն
  20. «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա», ՀԿ
  21. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
  22. «Թիմ» հետազոտությունների կենտրոն, ՀԿ
  23. «Ինտերնյուս-Հայաստան» ՀԿ
  24. Հոգեկան առողջության հիմնադրամ
  25. Սոցիալական քաղաքականության և զարգացման կենտրոն
  26. Ս. Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն
  27. «Բժիշկների և ինժեներների միություն» ՀԿ
  28. Իրավունքների տեղեկատվական կենտրոն
  29. «Հույսի կամուրջ» ՀԿ
  30. «Դափնեճյուղ» ՀԿ
  31. «ՄԷԿ» մշակութային էքսպերիմենտալ կենտրոն»
  32. «Բիոսոֆիա» ՀԿ
  33. «Երաշխիք» ՔՀԿ ՀԿ
  34. «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն» ՀԿ
  35. «Գեոֆոն» ՀԿ
  36. «Շիրակ կենտրոն» ՀԿ
  37. Գյումրու Օրհուս-կենտրոն
  38. Ժամանակի հայացքից, ՀԿ
  39. Վանաձորի մամուլի ակումբ, ՀԿ
  40. Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն
  41. «Ֆերմերային Շարժում» ՀԿ, Սարգիս Սեդրակյան
  42. «Միջազգային փոխըմբռնման կենտրոն կովկասյան գրասենյակ» ՀԿ, Կարեն Գալստյան
  43. «էկոլոգիական ակադեմիա» ՀԿ, Գրեթա Գաբրիելյան
  44. «Հանուն արդարության» քաղաքագիտական հետազոտական կենտրոն ՀԿ, Վարդան Գրիգորյան
  45. «Մեղվաբուծների ազգային միավորում» ՀԿ, Թելման Նազարյան
  46. «Շողեր» միություն, Հասմիկ Ասլանյան

1 Պաշտոնական արձանագրությունը. http://www.mca.am/new/armversion/pdf/GC%20minutes-32-arm.pdf 2 Կարեն Նազարյան (Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախագահ), նիստում լիազորված անձ` Կարինե Բաղդասարյան, Արայիկ Հովհաննիսյան (Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահ), Վանիկ Սողոմոնյան (Ֆերմերների ազգային միավորման նախագահ), Աշոտ Ոսկանյան («Ագրոզարգացում» ՀԿ նախագահ, «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ տնօրեն: 3 2007 թվի ընտրությունների ժամանակ արձանագրվեց դեպք, երբ քաղծառայողը` ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գլխավոր մասնագետը, թեկնածուական հայտում չնշելով իր պետական պաշտոնը, ընտրվել էր ՇԽ անդամ և մասնակցել Կառավարման խորհուրդ 5 պատվիրակների ընտրության փակ-գաղտնի քվեարկությանը: