Գլխավոր էջ Մամլո հաղորդագրություններ Կոռուպցիայի ընկալման 2020թ․ համաթիվը բացահայտում է , որ լայնատարած կոռուպցիան թուլացնում է կորոնավիրուսի համավարակի հակազդումը և սպառնում է համաշխարհային վերականգնմանը
Մամլո հաղորդագրություններ
2021 Հուն
28

Կոռուպցիայի ընկալման 2020թ․ համաթիվը բացահայտում է , որ լայնատարած կոռուպցիան թուլացնում է կորոնավիրուսի համավարակի հակազդումը և սպառնում է համաշխարհային վերականգնմանը

Կոռուպցիան և կորոնավիրուսն ուժեղացնում են նահանջը ժողովրդավարությունից

Կոռուպցիայի ընկալման 2020թ․ համաթիվը բացահայտում է , որ լայնատարած կոռուպցիան թուլացնում է կորոնավիրուսի համավարակի հակազդումը և սպառնում է համաշխարհային վերականգնմանը

Կոռուպցիան և կորոնավիրուսն ուժեղացնում են նահանջը ժողովրդավարությունից

Բեռլին, հունվարի 28, 2020 - Կոռուպցիայի ընկալման 2020 թվականի համաթիվը (ԿԸՀ), որն այսօր հրապարակվեց Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից, վեր է հանում այն իրողությունը, որ չնվազող կոռուպցիան կորոնավիրուսի համավարակի ֆոնին խարխլում է առողջապահական համակարգերը և նպաստում է ժողովրդավարության նահանջին։

Այն երկրները, որոնց ԿԸՀ-ն ավելի բարձր է, ավելի շատ ներդրումներ են անում իրենց առողջապահական համակարգերում, ավելի ունակ են տրամադրելու առողջապահական ծառայություններ իրենց բոլոր քաղաքացիների համար և ավելի քիչ հավանական են նրանց կողմից ժողովրդավարական նորմերի խախտումները, ժողովրդավարական հաստատությունների խաթարելը կամ օրենքի գերակայության արհամարհումը։

«Կորոնավիրուսի համավարակը միայն առողջապահական և տնտեսական ճգնաժամ չէ։ Այն կոռուպցիոն ճգնաժամ է։ Ճգնաժամ, որի կառավարումը մենք ներկայումս տապալում ենք։ Անցած տարին մեր հիշողության մեջ իրեն հավասարը չունեցող փորձություն էր պետությունների համար, և այն երկրները, որոնցում կոռուպցիայի մակարդակներն ավելի բարձր էին, ավելի պակաս ընդունակ էին դիմակայելու իրենց առջև ծառացած մարտահրավերներին։ Բայց նույնիսկ այն երկրները, որոնք գտնվում են ԿԸՀ-ի վերին հորիզոնականներում, պետք է շտապ կերպով անդրադառնան իրենց մոտ և իրենց սահմաններից դուրս կոռուպցիայի տարածման մեջ իրենց խաղացած դերին։» - նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ տիկին Դելիա Ֆերեյրա Ռուբիոն։

Ընդհանուր տեղեկություններ ԿԸՀ 2020-ի վերաբերյալ

ԿԸՀ 2020-ի հրապարակումը դասակարգում է 180 երկրների և տարածքների ԿԸՀ-երն ըստ իրենց հանրային ոլորտի կոռուպցիայի մակարդակների ընկալման՝ հիմնվելով փորձագիտական գնահատումների և գործարար ոլորտի ղեկավարների 13 ուսումնասիրությունների վրա։ Կիրառվել է 0-ից 100 սանդղակը, որտեղ ԿԸՀ 0 արժեքը նշանակում է վերին աստիճանի կոռումպացված, իսկ, 100-ը՝ բացարձակ մաքուր։

Դասակարգման աղյուսակը 88-ական միավորով գլխավորում են Դանիան և Նոր Զելանդիան, իսկ եզրափակում են Սիրիան, Սոմալին և Հարավային Սուդանը, համապատասխանաբար 14, 12 և 12 միավորներով։

Վիճակագրորեն զգալի փոփոխություններ

Սկսած 2012 թվականից, որը ԿԸՀ ներկա մեթոդաբանությամբ իրականացվող հաշվարկների սկզբնակետն է, 26 երկրներ էապես բարելավել են իրենց ԿԸՀ միավորները։ Դրանցից են Էկվադորը (39 միավոր 2020 թ․-ին), Հունաստանը (50), Գայանան (41), Մյանմարը (28) և Հարավային Կորեան (61)։

ԿԸՀ իրենց միավորների զգալի նահանջ արձանագրած երկրներից են Բոսնիա և Հերցեգովինան (35 միավոր 2020 թ․-ին), Գվատեմալան (25), Լիբանանը (25), Մալավին (30), Մալթան (53) և Լեհաստանը (56)։

Աշխարհի երկրների մոտավորապես կեսի մոտ համարյա մեկ տասնամյակ է, ինչ նկատվում է լճացման վիճակ, երբ նրանց ԿԸՀ արժեքները չեն փոփոխվում։ Սա ցույց է տալիս, որ կոռուպցիայի արմատական պատճառների սանձահարմանն ուղղված այդ երկրների կառավարությունների ջանքերը հայտնվել են փակուղու մեջ։ Երկրների ավելի, քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 50-ից փոքր են։

Կորոնավիրուսի համավարակ

Կոռուպցիան կրիտիկական սպառնալիք է հանդիսանում քաղաքացիների կյանքի և ապրուստի միջոցների համար, մասնավորապես երբ այն զուգակցվում է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի հետ։ Առկա է փոխկապակցվածություն հանրային ոլորտի մաքրության (չկոռումպացվածության) աստիճանի և առողջապահության ոլորտում արվող ներդրումների ծավալների միջև։ Օրինակ, Ուրուգվայը (71 միավոր), որն ունի Լատինական Ամերիկայում ԿԸՀ ամենաբարձր արժեքը, կատարում է մեծ ծավալի ներդրումներ առողջապահության ոլորտում և ունի համաճարակաբանական հսկողության ուժեղ համակարգ, որը նրան շատ օգնեց՝ արդյունավետ արձագանքելու կորոնավիրուսի համավարակին և այլ համաճարակային հիվանդություններին, ինչպիսիք են, օրինակ, դեղին տենդը և Զիկան։

Ի տարբերություն Որուգվայի, Բանգլադեշում, որի ԿԸՀ արժեքը հավասար 26-ի, և որը քիչ է ներդնում առողջապահության մեջ, կորոնավիրուսի համավարակի ժամանակ կոռուպցիան ծաղկում էր սկսած առողջապահական հաստատություններում կաշառակերությունից և վերջացած այդ նպատակով հատկացված օգնության յուրացումով։ Կոռուպցիան լայն տարածված է նաև բժշկական պարագաների, նյութերի և սարքավորումների գնումներում։ Կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրները նաև հակված են լինել կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ օրենքի գերակայության և ժողովրդավարության նորմերի ամենավատ խախտողները։ Այդպիսի երկրներից են Ֆիլիպինները (34 միավոր), որտեղ կորոնավիրուսի համավարակին արձագանքումն ուղեկցվում էր մարդու իրավունքների և խոսքի ազատության վրա լայնածավալ հարձակումներով։

Շարունակելով իր նահանջը՝ ԱՄՆ-ն 2020թ․-ին հասավ 2012թ․-ից սկսած ԿԸՀ իր ամենացածր արժեքին (67 միավոր)։ Ի հավելումն ամենաբարձր մակարդակում շահերի բախման և պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապված մեղադրանքներին, 2020 թվականին համավարակի հաղթահարմանն ուղղված ԱՄՆ 1 տրիլիոն դոլար ծավալով օգնության փաթեթի նկատմամբ թույլ վերահսկողությունը ծնեց լուրջ մտահոգություններ և նշանավորեց նահանջ հաշվետու կառավարումը խթանող ժողովրդավարական վաղեմի նորմերից։

Առաջարկություններ

Անցած տարին շեշտեց բարեվարքությանը մարտահրավերները նույնիսկ ԿԸՀ բարձր միավորներ ունեցող երկրներում՝ ապացուցելով, որ աշխարհի և ոչ մի երկիր զերծ չէ կոռուպցիայից։ Կոռուպցիան կրճատելու և ապագա ճգնաժամերն ավելի արդյունավետ դիմակայելու համար Թրանսփարենսի Ինթերնեշնլը բոլոր պետություններին առաջարկում է․

Ուժեղացնել վերահսկողական մարմինները՝ ապահովելու համար միջոցների հասանելիությունը առավել կարիքավորների համար։ Հակակոռուպցիոն մարմինները և վերահսկողական հաստատությունները պետք ունենան բավարար բյուջեներ, միջոցներ և անկախություն իրենց պարտականություններն կատարելու համար։

Ապահովել բաց և թափանցիկ գնումներ՝ պայքարելու համար անօրինականությունների դեմ, վեր հանելու շահերի բախումը և ապահովելու համար արդար գնագոյացումը

Պաշտպանել ժողովրդավարությունը և նպաստել քաղաքացիական սեկտորի ընդլայնմանը՝ ստեղծելու համար նպաստավոր պայմաններ իշխանություններին` հասարակությանը հաշվետու լինելու համար

Հրապարակել վերաբերելի տվյալները և երաշխավորել տեղեկատվության մատչելիությունը՝ ապահովելու համար դյուրին, հասանելի, ժամանակին և բովանդակալից տեղեկատվություն հանրությանը։

Ծանոթագրություններ․

Թրանսփարենսի Ինթերնեշնլի Համաշխարհային առողջապահության ծրագրի նախորդ հետազոտությունը հայտնաբերել էր, որ կոռուպցիան համաշխարհային առողջապահական համակարգից տարեկան խլում է 500 միլիարդ ԱՄՆ դոլար։

Արհամարված համավարակը․ Ինչպես է կոռուպցիան առողջապահական ծառայությունների մատուցման ոլորտում վտանգում Առողջապահական ծառայությունների համընդհանուր մատուցմանը (2019թ․ զեկույց)

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ փաստագրված կոռուպցիան առողջապահության համակարգում ներառում է հիվանդներից անօրինական վճարումներ պահանջելը, մսխումը և գողությունը, վարակվածների իրական թվերի թաքցնելը, գերավճաները, ֆավորիտիզմը և մանիպուլյացիաները տվյալների հետ։

Արհամարված համավարակը․ Կորոնավիրուսի համավարակի հետևում․ կոռուպցիայի ազդեցությունը առողջապահական ծառայությունների մատուցման վրա (2020թ․ զեկույց)

Թրանսփարենսի Ինթերնեշնլի մասին

Թրանսփարենսի Ինթերնեշնլը վերջին ավելի քան 25 տարիներին կոռուպցիայի դեմ պայքարող քաղաքացիական հասարակության առաջատար համաշխարհային կազմակերպությունն է: Համատեղենք մեր ջանքերը https://transparency.org կայքի միջոցով:

Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին

Սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի ամենանշանակալի հրապարակումը՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ համաթվի արժեքների: 2012 թվականին Թրանսփարենսի Ինթերնեշնլը վերանայեց համաթվի հաշվարկման համար օգտագործվող մեթոդաբանությունը, որը հնարավորություն տվեց տարի առ տարի համեմատելու համաթվի արժեքները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://transparency.org/research/cpi.