Մամուլի հաղորդագրություն
«Մասնավորեցումը և օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին» հետազոտության ներկայացում
Երևան – Ս․թ․ հուլիսի 31-ին` ժամը 10:00-12։00-ին կկայանա առցանց հանրային քննարկում, որի շրջանակում կներկայացվեն Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից իրականացված՝ «Մասնավորեցումը և օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին» հետազոտության արդյունքները և տեղի կունենա փորձագետների ու պաշտոնյաների մասնակցությամբ մտքերի փոխանակում։
ԹԻՀԿ հետազոտության նպատակն էր ուսումնասիրել վերջին մոտ 20 տարիներին Հայաստանի Հանրապետությունում կատարված խոշոր ներդրումային, այդ թվում՝ մասնավորեցման, օտարման և այլ գործարքները, վեր հանել ու վերլուծել դրանց հետ կապված խնդիրները, թերությունները, սխալները, օրենսդրության բացերն ու կառավարման համակարգի խնդիրները, որոնց պատճառով Հայաստանի Հանրապետությունը և նրա քաղաքացիները կրել են նյութական և բարոյական վնասներ, չեն կարողացել ապահովել տնտեսական զարգացում և ստացված հասույթի հավասար բաշխում հասարակության բոլոր անդամների միջև և ունեցել են անդառնալի կորուստներ:
Հետազոտության գաղափարի հիմքում Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (Center for International Private Enterprise - CIPE) աշխատանքն է, որով սահմանվել են արատավոր (corrosive) և կառուցողական (constructive) կապիտալի հասկացությունները:[1]
Ակնկալվում է, որ հետազոտության արդյունքում արձանագրված խնդիրները և քաղած դասերը Հայաստանի Հանրապետության նոր իշխանություններին կօգնեն կատարելագործել պետական կառավարման համակարգը և օրենսդրությունը, ինչը կապահովագրի երկիրը ապագայի սխալներից, կօգնի երաշխավորել մաքուր կապիտալի հոսքը, Հայաստանի տնտեսությունը նվազ խոցելի կդարձնի արտաքին աշխարհից եկող ցնցումների և տնտեսական վայրիվերումների նկատմամբ և կերաշխավորի, որ ներդրումները ծառայեն ժողովրդի շահերին։
Քննարկման լեզուն հայերեն է՝ անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ՝ «Zoom» հարթակում: Քննարկմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև ս.թ. հուլիսի 30-ը ժամը 16:00: Միջոցառումը նաև կհեռարձակվի ԹԻՀԿ ֆեյսբուքյան էջով:
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել ԹԻՀԿ հաղորդակցության համակարգող Սամվել Ռուբենյանի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 094094092 կամ էլ-փոստի հասցեով՝ [email protected]: