Գլխավոր էջ Մամլո հաղորդագրություններ Երևանի քաղաքապետարանը թափանցիկության առումով զբաղեցրել է վերջին տեղը
Մամլո հաղորդագրություններ
2019 Հոկ
16

Երևանի քաղաքապետարանը թափանցիկության առումով զբաղեցրել է վերջին տեղը

Ս․թ․ հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Տեղեկատվության մատչելիությունը եվրոպական երկրների մայրաքաղաքներում» զեկույցի արդյունքների ներկայացում, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի գրանցած արդյունքները և դրա թափանցիկության ու հաշվետվողականության մակարդակի բարձրացման հնարավոր ուղիները։ Միջոցառմանը մասնակցել են հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ: 

Ուսումնասիրությունն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Սլովակիայի» համակարգմամբ իրականացվել է 26 եվրոպական երկրների մայրաքաղաքներում՝ 14 ցուցանիշներով, որոնք վերաբերում են տեղեկատվության հասանելիությանը, քաղաքապետարանների որոշումների ընդունման գործընթացին, ֆինանսական ռեսուրսների կառավարմանը, գնումների թափանցիկությանը, ավագանու նիստերի բովանդակության ու ընթացքի վերաբերյալ տեղեկատվության առկայությանը և ձևաչափին, ինչպես նաև ընտրված ներկայացուցիչների էթիկայի կանոններին

Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես է եկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Հետազոտության արդյունքները ներկայացրել է ԹԻՀԿ ծրագրերի մասնագետ-հետազոտող Միքայել Ավետիսյանը։ Ըստ բանախոսի` Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության կոնսորցիումը որոշել էր հետազոտություն իրականացանել տեղեկատվության մատչելիության վերաբերյալ: Մայրաքաղաքների հետազոտությունն իրականացվել է առանձին քաղաքների մակարդում, իսկ հետագայում գաղափար է ծագել համեմատական վերլուծություն կատարել` հասկանալու եվրոպական մայրաքաղաքների լավագույն փորձը։

Միքայել Ավետիսյանը նշել է, որ hետազոտությունն իրականացվել է քաղաքապետարանների պաշտոնական կայքերի տվյալների ուսումնասիրության հիման վրա, նաև հարցումներ են ուղարկվել քաղաքապետարաններ։ Ցուցանիշների համեմատաբար փոքր քանակի հաշվառմամբ՝ մայրաքաղաքների լիարժեք դասակարգում չի կատարվել: Փոխարենը քաղաքները բաժանվել են երեք՝ բարձր, միջին և ցածր արդյունքներ գրանցած  խմբերի։

Միքայել Ավետիսյանը ներկայացրել է Երևանի արդյունքները բոլոր14 ցուցանիներով: Երևանը հայտնվել է վերջին հորիզոնականում: Բանախոսը պարզաբանել է, որ հետազոտությունն իրականացվել է հետհեղափոխական շրջանում` 2018թ. հոկտեմբերից-դեկտեմբեր ամիսների տվյալների հիման վրա: Մինչդեռ այսօր քաղաքապետարանի կայքը բարելավվել է։

Հին ժողովրդավարություն հանդիսացող երկրի մայրաքաղաք Ստոկհոլմը ևս հայտնվել է ցածր միավորներ ունեցողների շարքում: Արևելաեվրոպական մայրաքաղաքների ցուցանիշերն ավելի բարձր են եղել: Բանախոսը սա բացատրել է նրանով, որ արևելաեվրոպական երկրներում նոր են ընդունվում թափանցիկության մասին օրենքներ, որոնք ավելի մեծ թվով պահանջներ են պարունակում՝ կոռուպցիայի բարձր մակարդակի հաշվառմամբ:

Հետազոտության ներկայացմանը հաջորդել է քննարկում, որի ընթացքում Միքայել Ավետիսյանը և Սոնա Այվազյանը պատասխանել են մասնակիցների հարցերին:

Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։

 

16 հոկտեմբերի, 2019թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

Ամփոփագիր

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) կազմակերպության բազմաթիվ գրասենյակներ իրականացնում են քաղաքային իշխանությունների թափանցիկության պարբերական գնահատումներ, ինչը նպաստում է նրան, որ համայնքներում որոշումների ընդունման գործընթացը հանրության համար դառնա ավելի տեսանելի, ապահովվի հանրային մասնակցությունը, ինչպես նաև բարձրանա ընտրված պաշտոնյաների հաշվետվողականությունը:

2018 թ․ հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին ԹԻ գրասենյակների կողմից ԹԻ-Սլովակիայի համակարգմամբ Եվրոպայի 26 մայրաքաղաքներում իրականացվել է քաղաքապետարանների գործունեության թափանցիկության գնահատում: Քանի որ հետազոտության ժամանակային սահմանները համընկել են ՀՀ-ում հետհեղափոխական անցումային շրջանի հետ, Երևանի քաղաքապետարանի առումով հետազոտության արդյունքերը հիմնականում արտացոլում են քաղաքապետարանի նախկին ղեկավարության գործունեության թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը։

Հետազոտությունն իրականացվել է ընտրված 14 ցուցանիշների համապատասխան, որոնք մասնավորապես՝ չափել են տեղեկատվության հասանելիությունը, քաղաքապետարանների որոշումների ընդունման գործընթացը, ֆինանսական ռեսուրսների կառավարումը, գնումների թափանցիկության աստիճանը, ավագանու նիստերի բովանդակության ու ընթացքի վերաբերյալ հաղորդման առկայությունը և ձևերը, ինչպես նաև ընտրված ներկայացուցիչների էթիկայի կանոնները:

Հետազոտության համար հիմք են ծառայել քաղաքապետարանների պաշտոնական կայքերի ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները։ Առանձին հարցերի պատասխաններ ստանալու համար հարցումներ են ուղարկվել քաղաքապետարաններ՝ կայքերում առկա կապի միջոցների արդյունավետությունը, ինչպես նաև աշխատակիցների հաշվետվողականությունը ստուգելու նպատակով։

Առաջիկայում ծրագրվում է իրականացնել եվրոպական մայրաքաղաքների տեղեկատվության մատչելիության ավելի համապարփակ գնահատում, որը կընդգրկի ավելի մեծ թվով քանակական և որակական ցուցանիշներ:

Հետազոտության արդյունքները

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ եվրոպական մայրաքաղաքների քաղաքացիները բախվում են տարբեր մարտահրավերների, երբ փորձում են տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչպես են աշխատում և վարձատրվում քաղաքապետարանի աշխատակիցները, ինչպես են նրանք օգտագործում իրենց կողմից վճարած հարկերը, կամ ինչ կազմակերպությունների հետ են կնքվում գնման պայմանագրեր:

Մի կողմից՝ քաղաքացիների համար հասանելի են քաղաքային բյուջեների, գնումային գործարքների, ավագանու որոշումների և նրանց կոնտակտային տվյալների մասին տեղեկությունները: Մյուս կողմից՝ միայն քիչ թվով մայրաքաղաքների դեպքում է հնարավոր տեղեկություններ ստանալ քաղաքապետի և ավագանու աշխատանքային գրաֆիկի ու աշխատավարձի վերաբերյալ։ Չնայած երկրներից շատերում գործող օրենսդրությանը՝ քաղաքացիների համար դժվարություններ են առաջանում տարբեր հարցերով դիմումներին պատասխան ստանալիս: Ուսումնասիրությանը մասնակցած երկրներից միայն 40%-ի դեպքում են քաղաքապետարանները տրամադրել տեղեկատվություն իրենց կնքած պայմանագրերի վերաբերյալ:

Ստորև ներկայացված են եվրոպական մայրաքաղաքների պատասխանները (տես Աղյուսակ 1)։ Կանաչ գույնով նշված են «այո», դեղինով՝ «մասամբ» և կարմիրով՝ «ոչ» պատասխանները:

Աղյուսակ 1. Մայրաքաղաքների պատասխանները

Ընդհանուր առմամբ, արևելաեվրոպական մայրաքաղաքների ցուցանիշերն ավելի բարձր են, քան հին ժողովրդավարություններ հանդիսացող իրենց գործընկերներինը: Սա կարող է բացատրվել նրանով, որ արևելաեվրոպական երկրներում նոր են ընդունվում թափանցիկության մասին օրենքներ, որոնք ավելի մեծ թվով պահանջներ են պարունակում՝ նկատի առնելով կոռուպցիայի բարձր մակարդակը: Լավագույն արդյունք գրանցած քաղաքներից է Պրահան։ Ինչ վերաբերում է հետխորհրդային երկրներին, ապա դրանք հայտվել են ցուցակի վերջում․ օրինակ՝ Բելգրադն ու Երևանը ցածր ցուցանիշներ գրանցած քաղաքներից են։

Ցուցանիշների համեմատաբար փոքր քանակը հաշվի առնելով՝ մայրաքաղաքների լիարժեք դասակարգում չի կատարվել: Փոխարենը քաղաքները բաժանվել են երեք կատեգորիաների․ կանաչ (առավելագույն միավորի առնվազն 75% գնահատականով), նարնջագույն (50-74.9% միավոր) և կարմիր (50% -ից ցածր) (տես Աղյուսակ 2)։

Աղյուսակ 2. Մայրաքաղաքների դասակարգումը՝ ըստ գնահատականների

Հետազոտությունը ցույց է տալիս, որ չկա որևէ քաղաք, որը բավարարի բոլոր պահանջներին և հանդիսանա լավագույն փորձի օրինակ մնացած քաղաքների համար: Կան քաղաքներ, որոնք ընդհանուր առմամբ լավ չեն գործում, բայց որոշ ցուցանիշներով դրանք առաջատար են: Սա ցույց է տալիս, որ եվրոպական մայրաքաղաների համեմատական վերլուծության գաղափարը օգտակար է լավագույն փորձի բացահայտման և տարածման տեսանկյունից։

Ստորև ներկայացված են Երևանի քաղաքապետարանի արդյունքները՝ 2018 թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարված հետազոտության և հավաքված տվյալների հիման վրա (տես Աղյուսակ 3)։

Աղյուսակ 3․ Երևանի քաղաքապետարանի արդյունքները

  1. Քաղաքապետարանների կայքում գնումների մրցույթների հայտարարությունների հասանելիության մասին հարցին ուսումնասիրությանը մասնակցած քաղաքներից բոլորը դրական պատասխան են տվել։ Այն դեպքերում, երբ հայտարարությունները անմիջականորեն տեղադրված չեն եղել կայքերում, դրանցում առկա է եղել հղում դեպի արտաքին կայք, որտեղ տեղեկությունը հասանելի է եղել:
  2. Քաղաքապետարանի պաշտոնական կայքում 2018 թ․ քաղաքային բյուջեի առկայությունը հաստատել են բոլոր քաղաքները` բացառությամբ Սարաևոյի։ Բայց բյուջեները տարբեր որակով են ներկայացվել։ Օրինակ՝ Երևանի բյուջեն զետեղվել է ոչ ընթեռնելի ձևաչափով, թեև կայքում առկա է եղել նաև հաստատված բյուջեի ընթեռնելի ամփոփագիրը՝ ինտերակտիվ բյուջեի տեսքով։
  3. Քաղաքների մեծ մասը հրապարակել է 2017 թ․ բյուջետային վերջնական հաշվետվությունը՝ բացառությամբ Բելգրադի և Քիշնևի: Չորս քաղաքներ այն թերի են ներկայացրել։ Օրինակ՝ Երևանը կրկին այն ներկայացրել է ոչ ընթեռնելի ձևաչափով։
  4. Քաղաքապետարանների մեծամասնությունը՝ 26-ից 22-ը, հրապարակում են ավագանու նիստերի արձանագրությունները: Բուխարեստը և Պրահան որոշ արձանագրություններ հրապարակում են, բայց դրանք լիարժեք չեն: Բրատիսլավան, Բելգրադը, Ռիգան և Սկոպյեն ընդհանրապես չեն հրապարակում կամ ոչ բավարար կերպով են հրապարակում: Նիստերի մանրամասն արձանագրությունների միջոցով քաղաքացիները ծանոթանում են հանդիպման բովանդակությանը, ինչպես նաև տարբեր հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքներին։
  5. Քաղաքապետարանների մեծ մասը՝ 26-ից 20-ը, իրենց պաշտոնական կայքում տեղադրել են 2018 թ․ կատարված պետական գնումների արդյունքները, որոնք ներառում են մրցույթի ամսաթիվը, ձեռք բերված ապրանքի կամ ծառայության տեսակը և գինը, հաղթողի անունը: Որոշ քաղաքներ առաջարկել են այլընտրանքային տարբերակ՝ կայքում տեղադրելով հղումներ դեպի արտաքին աղբյուրներ, որոնք պարունակում են անհրաժեշտ տեղեկություններ։ Որոշ կայքերում կան տվյալների զտման մեխանիզմներ՝ ըստ ամսաթվի, գումարի, հիմնաբառի կամ այլ չափանիշների։ Որոշ քաղաքներ գնումների արդյունքները հրապարակում են ոչ բավարար թափանցիկ տեսքով և առանց զտման մեխանիզմների:
  6. Քաղաքներից շատերի կայքերում ավագանու անդամների մասին կան տեղեկություններ, ինչպիսիք են հեռախոսի համարը, էլփոստի հասցեն, կուսակցական պատկանելիությունը և լուսանկարը: Այս առումով քաղաքները կարելի է բաժանել երեք խմբի՝ քաղաքներ, որոնք թափանցիկորեն հրապարակում են ավագանու անդամների կոնտակտային տվյալները, քաղաքներ, որոնք տվյալներ են տրամադրում միայն քաղաքական կուսակցությունների և խմբակցությունների մասով (Երևան, Լյուբլյանա, Աթենք) և քաղաքներ, որոնք պարզապես չեն տրամադրում տվյալներ (Սոֆիա, Բուխարեստ, Սկոպյե, Բելգրադ, Քիշնև):
  7. Քաղաքապետարաններին հարցում էր ուղարկվել՝ քաղաքապետին և ավագանու առանձին անդամներին 2017 թ․ կատարած վճարումների վերաբերյալ տվյալների տրամադրման խնդրանքով: Տվյալ դեպքում կրկին օգտագործվել է «առեղծվածային գնումների» մեթոդը: Հարցման նպատակը պարզելն էր, թե որքանով է իրացվում «հասարակ քաղաքացու» տեղեկացված լինելու իրավունքը, և արդյո՞ք քաղաքապետարանները պատրաստակամ են պատասխանելու վճարումների վերաբերյալ հարցերին։ Հարցը հետևյալ ձևակերպումն ուներ. «Տեղեկատվության ազատության մասին օրենքի հիման վրա խնդրում ենք ուղարկել հասարակական գործառույթների դիմաց 2017 թ. քաղաքապետի ստացած աշխատավարձի և ավագանու անդամների անհատական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ»: Տարբեր քաղաքներ պատասխանել են տարբեր ժամկետներում՝ հիմք ընդունելով նաև ազգային օրենսդրություններով սահմանված ժամկետները: Կիևը, Աթենքը, Բելգրադը, Լիսաբոնը, Բուխարեստը, Քիշնևը, Մոսկվան, Սարաևոն և Երևանը չեն պատասխանել հարցմանը։ Հարկ է նշել, որ Երևանի դեպքում ավագանու անդամը աշխատավարձ չի ստանում և Կանոնակարգի 36-րդ կետի համաձայն նա «․․․ իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց` իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով»: Ինչ վերաբերում է քաղաքապետին, ապա նրա և որոշ այլ պաշտոնյաների պաշտոնային դրույքաչափի մասին տվյալները առկա են պաշտոնական կայքում։ Այդուհանդերձ, հարցմանը պատասխան չի տրվել։
  8. Գնահատված քաղաքներից շատերը ընդունել և իրենց պաշտոնական կայքում հրապարակել են ավագանու անդամների վարքագծի կանոնները, սակայն դրանց ներկայացման ձևը տարբերվում է: Որոշ քաղաքներ վարքագծի կանոնները հրապարակում են պաշտոնական կայքում՝ ընթեռնելի, պարզ, հակիրճ և հեշտ որոնելի տարբերակով, իսկ մնացածի դեպքում որոնման ընթացքում առաջանում են տեխնիկական խնդիրներ։ Երևանի պաշտոնական կայքում վարքագծի կանոններ հրապարակված չեն, սակայն ավագանու Կանոնակարգում կան առանձին դրույթներ, որոնք առնչվում են ավագանու անդամների էթիկայի խնդիրներին։
  9. Ինը քաղաքների պաշտոնական կայքում հրապարակված են եղել կնքված պայմանագրերը՝ բավարար քանակի և ընդունելի ձևաչափով: Ութ քաղաքների կայքերում դրանք մասամբ են հասանելի եղել, օրինակ՝ ներկայացվել են պետական գնումների որոշակի արժեքից սկսած պայմանագրերը։ Տասը դրանք ընդհանրապես չեն հրապարակել կամ հրապարակել են չհամակարգված կամ ոչ լիարժեք կերպով: Երևանը, Լյուբլյանան, Վիլնյուսը, Սոֆիան և Լիսաբոնը, հրապարակելով պետական գնումների պայմանագրերը, որոշ առևտրային կամ դրամաշնորհային պայմանագրեր չեն հրապարակել:
  10. Ընդհանրապես, ուսումնասիրությանը մասնակցած քաղաքները կարելի է բաժանել երկու մոտավորապես հավասար խմբերի՝ ավագանիների քվեարկության ձայնագրությունները հրապարակողներ (թեկուզ որոշ չափով) և չհրապարակողներ: Ավագանիների անհատական քվեարկության ամբողջական հրապարակումը տարածված է հիմնականում Արևելյան Եվրոպայի պետություններում՝ Սլովակիայում, Սլովենիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, ինչպես նաև Հունաստանում և Չեխիայում։ Որոշ քաղաքներում, քաղաքական մշակույթով պայմանավորված, որոշումների կայացումը վերապահվում է քաղաքային խորհրդի կազմում ընդգրկված կուսակցություններին կամ խմբակցություններին, և քվեարկությունն իրականացվում է միաձայնության սկզբունքով։ Նման քաղաքական մշակույթը բնորոշ է հատկապես Արևմտյան Եվրոպայի երկրներին, ինչպես, օրինակ, Գերմանիային։ Պորտուգալիայի դեպքում գործում է այլ մոտեցում․ այստեղ ընդհանրականորեն հրապարակվում են առանձին կուսակցության կամ խմբակցության քվեարկության արդյունքները, և չի նշվում, թե անդամներից յուրաքանչյուրը ինչպես է քվեարկել։ Այս դեպքում նույնպես քվեարկությունը կատարվում է միաձայն։ Քիշնևի, Ամստերդամի կամ Սոֆիայի դեպքում քվեարկության արդյունքները հասանելի են միայն տեսաձայնային տարբերակով և ոչ գրավոր պաշտոնական արձանագրությունների տեսքով։ Ռիգայում հնարավոր է պահանջել քվեարկության ձայնագրությունը։ Երևանը չի բացահայտում, թե ավագանու որ անդամը ինչպես է քվեարկում։
  11. Մասնակից երկրների տեղեկատվության ազատության մասին օրենքների հիման վրա հարցումներ են ուղարկվել քաղաքապետարաններ՝ հեռահաղորդակցության և ինտերնետ ծառայությունների մատակարարների հետ դրանց կնքած պայմանագրերի տրամադրման խնդրանքով։ Կիրառվել է «առեղծվածային գնորդի» մեթոդը․ հարցումները ուղարկվել են մայրենի լեզուներով անձնական էլփոստերից: Հարցման բովանդակությունն իրականում երկրորդական էր․ պատասխան էր պահանջվում նույնիսկ այն դեպքերում, երբ տեղեկությունը մատչելի և որոնելի էր համապատասխան քաղաքների պաշտոնական կայքում: Նպատակը պարզելն էր՝ արդյո՞ք շարքային քաղաքացիների իրազեկված լինելու իրավունքը իրացվում է, թե ոչ: Քաղաքապետարաններից տասն են պատրաստակամորեն տրամադրել պահանջվող տեղեկատվությունը։ Երևանի քաղաքապետարանը չի պատասխանել հարցմանը՝ հակառակ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներին։
  12. Գնահատված բոլոր քաղաքներում ընդօրինակելի գծեր կան քաղաքապետերի աշխատանքի թափանցիկության առումով, սակայն աշխատանքային գրաֆիկի հրապարակումը դեռևս սովորական պրակտիկա չէ դրանցից շատերում: Ամստերդամը հրապարակում է միայն ավագանու անդամների օրացույցերը, իսկ Երևանի քաղաքապետի արդեն իսկ կայացած հանդիպումների մասին տեղեկատվությունը ստացվում է պաշտոնական կայքի լրահոսի միջոցով։ Մասնակից քաղաքների գրեթե երկու երրորդը ընդհանրապես չի հրապարակում քաղաքապետերի աշխատանքային օրացույցերը:
  13. Մայրաքաղաքներից միայն 5-ի՝ Բուխարեստի, Կիևի, Մադրիդի, Պրիշտինայի և Հռոմի բնակիչներն են ստանում բավարար որակի տեղեկատվություն քաղաքապետի և ավագանու անդամների գույքի և եկամուտների վերաբերյալ: Տալինի, Պրահայի, Բելգրադի, Քիշնևի, Ռիգայի, Սկոպյեի քաղաքապետարանների որոշ անդամներ հրապարակում են իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, սակայն արտաքին կայքերում։ Երևանը, Ստոկհոլմը, Բեռլինը, Բեռնը, Լիսաբոնը չեն հրապարակում քաղաքապետի և ավագանու անդամների հայտարարագրերը քաղաքապետրանի կայքում։
  14. Բացառությամբ Մադրիդի՝ գնահատված քաղաքներից ոչ մեկը լոբիստական մատյան չի հրապարակում: Երկրներից շատերում օրենսդրությամբ լոբինգի հստակ սահմանում չկա։ ՀՀ-ն այդ երկրների շարքում է։

Ուսումնասիրության ամբողջական տարբերակին՝ անգլերեն, հնարավոր է ծանոթանալ https://transparency.am/files/publications/1571065989-0-478840.pdf հասցեով:

Ուսումնասիրությունը Հայաստանում հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով և ԹԻ-Սլովակիայի նախաձեռնությամբ: Ուսումնասիրության բովանդակության համար պատասխանատու են Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Սլովակիայի գրասենյակը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Տես միջոցառման լուսաբանումը
A1plus
Factor.am
ArmInfo
Հայաստանի հանրային ռադիո