Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը 2012-ից իրականացնում է «Ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի վերահսկել ինչպես գործընթացի համապատասխանությունն օրենքի պահանջներին, այնպես էլ քվեարկության արդյունքները բոլոր տեղամասերում, վերլուծել քվեարկության ժամանակ տեղ գտած հնարավոր ընտրախախտումների ու ընտրակեղծիքների դեպքերը, գնահատել խախտումների ու կեղծիքների ազդեցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա և լայնորեն տարածել վերլուծության արդյունքները:
Մոնիտորինգի հիմնական բացահայտումները կարելի է խմբավորել ըստ՝ ընտրողների ցուցակների, քվեարկության տևողության (արագության) և քվեարկության արդյունքների: Այն հնարավորություն է տալիս վեր հանել ընտրական գործընթացներում տեղ գտած խախտումները և ապօրինությունները:
2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգի արդյունքները նախորդ ընտրությունների և 2015թ. սահմանադրական հանրաքվեի համեմատությամբ ցույց են տալիս, որ վերջին ընտրությունները շատ ավելի մաքուր են եղել․

1. Էապես նվազել է այն ընտրատեղամասերի թիվը, որոնցում քվեարկության ժամանակ ցանկացած երեքժամյա ժամանակահատվածում եղել է կասկածելիորեն արագ քվեարկություն:

2. Ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը, որը հայտարարվել էր քվեարկության ավարտից մեկ ժամ անց, 174 ընտրատեղամասերում էր տարբերվում հաջորդ օրը ԿԸՀ կայքում ըստ ընտրատեղամասերի տեղադրված թվերից: Մինչդեռ, 2017 թ. ընտրությունների ժամանակ մոնիտորինգի արդյունքում վեր էր հանվել 438 այդպիսի ընտրատեղամաս:

3. Լիովին բացակայում էր դրական հարաբերակցությունը մասնակցության թվի և հաղթած քաղաքական ուժի օգտին տրված քվեների միջև:

4. Էապես նվազել էին և’ բոլոր տեսակի անճշտությունների չափերը, և’ այն ընտրատեղամասերի թիվը, որոնցում գրանցվել էին անճշտությունները:

Միևնույն ժամանակ, այս ընտրություններում ևս գրանցվել են խնդիրներ, որոնք առկա էին էլեկտրոնային մոնիտորինգի ենթարկված բոլոր նախորդ ընտրությունների, ինչպես նաև 2015 թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Այդ խնդիրները հիմնականում կապված էին ընտրացուցակների հետ, որոնց որակի բարելավում այդպես էլ չի գրանցվել: Իհարկե, արդար և մաքուր ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքը, որն առկա էր այս ընտրությունների ժամանակ, նվազագույնի է հասցրել այդպիսի ընտրացուցակների հետ կապված հնարավոր չարաշահումները: Սակայն հետագայում, եթե ընտրացուցակների հետ կապված խնդիրները չլուծվեն, քաղաքական ոչ բավարար կամքի առկայության դեպքում, չարաշահումները, ինչին մենք ականատես էինք նախորդ վարչակարգի օրոք անցկացված ընտրությունների դեպքում, նորից կարող են կրկնվել: Ուստի առաջարկվում է

  • Արդյունավետ մեխանիզմների մշակում ՀՀ Ընտրողների ռեգիստրում միայն ՀՀ տարածքում առկա ընտրողներին ընդգրկելու համար
  • ՀՀ տարածքում գտնվող և երկրից բացակայող ընտրողների տարանջատում առանձին ցուցակների միջոցով
  • Ընտրողների ցուցակների մաքրում մտացածին անուններից, հասցեներ չունեցող շենքերի և տների հասցեավորում, ընտրողների ցուցակնեում սխալ հասցեների վերհանում և ուղղում
  • Քվեների հաշվարկի գործընթացում ներառականության ապահովում
  • Անճշտությունների պատշաճ հետաքննության հնարավորություն Ընտրական օրենսգրքում

Զեկույցի մանրամասներին կարող եք ծոնոթանալ այստեղ՝ https://transparency.am/hy/publications/view/254:

Մոնիտորինգային ծրագիրը ֆինանսավորվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից: