Գլխավոր էջ Մամլո հաղորդագրություններ Ուկրաինայում կայացած ընտրությունները ENEMO-ն համարում է թափանցիկ և արդյունավետ
Մամլո հաղորդագրություններ
2019 Ապր
8

Ուկրաինայում կայացած ընտրությունները ENEMO-ն համարում է թափանցիկ և արդյունավետ

2019թ. Ուկրաինայի նախագահական  ընտրությունների առաջին փուլն ընթացել է թափանցիկ և արդյունավետ` ընդհանուր առմամբ Ուկրաինայի օրենդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին ասված է «Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանց»-ի (ENEMO) միջազգային ընտրական դիտորդական առաքելության` Ուկրաինայի 2019թ. մարտի 31-ին   կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունում: Այն հիմնված է նախընտրական փուլում և ընտրությունների օրը ENEMO-ի առաքելության դիտորդության վրա:

Չնայած ընտրությունների թափանցիկության վերաբերյալ նախնական արդյունքներին և եզրակացություններին, հայտարարությունում նշվում է նաև, որ քվեարկության օրը տեղի են ունեցել մանր խախտումներ, որոնք առանձնապես չեն ազդել ընտրությունների ելքի վրա, չնայած թեկնածուների միջև ընթացող արդար մրցակցությունը սահմանափակվել է քարոզչության կանոնների խախտման պատճառով: 

ENEMO-ն շեշտում է, որ ընտրական բարեփոխումները դեռևս ընթացքի մեջ են և որ ընտրությունների շահագրգիռ կողմերը և իշխանությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն արդար քարոզարշավին, նախընտրական քարոզչությանը և լրատվամիջոցների կարգավորումներին: 

2019թ. Ուկրաինայի նախագահի ընտրություններում բացի Կիևում տեղակայված թիմի 10 հիմնական անդամներից, ENEMO-ն հավատարմագրել է 48 երկարաժամկետ և 158 կարճաժամկետ դիտորդներ, որ ընդգրկվել են երկու թիմում Ուկրաինայի ողջ տարածքում:

Հիշեցնենք, որ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ որպես «Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանց»-ի (ENEMO) անդամ, մարտի 31-ին  Ուկրաինայում դիտարկել է նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքը: Դիտորդական խումբը բաղկացած է ԹԻՀԿ թիմի անդամներից, ինչպես նաև «Ականատես» դիտորդական առաքելության իրավաբաններից և նախորդ ընտրություններին մասնակցած երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներից։

Սկզբնաղբյուրը՝ http://bit.ly/2UzICXn