Գլխավոր էջ Մամլո հաղորդագրություններ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի անօրինությունների վերաբերյալ
Մամլո հաղորդագրություններ
2014 Ապր
23

«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի անօրինությունների վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող անօրինությունների վերաբերյալ քրեական գործ հարուցելու և նախաքննությունը ՀՔԾ-ին հանձնարարելու խնդրանքով հանցագործության մասին հաղորդում է հղվել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Հաղորդմանը միացել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ, Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների դիտորդական խմբի անդամներ: 

Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ ս. թ. ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ: Մամուլը և սոցիալական կայքերը արագ արձագանքել են դրան, այցեր կատարել հաստատություն ու հարցազրույցներ վերցրել աշխատակիցներից ու երեխաներից:

Այդ հրապարակումների համաձայն՝ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանը բռնության ամենակոպիտ ձևեր է կիրառում` անպատվելով, ծեծելով երեխաներին ու անընդհատ հիշեցնելով նրանց ծնողների անբարոյական վարքի մասին: Երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսվում նրանց կերակրելու համար, ներկայացվում է զգալի գումարների ծախսեր պարունակող հաշվետվություններ էքսկուրսիաների մասին, որոնց երեխաները չեն մասնակցել: Դպրոցին պատկանող «Լադա» մակնիշի մեքենան, որ վարում է տնօրենի որդին՝ Վահե Քոչարյանը, երբևէ չի ծառայել դպրոցի կարիքներին:

Հաստատությունում չկան խիստ անհրաժեշտ աշխատողներ՝ չնայած նախատեսված հաստիքներին: Ավելին, փոխարենը տնօրենը շահագործում է աշխատակիցներին՝ աշխատանքային ժամերին ստիպելով կատարել իր և հարսի տնային  գործերը: Տնօրենը վերջին երեք տարվա ընթացքում 30 գոյություն չունեցող աշխատող է գրանցել և գրպանել այդ  հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը: Մի քանիսի բանկային քարտերը պահելով իր մոտ՝ աշխատավարձ ստանալու օրը կանխիկացրել է ամբողջ գումարը և հավելավճարը գրպանել: Տնօրենի համախոհ–հանցակիցն է հաստատության տնտեսագետ Արթուր Ղալայանը, ով միաժամանակ զբաղեցնելով մի քանի հաստիք այլ անձանց անվամբ՝ բոլոր հնարավոր ձևերով փորձում է օգուտ ստանալ ամեն ինչից:

Տնօրենի դեմ մի քանի բողոք է ուղարկվել նախարարություն, որի աշխատակիցները նամակի հետքերով գնացել են հաստատություն և աչք փակելով իրականության վրա՝ հեռացել: Նախարարությունում նամակ-բողոքները ստանալու հաջորդ օրը տնօրենը իմացել է դրանց բովանդակության մասին: Նամակ գրողը դաժան հոգեբանական ճնշումների է ենթարկվել: Տնօրենը ամենուր հայտարարում է, որ «ունի նախարարի դաբրոն, հանրապետականը իր թիկունքին է, դատախազությունն էլ առել է»:

Հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նամակի հերքումն է տարածել, որը կարելի է գտնել հետևյալ հղմամբ՝ http://www.diplomat.am/news/2014-04-04-1037: Ճնշման է ենթարկվել «Հետքի» լրագրողուհին: Դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մնացականյանը տնօրենի հետ վերջին օրերին ունեցած վիճաբանությունից հետո նույն գիշերը սրտի սուր նոպա է ունեցել և այդ օրվանից չի կարողացել դպրոց մտնել: Հանդիպումներ են եղել հաստատության աշխատակիցների և երեխաների հետ, ովքեր հաստատել են նշված փաստերը: Մի քանի աշխատակիցների, ովքեր ևս հաստատել են վերը նշվածը, հարցման է ենթարկել նաև դիմողների ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Փոխնախարար Բերիկյանը երկու օր հետո այցելել է հաստատություն, ժողով անցկացրել աշխատակիցների հետ՝ ճնշում գործադրել, որ խոստովանեն, թե ով է ուղարկել նամակը: Նա հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ երկու անգամ նույնաբովանդակ բողոքներ են եղել, սակայն իրավախախտում չի հայտնաբերել: Հավանաբար հենց Բերիկյանի հրահանգով է, որ տնօրենը հարկադրել է ուսուցիչներին ստորագրություն դնել մի փաստաթղթի տակ, որը հաստատել է, որ նրանք չեն ուղարկել նամակը: Դեպքից հետո երեխաներին ամեն կերպ կաշառում են, և վերջիններս հնարավոր բոլոր ձևերով հրաժարվում են ձայնագրություններում իրենց ասածներից: 

Հարց է առաջանում՝ ինչու են երեխաները հրաժարվում իրենց ասածներից, և ինչու են նրանք այժմ այդպես պաշտպանում տնօրենին, և դա հենց այն ժամանակ, երբ նրանց հետ խոսել է Բերիկյանը: Դիմելով ՀՀ գլխավոր դատախազին՝ հաղորդում ներկայացնողները վստահ են, որ նա կարող է պաշտպանել երեխաներին և թույլ չտալ, որ գործիք դառնան մի խումբ «վայ պաշտոնյաների» ձեռքում: Բացի այդ՝ չնայած մամուլի հրապարակման հետ կապված նյութեր է նախապատրաստվել, որևէ քննություն չի իրականացվել, ու հետաքննիչն անգամ չի հարցաքննել հաստատության աշխատակիցներին: