Գլխավոր էջ Մամլո հաղորդագրություններ Նոր զարգացում Աֆրիկյանների գործով
Մամլո հաղորդագրություններ
2015 Փետ
16

Նոր զարգացում Աֆրիկյանների գործով

Ս.թ. փետրվարի 16-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) բողոքը, որով վիճարկվում էր Աֆրիկյանների տան քանդման փաստով իրավապահ մարմինների կայացրած որոշումների իրավաչափությունը:

Հիշեցնենք, որ 2014 թ. հունիսի 16-ին ԹԻՀԿ-ը «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքի քանդման փաստով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, պատճենը ՀՀ ոստիկանության պետին: Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը (այժմ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին) կայացրել էր որոշում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ Երևան քաղաքի դատախազությունը մերժել էր այդ որոշման դեմ ԹԻՀԿ բերած բողոքը՝ հաստատելով քննիչի որոշման օրինականությունը:

ԹԻՀԿ-ը 2014 թ. հունիսի 16-ին բողոք է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի և Երևան քաղաքի դատախազության որոշումները, սակայն դատարանը 2015 թ. փետրվարի 16-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: