Ս. թ. հուլիսի 20-ին ԱրթԲրիջ սրճարանում տեղի է ունեցել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընդհանուր ժողովը, որին ֆիզիկապես և էլեկտրոնային կարգով ներկա էին կազմակերպության անդամների պարզ մեծամասնությունը: Հրավիրվածների թվում էին նաև կազմակերպության նորընտիր անդամները: Ընդհանուր Ժողովը միաձայն հաստատել է գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունը: Բուռն քննարկումների արդյունքում հաստատվել է կազմակերպության իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի կողմից ներկայացված նոր խմբագրությամբ Կանոնադրության նախնական տարբերակը: Բաց քվերակությամբ ընտրվել է խորհրդի նոր կազմը:

ԹԻՀԿ խորհուրդի կազմում են Լանա Կառլովան, Վազգեն Կարապետյանը, Սուրեն Սաղաթելյանը, ինչպես նաև խորհրդի նորընտիր անդամներ Արևիկ Սարիբեկյանը և Արթուր Սաքունցը: Խորհրդի առաջարկով ընդհանուր ժողովը որոշվել է անցկացնել տարեկան մեկ անգամ նախկինում երկու տարին մեկ անգամի փոխարեն: Սահմանվել է սիմվոլիկ անդամավճար` տարեկան 1000 ՀՀ դրամի չափով: Հավաքված գումարը խորհրդի առաջարկով կծախսվի Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի պատրաստման համար: Ընդհանուր ժողովն այսուհետ կանցկացվի փետրվար կամ մարտ ամիսներին` նախկինում տեղի ունեցած հուլիս ամսվա փոխարեն: