Գլխավոր էջ Ֆոտո պատմություններ «Ականատես» դիտորդական առաքելության մամլո հաղորդագրությունը․ տվյալներն ըստ ժամը 8-ի
Ֆոտո պատմություններ
2021 Հուն
20

«Ականատես» դիտորդական առաքելության մամլո հաղորդագրությունը․ տվյալներն ըստ ժամը 8-ի

«Ականատեսն» իրականացնում է 2021 թ․ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտորդություն Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և տարածքներում։

Առաքելության շրջանակներում ներգրավվել են 583 դիտորդ, որոնք դիտարկում են քվեարկության նախապատրաստումը և տեղամասերի բացումը, քվեարկության գործընթացը և արդյունքների ամփոփումը ազգային մակարդակում պատահական ներկայացուցչական ընտրանքի միջոցով 300 տեղամասերում։ Առաքելության շրջանակում ներգրավված է նաև 22 շրջիկ դիտորդների խումբ, ինչպես նաև իրականացվում է տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքների դիտարկում։  

Քվեարկության նախապատրաստումը և տեղամասերի բացումը

Ընդհանուր պատկեր

Դիտորդների դիտարկումների համաձայն, քվեարկության նախապատրաստման և տեղամասերի բացման գործընթացը հիմնականում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց կոպիտ խախտումների։

Ժամը 7:00-ին, «Ականատեսը»  դիտորդներից զեկույցներ է ստացել դիտարկված տեղամասերի 96,3%-ից։

Ընտրական տեղամասեր «Ականատեսի» դիտորդների մուտք գործելու հետ կապված գրանցվել է ժամանակավոր խոչընդոտման  1 դեպք։

Կողմնակի անձանց ներկայություն է դիտարկվել տեղամասերի 2%-ում։ Չհրկիզվող պահարանների մասով պահանջները պահպանվել են տեղամասերի 99%-ում։ Տեղամասերի 99%-ում տվյալները պատշաճ կերպով ներմուծվել են, և տպվել է գրանցված ընտրողների թիվը հավաստող տեղեկանքը։

Դիտարկված ընտրատեղամասերի 99.6%-ի կահավորումն ապահովվել է քվեարկության գաղտնիությունը։ Թվով 4 տեղամասում եղել են խնդիրներ, որոնք կարգավորվել են։  

Դիտարկված տեղամասերի միայն 27%-ն էր դժվարամատչելի սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների համար։

Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է ժամանակին. 8%-ը բացվել է մինչև ժամը 8։00-ը, 9-%-ը՝ 8:01-8:10-ը ժամանակահատվածում, իսկ 1%-ը` 8:11-ից հետո։

Առանձին խախտումների նկարագրություն

Առանձնանում են քվեարկության նախապատրաստման փուլին առնչվող հետևյալ խախտումները․

Դիտորդի մուտքի խոչընդոտում

Գեղարքունիքում Ճամբարակ համայնքի 20/29 տեղամասում հանձնաժողովի նախագահի կողմից «Ականատեսի» դիտորդի մուտքը տեղամաս խոչընդոտվել է՝ պատճառաբանելով, որ դիտորդները պետք է մուտք գործեն ժամը 8։00-ին՝ ընտրողների հետ միասին։ Այդ մասին տեղյակ է պահվել թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովը, որի միջամտության արդյունքում դիտորդը միայն 07։30-ին կարողացել է մուտք գործել ընտրատեղամաս ։

Կողմնակի անձանց ներկայություն

Երևանում Շենգավիթի 8/47 տեղամասում դպրոցի պահակը ներկա է գտնվել տեղամասային կենտրոնում և քվեարկության սենյակում։ Հանձնաժողովի նախագահին առաջարկվել է լուծել խնդիրը, սակայն վերջինս պարզաբանել է, որ դպրոցի պահակը հետևում է, որպեսզի կողմնակի անձինք մուտք չգործեն տարածք։ Պահակը ներկա է գտնվել քվեարկության սենյակում մինչ ժամը 08։25։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը մերժել է գրանցամատյանում արձանագրել խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականը։

Չհրկիզվող պահարանի հետ կապված խնդիրներ

Երևանում Կենտրոնի 9/24 տեղամասում 6։45 րոպեին չհրկիզվող պահարանը բացված էր։ Ըստ հանձնաժողովի նախագահ՝ հանձնաժողովի անդամները շուտ էին ժամանել, այդ պատճառով պահարանը շուտ է բացվել։

Արձանագրվել են դեպքեր, երբ քվեաթերթիկները դրված են եղել չհրկիզվող պահարանից դուրս՝ պահարանում չտեղավորվելու պատճառաբանությամբ։

Քվեատուփի հետ կապված խնդիրներ

Մի շարք տեղամասերում դիտորդներն արձանագրել են, որ քվեատուփերի հատակին եղել են շրջանաձև անցքեր։

------

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է 2018 թ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ների, «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի կողմից: Առաքելության նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը, դրանց նկատմամբ հանրային վերահսկողության հաստատմանը, ինչպես նաև բարձրացնել ընտրական գործընթացների հանդեպ հանրային վստահության մակարդակը։