Ս.թ. ապրիլի 30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ անցկացրել է շնորհանդես՝ ներկայացնելու «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցը, որում ուսումնասիրվել են Հայաստանի 13 հաստատությունների և ինստիտուտների հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները և երաշխիքները: Միջոցառման բանախոսներն էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ արդարարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության փոխնախագահ Ելենա Պանֆիլովան, զեկույցի հեղինակ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և հիմնական հեղինակ, ծրագրի առաջատար հետազոտող Խաչիկ Հարությունյանը:

Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է օրինավորության ազգային համակարգի (ՕԱՀ) մեթոդաբանությունը, ՕԱՀ հիմնադրույթը, հենասյուների (Նախագահ, օրենսդիր իշխանություն, գործադիր իշխանություն, դատական համակարգ, քաղաքացիական ծառայություն, իրավապահ մարմիններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Մարդու իրավունքների պաշտպան, Վերահսկիչ պալատ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակություն, կուսակցություններ և բիզնես) արդյունքները և թույլ կողմերը:

Քննարկման ընթացքում բարձրացված հենասյուների` հայտնաբերված թույլ կողմերի պատճառների վերհանման և առաջարկությունների կիրարկման ուղիների վերաբերյալ հարցերին պատասխանել են թվարկված բանախոսները և պետական գնումներին վերաբերվող մասերի հեղինակ, ԹԻՀԿ գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանը:

«Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցը ներկայացնում է հայտնաբերված եզրակացությունները և արդյունքները «Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանի օրինավորության ազգային համակարգի գնահատումներ» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը համակարգվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի քարտուղարության կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից 756,129.93 եվրո (382,065,868 ՀՀ դրամ) գումարի չափով: Հայաստանում այն իրականացվում է ԹԻՀԿ-ի և ղեկավարվում նրա գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի կողմից՝ Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի համաֆինանսավորմամբ: Տարածաշրջանային ծրագիրն իրականացվում է՝ սկսած 2013թ. մարտից, և ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել լավ կառավարումը Արևելյան հարևանության տարածաշրջանում՝ նվազեցնելով կոռուպցիան և ապահովելով համապատասխան հակակառուպցիոն երաշխիքներ:

Ուսումնասիրության հիմնական հետևություններն են.

  1. Ի հեճուկս բավարար չափով լավ ձևակերպված հակակոռուպցիոն օրենսդրության, այնուամենայնիվ, առկա է լուրջ թերացում դրանց արդյունավետ իրականացման հարցում:
  2. Դատական համակարգն ընկալվում է կոռումպացված և ոչ ազատ իշխանությունների ազդեցությունից:
  3. Կոռուպցիոն հանցագործությունների հետապնդումը մնում է շատ ցածր մակարդակի վրա:
  4. Պրակտիկայում սյուների մեծամասնության դեպքում, մի քանի բացառություններով, առկա է հաշվետվողականության, անկախության և օրինավորության պակաս: Միևնույն ժամանակ, պրակտիկայում թափանցիկության մակարդակը սյուների մեծամասնության առումով հարաբերականորեն բարձր է:
  5. Քաղաքացիական հասարակությունը և ԶԼՄ-ները մնում են ամենից թույլ հակակոռուպցիոն վերահսկիչ դերակատարում ունեցող ոչ պետական կառույցները: Նրանք կարիք ունեն հիմնարար բարեփոխումների, որպեսզի դառնան Հայաստանի ՕԱՀ արդյունավետ սյուներ:

Հիմնվելով այս և հայտնաբերված այլ երևույթների վրա՝ կատարվել են մի շարք առաջարկություններ՝ միտված ուժեղացնելու Հայաստանի ՕԱՀ-ը, ներառյալ՝

1. Իրականություն դարձնել բիզնեսի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջև տարանջատումը:
2. Ուժեղացնել կոռուպցիոն հանցագործությունների հետապնդումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների շատ փոքր քանակ է հետապնդվել:
3. Դարձնել Վերահսկիչ պալատը ավելի անկախ՝ դիտարկելով նրա անդամներին սահմանադրական անձեռնմխելիություն տրամադրելու հարցը:

Հետազոտության արդյունքները ներկայացված են «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» հրապարակման մեջ (հասանելի է հայերենով և անգլերենով):

Տես նաև «Օրինավորության ազգային համակարգ» տեսանյութը ԹԻՀԿ կայք էջում: