«ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ-ի ներկայացուցիչները և քաղաքացիական այլ ակտիվիստներ դեկտեմբերի 19-ին հանրապետության երկրորդ քաղաքում մասնակցել են Խոսքի ազատության և ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբի հրավիրած բազմամարդ հանրահավաքին: Թատերական հրապարակում հավաքված ցուցարարները պահանջել են, որ Հայաստանի նախկին նախագահի ելույթը ամբողջությամբ հեռարձակելուց հետո հարկային ծառայության ու քաղաքապետարանի կողմից ճնշման ենթարկված և եթերազրկման սպառնալիքի պայմաններում գործող հեռուստաընկերության համար ապահովվեն բնականոն ռիթմով աշխատելու պայմաններ:

Լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ, իրավապաշտպան ՀԿ-ներ և քաղաքացիական շարժումներ հանրային աջակցություն են հայտնել ցույցի մասնակիցներին: «ՏԶԿ/ԹԻ-Հայաստան» ՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանի կարծիքով սա ոչ միայն խոսքի ազատություն է, սա մարդու, քաղաքացու շատ տարրական իրավունք է` այլընտրանքային տեղեկատվության աղբյուր ունենալ ու պայքարել նրա դեմ, որ մի խումբ մարդիկ, իշխանավորներ չթելադրեն ինչ հեռուստակայան նայել, ինչ, ում ընտրել և ինչպես ապրել: