Քննարկում կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհրդի ձևավորման մասին
Ս.թ. մարտի 3-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Մեդիա կենտրոնում» բանախոսել է կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհրդի ձևավորման շուրջ: Քննարկման ընթացքում նա անդրադարձել է հակակոռուպցիոն քաղաքականությանը, ՀՀ հակակոռուպցիոն նախորդ երկու՝ 2003-2007 թթ. և 2009-2012 թթ. ռազմավարությունների իրականացման արդյունավետությանը, ս.թ. փետրվարի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններին, դրանց տարբերությանը նախորդներից, կոռուպցիայի դեմ պայքարի ուղիներին: Քննարկման մյուս բանախոսներն էին ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը և Երեւանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանը:
Վարուժան Հոկտանյանի կարծիքով կոռուպցիան հայկական իրականության մեջ կրում է համակարգային բնույթ: Համակարգը չի կարող աշխատել առանց կոռուպցիայի: Հիմնականում ինստիտուտները այնքան զարգացած չեն և նրանց միջև փոխհարաբերությունները այնպիսին չեն, որ հնարավոր լինի առանց կոռուպցիայի գոյատևել: Այսինքն համակարգի դեմոնտաժը կարող է իսկապես լրջորեն նվազեցնել կոռուպցիան: Տնտեսական օլիգարխիկ մոնոպոլիստական այս մոդելը այլևս չի աշխատում: «Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սինգապուրը, Հարավային Կորեան, Հոնկոնգը, կոռուպցիայի դեմ պայքարն ինքնանպատակ չի եղել: Նրանք դրա դեմ պայքարել են որպես երկրի տնտեսական զարգացման խոչընդոտ, այդ պատճառով էլ հասել են զգալի արդյունքների», - նշել է Հոկտանյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում չլինի հստակ տեսլական, ապա իզուր կլինեն պայքարի արդյունավետության մասին խոսակցությունները:
Ըստ Հոկտանյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարում քանակական և որակական ցուցանիշներով կա լճացում, որևէ փոփոխություն և առաջընթաց չի գրանցվել 2003-ից ի վեր՝ միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններով: Ինչ վերաբերում է կառույցներին, 2004 թ. ստեղծված խորհրդում միայն պետական մարմինների ներկայացուցիչներ էին: 2015 թ. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն իր բնույթով մնալու է խորհրդատվական մարմին, ինչպես նախկինը, ուղղակի ընդլայնվելու է կազմը՝ ընդգրկելով նաև ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր խմբակցությունների, քաղաքացիական հասարակության, Հանրային խորհրդի, Հայաստանի համայնքների միության ներկայացուցիչներ: Խորհուրդն ունենալու է ավելի ինստիտուցիոնալ, ուժեղ հիմք՝ լրիվ դրույքով աշխատող մարմիններ՝ փորձագիտական հանձնաժողով և մոնիտորինգային բաժին: Նախկինում եղել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողով, որը ընդհանուր հիմունքներով էր աշխատում:
Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ հայաստանյան իրականության պայմաններում, եթե անգամ Խորհուրդը լինի անկախ մարմին, դիսկուսիա չծավալվելու պարագայում այն դժվար աշխատի:
Խորհրդում ընդամենը երկու տեղ է հատկացված ՀԿ-ներին: Գաղափարն այսպիսին է, որ խորհրդատվական մարմնում ընթանա ուժեղ դիսկուսիա պետական և ոչ պետական մարմինների, քաղաքական ուժերի միջև, և ընդունվեն որոշումներ, որոնք կառավարությունը կյանքի կկոչի: Եթե իսկապես դիսկուսիա չի լինելու, դժվար թե խորհուրդը աշխատի, կլինի այն ինչ կար մինչև հիմա: ԹԻՀԿ-ը առայժմ ձեռնպահ կմնա, տեսնելով, թե ինչպես կընթանա խորհրդի աշխատանք՝ հաշվի առնելով նախորդ փորձը:
Ամփոփելով քննարկումը բանախոսները կարծիք հայտնեցին, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում ռեալ դրական տեղաշարժ կգրանցվի, եթե լինի խնդրի նկատմամբ համակարգային մոտեցում և համապատասխան քաղաքական կամք:
Մանրամասնարի համար տես Մեդիա կենտրոնի կայքէջը:

