ՍիվիլՆեթ. կոռուպցիան պետականության դուռը թակելիս
Ս.թ. փետրվարի 19-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ստեղծելու կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններ: Ֆորմալ առումով, կառավարությունը որոշել է վերցնել հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման պատասխանատվությունը: Ինստիտուցիոնալ համակարգը ներառում է 3 բաղադրիչ՝ խորհուրդ, որը խորհրդատվական մարմին է լինելու, որին որպես քարտուղարություն ծառայելու է ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժինը և որը ունենալու է փորձագիտական հանձնախումբ, որ պետք է վերլուծություններ իրականացնի։ Որքանո՞վ արդյունավետ կլինի այդ կառույցների աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում․ այդ մասին է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը զրուցել է ՍիվիլՆեթի հետ: Այդ համատեքստում պետք է երկու խնդիր դիտարկել՝ քաղաքական կամք և ռեսուրսներ: Կոռուպցիան կարելի է նվազեցնել իշխանափոխությամբ կամ վերնախավի գիտակցմամբ, որ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել իրավիճակը փոխելու համար:
2004 թ. ստեղծված խորհուրդը արդյունավետ չի աշխատել: Հավանականությունը բարձր է, որ նույնը կշարունակվի, մանավանդ որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում ընդգրկված են քաղաքական դեմքեր, որոնք հանրության մեջ ունեն կոռումպացված պաշտոնյաների համբավ։ Կա անմրցունակության խնդիր, չի կարելի աշխատել նախկին ձևով: Մենք գնում ենք դեպի պետականության կորուստ:
Դադարեցնելով կառավարման արդյունավետության բարձրացման համար միջազգային կազմակերպությունների ֆինանսական հոսքերի մուտքը Հայաստան և անդամագրվելով ԵՏՄ-ին, ստիպված ենք գնալ կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհով: Պարադոքսալ կարող է թվալ, բայց Հայաստանի ազատության աստիճանն այս պայմաններում կարող է բարձրանալ: Երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը, որի հիմնադրույթի մշակմանը մասնակցել է ԹԻՀԿ-ը, կարող է տանել վարչական, ցածր մակարդակի կոռուպցիայի վերացման: Եթե որոշակի դեմոնոպոլիզացիա տեղի ունենա և սահմանափակվենք համակարգի զուտ տնտեսական արդյունավետության բարձրացման համար կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ, միգուցի որոշակի արդյունքներ լինեն:

